ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 4-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջինՙ 8-րդ տուրն անհաջող դասավորվեց մինչեւ 18 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկիՙ Կարեն Գրիգորյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը մյուս առաջատար Վլադիմիր Ֆեդոսեեւն էր, որը 7 միավորով գլխավորեց աղյուսակը: Գրիգորյանն ունի 6 միավոր: Տուրը հաջող էր Հովհաննես Գաբուզյանի համար, որը հաղթելով Իրակլի Բերաձեին, վաստակեց 6,5 միավոր: Ավարտական տուրում Գաբուզյանը մրցելու է Ֆեդոսեեւի հետ: Հենց այդ պարտիայում էլ կորոշվի մրցաշարի հաղթողը: Հայ շախմատիստին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Կարեն Գրիգորյանն էլ մրցանակակիր դառնալու հնարավորություն ունի: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Արմեն Բարսեղյանը 6 միավորով 5-րդ տեղում է: Նա մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Կագան Այդինցելեբիին: Արմենը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ֆիլիպ Օլսենի հետ: 5,5 միավոր է վաստակել Հակոբ Հակոբյանը: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում էլ Արամ Հակոբյանը 6 միավորով 7-րդ տեղում է եւ մեդալ նվաճելու հնարավորություն է պահպանում: Արամը հաղթեց Իլյա Գրիգորեւին: Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Աննա Պողոսյանը (մինչեւ 8 տարեկաններ) եւ Մանե Ադամյանը (մինչեւ 12 տարեկաններ), որոնք վաստակել են 5-ական միավոր: Աննան հաղթեց Օլեսիա Գապյուկին, իսկ Մանեն հաշտություն կնքեց Անաստասիա Նազարովայի հետ: |