«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԸ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ Մ. Հ. Բյուրականում հաջորդ տարի բացվելու է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի երաժշտական միջազգային ակադեմիան, որի մասին բազմիցս տեղեկացրել ենք: Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն «Ազգի» հետ զրույցույմ ասաց, որ ընտրել են հենց Բյուրականը, քանի որ այն առանձնանում է ոչ միայն իր բնությամբ, այլեւ` ունի ակադեմիական գյուղ, արդեն իսկ ձեւավորված գիտական միջավայր: Անդրադառնալով շենքի կառուցման ընթացքին եւ կառուցվածքին, Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցում իրենց ոչ ոք չի օգնել, այդ իսկ պատճառով էլ աշխատանքները դանդաղ են ընթանում, սակայն շինարարության 90 տոկոսն արդեն արվել է: Շենքն ունի 80 հոգու համար նախատեսված դահլիճ: Ինչպես մի առթիվ ասել էր փառատոնի գլխավոր մենեջերը, ակադեմիայի ստեղծման նպատակն է ապահովել շփում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, ստեղծագործողների միջեւ: Նա նշեց, որ եվրոպայում կոնսերվատորիաներում դասավանդող ճանաչում ունեցող արվեստագետները ողջ կիսամյակի ընթացքում 10-12 անգամ են հանդիպում իրենց ուսանողների հետ, իսկ ահա այստեղ ընդամենը 10-12 օր աշխատելով ուսանողներին կփոխանցեն համարյա թե նույնքան գիտելիք, որքան եվրոպական կոնսերվատորիաներում: |