«ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ, ԴԱ ԻՍԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԻ ՔԱՅԼ Է» Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի նախագահն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Հայաստան ժամանած ռուսաստանյան պատվիրակության կազմը «Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ», երեկ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ողջունելուց հետո իր ելույթը ժամանած պատվիրակության կազմը ներկայացնելով է սկսել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում: Ըստ այդմ, համաժողովին ներկա են եղել նաեւ Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: «Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ եւ հետեւողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության եւ տրամադրվածության մասին», ասել է Սերժ Սարգսյանը : «Հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշ» դարձած Գյումրիում է, ըստ նախագահի, տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկըՙ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին եւ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակըՙ Վասիլի Ագապինը: Նախագահի լիրիկական արտահայտությունները շարունակվել են գնահատականներով, թե այդ «գունդը, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը»: «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասինՙ ինտեգրացիոն միավորումների եւ գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն եւ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաեւ այսօրվա համաժողովը», ներկայացրել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո արդեն ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հուշագիր, ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների եւ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: «Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների փոխհարաբերություններում»: Սրան հետեւել է հատուկ շնորհակալությունը Ռուսաստանի նախագահին: «Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ եւ բարեկամի քայլ է: Այն կարեւոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար», հայտարարել է Հայաստանի նախագահը: Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նախագահը ներկայացրել է. «Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկությունՙ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ»-ն: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին»: Ուրախություն արտահայտելով Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու առնչությամբ` Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ: Անպայմանորեն հիշատակելով Պետրոս Առաջինի ժամանակները, երբ հայերն ավանդաբար փնտրել են առեւտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում, Հայաստանի նախագահը նշել է Հայաստանի ռուսական համայնքի դերակատարության կարեւորությունը: «Անթույլատրելի է, որ մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մեջ ծագեն կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայրահեղականության դրսեւորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք մեջքի հաղթել են Հայրենական մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսեւորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների ե՛ւ ոգուն, ե՛ւ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին եւ ժառանգությանը»: «Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: (Երիտասարդ սերնդի մի որոշ հատված երեկ ամբողջ օրը քաղաքում բողոքի ակցիա էր իրականացնում ՌԴ նախագահի այցի դեմ- Վ.Պ.) Մեր ժողովուրդները, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին, ներառյալՙ ուսումնական հաստատություններըՙ անցկացնելով պարբերական ուսանողական եւ երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ», ասել է նախագահը: |