ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն 2013 թ. հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական միության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռումինիայի, Բելոռուսի Գիտությունների ազգային ակադեմիաների պատվիրակությունները: Պատվիրակությունները հոկտեմբերի 15-ին` ժամը 9:30-ին, հանդիպում կունենան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպումից հետո` ժամը 11:30-ին, տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Բացմանը կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ժամը 12:30-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցների պարգեւատրումը ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Ժամը 17:00-ին Ալ. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ կհանձնի ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցներին: ՀՀ նախագահը հոկտեմբերի 16-ին առանձին հանդիպում կունենա արտասահմանյան պատվիրակների հետ: Նույն օրը ՀՀ ԳԱԱ-ի հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի եւ արտերկրի ակադեմիաների եւ գիտական կենտրոնների միջեւ հնարավոր համագործակցությունը: |