ՀԲԸՄ-Ի ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Հ. Ծ. Մինչ Սիրիայում շարունակվում են մարտերը, հազարավոր հայ ընտանիքներ դեռեւս օգնության կարիք են զգում: Շնորհիվ աշխարհասփյուռ բարերարների առատաձեռն նվիրատվությունների, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հավատարիմ իր սկզբունքներին, ամեն ջանք գործադրում է անմիջական օժանդակությունները տեղում ընդլայնելու: Երկու տարի առաջ սկսած հակամարտությունից ի վեր մոտավորապես չորս միլիոն մարդ երկրի ներսում ստիպված է եղել տեղաշարժվել: Շատերն են ականատես եղել իրենց բնակարանների, հավատի կենտրոնների քարուքանդ լինելուն: Տեղահանություններից անմասն չեն մնացել սիրիահայերը, որոնց ներկայությունն այդ երկրում սկսվում է 11-րդ դարից: Քաղաքներ, որոնք ապաստան էին դարձել Եղեռնից մազապուրծ հայերի համար, այսօր մարտադաշտերի են վերածվել: Այդ թոհուբոհի մեջ ՀԲԸՄ-ն իր շրջանային կոմիտեի միջոցով փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժածներին: Ավելի քան 100 կամավորներ իրենց կյանքի գնով խնամքով շրջապատում են մեծահասակներին, երեխաներին եւ վիրավորներին: Աթենքում, Բոստոնում, Նյու Յորքում, Հյուսիսային Կալիֆոռնիայոմ, Տորոնտոյում եւ Մոնրեալում կազմակերպված միջոցառումները նպատակ են հետապնդում դրամական միջոցներ հավաքել այդ նպատակի համար: ՀԲԸՄ-ի Տորոնտոյի, Ֆրանսիայի եւ Սան Պաուլոյի մասնաճյուղերը համապատասխանաբար 40, 25 եւ 9 հազար դոլար են հանգանակել վերջերս, որոնց հետեւել է Մոնրեալի մասնաճյուղըՙ 10 հազար դոլարի իր մասնակցությունը բերելով դրամահավաքին: ՀԲԸՄ-ն նաեւ օգնություն է ցուցաբերում Հայաստանում ապաստանած սիրիահայերինՙ տրամադրելով նրանց կրթաթոշակներ, տաք հագուստեղեն եւ դեղորայք: Բայց քանի դեռ կայունությունը վերահաստատված չէ Սիրիայում, ՀԲԸՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայերինՙ շարունակել դրամահավաք-միջոցառումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի թիկունք կանգնել սիրիահայերին: Մանրամասնությունների համար այցելել http://agbu.org/syriahumanitarianrelief/ կայքը: Իսկ նվիրատվությունների համարՙ https://donate.agbu.org/agbu-urgent-appeal կայքը: |