ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՙ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մամլո դիվան Հոկտեմբեր 12-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգեւոր դասի, օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին: Պատմական այդ արարողությանը ներկա են լինելու հոգեւոր եւ աշխարհիկ բարձրաստիճան հյուրեր, հասարակական, ազգային եւ մշակութային գործիչներՙ հրավիրված Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ այլ քաղաքներից, բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Եկատերինբուրգի հայկական կրոնական կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականի հունիսի 26-ին: Եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվել է 2003 թ.ՙ ձեռամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպսկոպոս Ներսիսյանի: 37 մետր բարձրությամբ եկեղեցին նախատեսված է 200 հոգու համար եւ երեսապատվել է Հայաստանից բերված Արմավիրի կարմիր տուֆով: Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը: Որմնանկարիչը Արտյոմ Մելքոնյանն է: Եկեղեցին կառուցվել է Սվերդլովսկի մարզում գործող «Անի Արմենիա» շրջանային հասարակական կազմակերպության նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: 1996 թ.-ից Մասիս Նազարյանը հայ համայնքի նախագահն է: Եկեղեցին, որի հոգեւոր հովիվը Արիստակես քահանա Հովհաննիսյանն է, քաղաքի կենտրոնում է, Բելինսկի եւ Տվերիտինա փողոցների խաչմերուկում: |