ՆՈՐ 100 ԴՈԼԱՐԱՆՈՑՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Պ. Ք. ԱՄՆ-ում հոկտեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվել նոր 100 դոլարանոց թղթադրամը: «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ տեխնիկական բարդությունների պատճառով դա տեղի ունեցավ նախատեսված ժամկետից երկուսուկես տարի ուշ: Թղթադրամը ստացել է լրացուցիչ պաշտպանություն, որի դրսեւորումներից մեկը ներդրված եռաչափ կապույտ ժապավենն է: Նոր նմուշի թղթադրամն ունի հավելյալ պաշտպանիչ թելիկ եւ ջրանիշներ: Նորույթներից է նաեւ մանրատպագրությունը: Թղթադրամի վրա պատկերված որոշ օբյեկտներ թեքելիս փոխում են գույները: Օրինակՙ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարի աջ կողմում պատկերված զանգակը գունափոխվում է պղնձագույնից մինչեւ կանաչ եւ ընդհակառակը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարարության տվյալներով, այդ եւ մյուս նորամուծությունները բարձրացրել են թղթադրամի արտադրության արժեքըՙ 11-ից հասցնելով 14 սենթի: Դաշնային պահուստային համակարգի տվյալներով, 2013 թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող կանխիկ դոլարների գումարը 1,21 տրիլիոն է: Թղթադրամների 2/3-ը արտերկրում է: Դրանց կեսից ավելին կազմում են հենց 100 դոլարանոցները: Եվ ամենից հաճախ փորձում են կեղծել հենց դրանք: Շրջանառության մեջ գտնվող դոլարների թիվը 2000 թվականից մինչեւ օրս ավելի քան կրկնապատկվել է: Վերլուծաբանների կարծիքով, ամերիկյան արժույթի աննախադեպ պահանջարկը եւս մեկ վկայություն է, որ դոլարը կպահպանի աշխարհի գլխավոր պահուստային արժույթի կարգավիճակը: |