ԳՐԻԳՈՐ ՔՅՈՍԵՅԱՆԻ «ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՏՈՐԸ Հ. Ծ. Մեկենասությամբ դոկտ. Գեւորգ եւ տիկ. Սեսիլ Քեշիշյանների, «Մայրենի» հրատարակչությունը (ԱՄՆ) լույս է ընծայել բոստոնաբնակ հրապարակագիր, խմբագիր եւ երգիծանկարիչ Գրիգոր Քյոսեյանի (Քէօսէեան) «Երգիծանկարներ» հատորը, տեղեկանում ենք մի փոքր ուշացումով մեր ձեռքը հասած եգիպտահայ համայնքի հնագույն «Արեւ» եռօրյայից: Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի վարչության նախաձեռնությամբ ԹՄՄ Պեշկյոթուրյան կենտրոնում կայացել է հատորի շնորհանդեսը, որի բացման խոսքը կատարել է վարչության ատենապետ Վաչե Սեմերճյանը: Հատորը ներկայացրել է ԹՄՄ Կենտրոնական վարչության անդամ, «Արմինյն Օբզերվըր» շաբաթաթերթի խմբագիր պրոֆ. Օշին Քեշիշյանը: «Այս գիրքը միայն արվեստ չէ, այլ համայնքի պատմություն: Քյոսեյանի գործերը քաղաքական երգիծանքի ժանրին են պատկանում եւ նրա «գծերը» նույնքան ուժեղ են, որքան նրա «գրերը», ասել է նա: Շնորհակալական խոսքերով հանդես է եկել եւ ներկաների հարցերին պատասխանել հարցի հեղինակ Գրիգոր Քյոսեյանը, որն ի մասնավորի ասել է. «Երգիծանկարիչը պետք է անկախ լինի, բայց ոչ չեզոք»: Անդրադառնալով միջազգային ճանաչման արժանացած Ալեքսանդր Սարուխանին, նա ասել է. «Սարուխան մեր պապն է: Սրամիտ էր, քննադատ, ազգային կյանքը լավ էր ճանաչում: Միայն «ընկեր Փանջունիի» իր երգիծական նկարազարդումները բավական են, որ մենք արժեւորենք իր մեծությունն այսօր»: Շարունակելով իր խոսքը, նա նշել է, որ 88 էջանոց հատորում տեղ չեն գտել միջազգային մամուլում տպագրված գործերը: Վաչե Սեմերճյանի փակման խոսքով ավարտվել է երեկոն: |