RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1420, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԵՐԹԻ Է ԿԱՆԳՆԱԾ Ս. ՍՈՖԻԱ՞Ն

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Վերջերս Մոսկվայի իմամը ուղղափառ ռուսներին առաջարկել էր մուսուլմաններին վարձակալության հանձնել իրենց... եկեղեցիները: Զգո՞ւմ եք, ռուս նացիոնալիստների արտահայտությամբ, քրիստոնեազերծվող Եվրոսոդոմի ախտահարույց ազդեցությունը: Չէ՞ որ երբեմնի հիրավի քրիստոնեական բարձրագույն քաղաքակրթության օրրանում այսօր եկեղեցի վաճառելը կամ վարձակալության հանձնելը սովորական երեւույթ է դարձել: Մարդկանց կանխամտածված աստվածազրկում են եւ Եվրոպայի դատարկվող եկեղեցիները տեղի մուսուլմանների համար դառնում են սոսկ առուծախի առարկա, ինչից էլ դաս են քաղում իսլամի ռուսաստանցի զավակները: Պատմության մեջ հազվադեպ են եղել, երբ քրիստոնյաները մզկիթը դարձրել են եկեղեցի (առավել հիշատակվում է Կորդովայի տաճարը): Բայց մուսուլմանների համար այդ իմաստով ոչ մի «սրբություն» գոյություն չի ունեցել եւ չունի. գմբեթի խաչը փոխարինի կիսալուսնովՙ եւ ամեն ինչ կարգին է:

Չի կարելի ասել, թե ռուսական եկեղեցիները եւս դատարկվում են: Լրիվ հակառակը, դրանք միշտ մարդաշատ են, կառուցվում են հազարավոր նոր եկեղեցիներ, հատկապես ներկայիս պատրիարք Կիրիլի օրոք հոգեւոր կյանքը վերելք է ապրում: Ռուսաստանցի մուսուլմանները դա չեն կարող չնկատել, սակայն, ինչպես ասվեց, նրանք աչքի առաջ ունեն մզկիթավորվող (կառուցվող, գնվող, վարձակալվող) Եվրոպայի տեսանելի օրինակը:

Իրենց վերոհիշյալ առաջարկությամբ նրանք կողմնակիորեն հույս են հայտնում, որ իրենց համար էլ կգա «լուսավոր» օրը, եւ ռուս քրիստոնյաները եւս կիջնեն եվրոպացի հոգեւոր առումով դիմազրկված հավատակիցների մակարդակին:

Մոսկվայի պատրիարքարանը առայժմ չի պատասխանել իմամին: Գուցե անակնկալի է եկելՙ շփոթվել, գուցե արժանապատվությունից ցածր է համարում, գուցե չի ուզում նեղացնել համերկրացի մուսուլմաններին: Հայտնի չէ:

Սակայն տեղի ունեցածը սոսկ միջադեպ կարելի է համարել այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունենում մերօրյա Թուրքիայում: Ավելի ու ավելի արագ իսլամացվող այս երկրում իսկական արշավ է ծավալվել քրիստոնեական եկեղեցիները մզկիթի վերածվելու ուղղությամբ: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը նորերս հրապարակայնորեն կոչ արեց կրկին մզկիթ դարձնել Այա Սոֆիանՙ քրիստոնեական աշխարհի թերեւս ամենահայտնի տաճարը, որը 1935 թվականից գործում է որպես թանգարան: Եվ ինչքա՜ն բանաստեղծական է թուրք քաղաքագետը. «Մենք ահա նայում ենք այդ անմեղ Սուրբ Սոֆիային եւ ցանկանում, որ նրան հնարավորինս շուտ պարուրեն երջանիկ օրերը»: Այսինքն, որ այնտեղ նորից հնչի նամազը: Փոխվարչապետը չի թաքցնում իր ոգեւորությունը այն կապակցությամբ, որ Իզնիկ եւ Տրապիզոն քաղաքներում թուրքերն արդեն յուրացրել են նույն անմեղ Սոֆիայի անունը կրող բյուզանդական եկեղեցիները: Մտահղացումներն իրագործվում են:

Արժե Ստամբուլի պատմական կենտրոնում Արինչի ունեցած ելույթից եւս մի մեջբերում անել. «Բյուզանդական տաճարները համաշխարհային մշակույթի եւ հոգեւոր ժառանգության անքակտելի մասն են կազմում: Դրանք պիտի ապահովվեն հարգալից վերաբերմունքով ու պաշտպանությամբ»: Հիրավի իր ցինիզմով սահման չունի թուրքերի դեմագոգիան:

Այա Սոֆիան նորից թուրքացնելու մտահղացումը խոր վրդովմունք առաջացրեց առաջին հերթին Հունաստանում: Սակայն այդ երկրի բողոքին Անկարան պատասխանեց ինքնավստահ ագրեսիվությամբ, որ Թուրքիան ոչինչ չունի սովորելու Հունաստանից կրոնական ազատությունների հարգման հարցում, եւ որ Աթենքը այն միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ միչեւ օրս չկա ոչ մի մզկիթ:

Մնում է միայն արձանագրելՙ եթե թուրքերը Սուրբ Սոֆիան իրոք վերածեն նամազատեղի, ապա դա կլինի համաշխարհային քրիստոնեության հերթական անփառունակ պարտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ