ԱԻԴԱ ԷՐԲԱԼԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ» ԱՐՇԱՎԻՆ Հ. Ծ. Նոյեմբերի 7-ին Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կենտրոնում ելույթ ունենալովՙ Նյու Յորքի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոսներից Աիդա Էրբալը անդրադարձել է 2008-ի դեկտեմբերին չորս թուրք մտավորականների նախաձեռնած «Ներողություն» արշավին: Նա քննարկել է «Օզուր Դիլիյորուզ» (ներողություն ենք խնդրում) արշավը քաղաքական, փիլիսոփայական եւ լեզվական տեսանկյուններից: Ի՞նչ իմաստ է պարունակում տեքստը, որո՞նք են օգտագործված որոշ բառերի կամ եզրերի քաղաքական ենթատեքստերը, ինչպիսի՞ սահմանափակումներ ունի ընդհանրապես ամբողջ տեքստը եւ նման այլ հարցեր, որոնք էլ վիճելի էին դարձրել այդ նախաձեռնությունը, հաշվի առնելով նաեւ այն, որ արդի թուրքական պատմության մեջ եզակի նախադեպը չունեցող բնույթ էր կրում: Էրբալը ժողովրդավարական տեսությունների, հետազգայնական, անցումային շրջանների քաղաքականության մեջ է առավելապես խորացած եւ «Ազատ Ալիք» բազմալեզու բլոգի (http://azadalik.wordpress.com) հիմնադիրներից է: Բլոգը մասնավորապես զբաղվում է Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով: |