ՓԱՌԱՇՈՒՔ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ ԵՆ ՍԻԴՆԵՅԻ ՀԲԸՄ-Ի ԵՎ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԶՈՒՅԳ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի առաջնորդ, Հայկազուն եպս. Նաճարյանի հովանավորությամբ հոկտեմբերի 26-ին «Ուեսթլի» շքեղ դահլիճում փառաշուք հանդիսությամբ նշվել են Սիդնեյի ՀԲԸՄ-ի եւ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանի հիմնադրման զույգ հոբելյանները, տեղեկացնում է նախկին եգիպտահայ, «Արեւ» թերթի երկարամյա խմբագիր, իսկ ներկայումս ավստրալահայ համայնքի «Տեղեկատու» ամսագրի հայկական բաժնի պատասխանատու դոկտ. Ավետիս Յափուճյանը : Հանդիսությանը ներկա են եղել բարձրաստիճան անձնավորություններ, որոնց թվումՙ Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ Պեոի Օ՛Ֆաուլը, նահանգային փոխադրական միջոցների նախարարուհի Գլադիս Պերեճիկլյանը, Միջհամայնքային հարաբերությունների հանձնաժողովի ատենապետ Ստեփան Գրքաշարյանը, Ավստրալիայում ԼՂՀ-ի մնայուն ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանն ու տիկինըՙ Սիլվան, Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էդիկ Դարբինյանը, ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ Թորոս Պողոսյանն ու տիկինըՙ Սոնան, 50-ամյակի հանդիսությունների բարերար եւ գլխավոր հովանավոր Ավո եւ Ժակլին Թեւանյանները եւ ուրիշներ: Հանդիսությունն սկսվել է հոտնկայս ունկնդրությամբ ավստրալական, հայկական եւ բարեգործականի օրհներգերի, որ կատարել են ՀԲԸՄ-ի Ալեքսանդր ամենօրյա եւ Ալեք Մանուկյան շաբաթօրյա վարժարանների աշակերտները: Այնուհետեւ հաջորդաբար հայերեն եւ անգլերեն բացման խոսքերով հանդես են եկել Անուշ Ճեպեճյանն ու Գաբրիել Աբրահամյանը: Գործադրվել է երկու մասով գեղարվեստական պատշաճ հայտագիր, որի ընթացքում կատարվել են խմբերգերՙ երկու վարժարանների աշակերտների ուժերով, պարային ելույթներ, արտասանություն, մեներգ եւ երկլեզու ինքնատիպ մի ներկայացում: Զույգ վարժարանների 14 շրջանավարտները ներկայացրել են Ավստրալիայի Բարեգործականի ժամանակագրությունը: Փակման խոսքով հանդես է եկել առաջնորդ Հայկազուն եպս. Նաճարյանը, ով մաղթել է, որ 50 տարի անց ներկայի մատաղ սերունդը կազմակերպի 100-ամյակի զույգ հանդիսությունները: Հոբելյանի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ հայրապետը սրբատառ կոնդակով շնորհավորել է բարեգործականին, իսկ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Էդիկ Դարբինյանը, գնահատանքի խոսքեր ասելով Սիդնեյի բարեգործականի հասցեին, նրա ատենապետ Թորոս Պողոսյանին է հանձնել նախարարության բարձրագույն Ոսկե մեդալը: Հաջորդ օրը առավոտյան Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում, հավարտ պատարագի, կատարվել է հոգեհանգստյան արարողությունՙ ի հանգստություն Բարեգործականի եւ նրա Սիդնեյի մասնաճյուղի հիմնադիրների հոգիների: Իսկ նոյեմբերի 1-ին Սիդնեյի «Օլիմպիական» մարզադաշտին մոտիկ գտնվող «Հոմբուշ» առաջնակարգ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական շքեղ մի պարահանդես, որի ընթացքում վետերանության վկայագրեր են հանձնվել քառասուն եւ ավելի տարիներ Բարեգործականին նվիրյալ անդամ-անդամուհիներին: Հոբելյանի առիթով հրատարակվել է մեծադիր էջերով պատկերազարդ մի ալբոմ, որտեղ ներկայացվել է ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի ամփոփ պատմությունը: |