Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ Վ. Ա. Լրատվամիջոցները քննարկում են Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու մասին Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը: Արվում են մի շարք ենթադրություններ: Միաժամանակ virtualaz.org-ը չափազանց ուշագրավ տեղեկատվություն է տարածել: Հղում անելով թուրքական «Հյուրիեթ»-ինՙ ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ «մինչեւ վերջին ժամանակներս հանրությունից գաղտնի էր պահվում, թե ինչ գնով է Ադրբեջանը Թուրքիային գազ վաճառում»: Այդ մասին հայտնի է դարձել օրերս: Թուրքական կողմը հրապարակել է, որ նավթ եւ գազ գնում է երեք երկրից` Իրանից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Նավթի գների մասին ոչինչ չի ասվում, բայց ահա հրապարակայնացվել է, որ 1000 խմ գազը Թուրքիան Իրանից գնում է 480, Ռուսաստանից` 420, իսկ Ադրբեջանից` ընդամենը 320 դոլարով: Ադրբեջանցի փորձագետները հրապարակել են, որ Թուրքիան իրենց երկրից տարեկան ստանում է 6 մլրդ խմ գազ, ինչի նկատառմամբ էլ հաշվարկել են, որ «Ադրբեջանը Թուրքիայի հետ առեւտրում միայն գազի վաճառքից տարեկան 600 մլն դոլար կորուստներ է ունենում»: Հայտնի է դարձել նաեւ, որ TANAP գազատարի շահագործման դեպքում արտահանվող տարեկան 10 մլրդ խմ գազից «8 մլրդ խմ-ը սպառելու է Թուրքիան, ուստի կորուստները միայն մեծանալու են»: Փորձագետները նաեւ կասկածել են, որ Ադրբեջանը «ամենայն հավանականությամբ Թուրքիային նավթ նույնպես վաճառում է միջազգայինից ցածր գներով, ուստի կորուստների իրական ծավալները երեւի ավելի մեծ են»: Ըստ երեւույթին, «Հյուրիեթ»-ի տեղեկացվածության աղբյուրը ոչ թե թուրքական, այլ ադրբեջանական կողմն է: Թուրքիայի իշխող կուսակցությունը հաստատ չէր ցանկանա, որ թուրք-ադրբեջանական «համերաշխության» գաղտնիքը բացահայտվեր, եւ հասարակության համար պարզ դառնար, որ Էրդողանի կառավարությունը բոլորովին էլ Իլհամ Ալիեւի «գեղեցիկ աչքերի» համար չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում Ադրբեջանի կարծիքով: Իսկ ահա պաշտոնական Բաքուն կուզենար նախ թուրք հասարակությանն իրազեկել, որ նրա կառավարության դիրքորոշումը ոչ այնքան անկեղծ- եղբայրական է, որքան` վարձահրավիրված: Եվ դրա գինը Թուրքիային միջազգայինից անհամեմատ ցածր գներով նավթ եւ գազ վաճառելն է, որից, ամենայն հավանականությամբ, բաժին է ստանում նաեւ Էրդողանը: Միաժամանակ, Ադրբեջանը կուզենար նաեւ Թուրքիային զգուշացնել, որ վերաբերմունքի փոփոխության դեպքում գազը եւ նավթը կթանկանան: Մանավանդ որ «Հյուրիեթ»-ի բացահայտումը տեղի է ունեցել այն պնդումներին զուգահեռ, որ մոտ ապագայում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն պատրաստվում է լինել Բաքվում, եւ «սպասվում են բավական թեժ քննարկումներ»: Ավելացնենք նաեւ, որ ծրագրված է առաջիկայում գումարել Թուրքիա-Ադրբեջան միջպետական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ, որին մասնակցելու համար Իլհամ Ալիեւը նախապատրաստվում է ուղեւորվել Անկարա: Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի Թուրքիային կառչում է, որպեսզի վերջինս Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց քայլ չանի: Ինչպե՞ս կընդունի այդ բացահայտումը հենց ադրբեջանական հանրությունը, որին եւ Բաքուն, եւ Անկարան կերակրում են «մեկ ազգ, երկու պետություն» շաղակրատանքներով, երբ իրականում կողմերի հարաբերությունները շատ հեռու են եղբայրությունից: Ինչ վերաբերում է գազի կամ նավթի գներին, ապա Թուրքիան թերեւս կարող է պահանջել, որ Ադրբեջանը իր հետ առեւտրում անցնի զրոյական շահույթի: Չէ՞ որ Թուրքիան է «ազատագրել» Բաքուն եւ ադրբեջանական պետություն ստեղծել: Այդ առթիվ նախանցյալ տարի Բաքվում թափանցիկ ակնարկ արել է նույն Դավութօղլուն` ասելով, թե հույս ունի, որ «ադրբեջանցի եղբայրները լավ են հասկանում, թե որ երկրի ազատարար զինվորի հուշարձանն է կանգնեցված այստեղ»: Իսկ Բաքվում թուրք «ազատարար» զինվորի հուշարձանն է կանգնեցված: Այնպես որ` ամեն ինչ իր գինն ունի, բայց անկախ պետությունն ամենաթանկ նվերն է, որ Թուրքիան մատուցել է Կովկասի թաթարներին: |