ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ» Վ. Ա. Երեկ, մինչ ՌԴ նախագահ Պուտինը կժամաներ Հայաստան, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուղեւորվել է Հարավային Կորեա: «Դա հերթական այց չէ, այլՙ ուղեւորություն, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը», գրել է virtualaz.org-ը` Իլհամ Ալիեւի որոշումն ուղղակիորեն պայմանավորելով Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմահենակայանի արդիականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով: «Այդ իրավիճակում Ադրբեջանը էլ ավելի ուժեղանալու հերթական քայլն է կատարում»,- մանրամասնել է ադրբեջանական լրատվամիջոցը եւ հիշեցրել, որ Հարավային Կորեայից զենք-զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը նախկինում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարության դիմադրությանը, որը պաշտպանական գերատեսչությանը խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Հարավային Կովկասի հետագա ռազմականացմանը մասնակցելու քայլերից: Արդյոք իրավիճա՞կ է փոխվել, պաշտոնական Սեուլը դադարե՞լ է Ադրբեջանի չափազանց ռազմականացումից զգուշանալ` որեւէ տեղեկություն հայտնի չէ: Ադրբեջանական լրատվամիջոցն ուղղակի բաց գրել է, որ պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա` «բազմամիլիարդանոց գործարքի շուրջը բանակցելու»: Աղբյուրը, սակայն, զենքի եւ զինամթերքի նոր խմբաքանակ ձեռք բերելու Ադրբեջանի նպատակադրվածությունը չի բացատրում Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությամբ: Նշվում է, որ Ադրբեջանը «մտադիր չէ միանալ Մաքսային միությանը եւ «նոր ԽՍՀՄ»-ի վերականգնման` եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման ծրագրերին»: Այս իմաստով virtualaz.org-ը ենթադրում է, որ եթե «Սեուլում բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա Ադրբեջանը կարող է դիրքերն ամրապնդել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հանդեպ»: Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայում պատվիրել «երկու փոքրածավալ սուզանավ»: Այս տեղեկությունները շրջանառվել էին, երբ հայտնի էր դարձել, որ Իրանը սեփական արտադրության սուզանավ է ջրարկել Կասպից ծովում` նպատակ ունենալով ուժեղացնել նավթագազային հանքավայրերի պաշտպանությունը: Համանման քայլեր ձեռնարկել են մերձկասպյան բոլոր երկրները, այդ թվում` Ռուսաստանը, որ արդիականացրել է Կասպից ավազանում գործող իր նավատորմիղը: Չափազանց ուշագրավ է, որ այս օրերին վերստին իրավիճակը լարվել է իրանա-ադրբեջանական ցամաքային սահմանում: Դեկտեմբերի 1-ին Լենքորանի սահմանային հատվածում գրանցվել է փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահ զորքերի մի մայոր սպանվել է, մի փոխգնդապետ եւ եւս մի սպա` վիրավորվել: Նախապես տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ, սակայն հետո եղան ակնարկներ, որ միջադեպը տեղի է ունեցել երկու կողմերի սահմանապահների միջեւ: Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն այդ առթիվ ադրբեջանական կողմին կշտամբել է, որ խախտվել է սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ չտարածելու երկկողմ պայմանավորվածությունը: Այսպիսով, Ադրբեջանը նպատակ ունի Հարավային Կորեայի հետ թարմացնել զենք-զինամթերքի առուվաճառքի հարցով բանակցությունները, որպեսզի «կարողանա պաշտպանել իր արդարացի շահերը»: Ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները, կընդառաջի՞ Սեուլը Բաքվի խնդրանքին, թե՞ այնտեղ դարձյալ կգերիշխի առողջ տրամաբանությունը, պարզ կդառնա Ադրբեջանի պաշտպանության նախարարի հարավկորեական «տուրնեի» ավարտի վերաբերյալ հարեւան երկրի արձագանքներից: Բայց առանց այդ էլ կարելի է եզրահանգել, որ Իլհամ Ալիեւի վարչախումբը կարող է վտանգավոր զարգացումներ սադրել հատկապես Կասպից ծովի ավազանում, որտեղ, ըստ երեւույթին, էներգակիրների պաշարների շուրջը մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնալու... |