«ԷԿՈՆՈՄԻՍՏԸ» ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ Հ. Ծ. Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» շաբաթաթերթն անդրադարձել է Տիգրանակերտի (Դիարբեքիր) Սբ Կիրակոս հայոց եկեղեցուն կից հայկական թանգարան կառուցելու ծրագրին, տեղեկացնում է «Արեւ» եռօրյան (Կահիրե): Թերթը հիշեցնում է, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու Սբ Կիրակոս եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Էրգյուն Այըքը ծրագրի վերաբերյալ պայմանագիր կնքել էին դեռեւս այս տարվա հուլիսի կեսերին: Թանգարանում ցուցադրվելու են հայերի վերաբերյալ հնություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ հայապատկան կառույցների մասին: «Էկոնոմիստը» եկեղեցու վերակառուցումը համարել է հայերին սիրաշահելու Թուրքիայի իշխանությունների քաղաքականության մի մասը, միաժամանակ հիշեցնելով, որ Թուրքիան դեռեւս շարունակում է հերքել հայերի ցեղասպանության պատմական իրողությունը: Պարբերաթերթը նաեւ նշել է, որ եկեղեցի են այցելում օրական հարյուրավոր մարդիկ, որոնց թվում նաեւ իսլամացած հայեր: «1915-ի իրականությունը կարելի չէ թաքցնել, բայց որպես երիտասարդ հայ, ես չեմ ուզում ճանաչվել որպես զոհ, որովհետեւ հպարտ ջահակիրն եմ հարուստ մի քաղաքակրթության, որ ոչ միայն վերապրել է, այլեւ այսօր էլ շարունակում է աճել», ասել է թաղային խորհրդի ատենապետ Էրգյուն Այըքի դուստր Փելինը: |