ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած պետական այցին, որակելով որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես թուրքական «Զաման» թերթը գրել է, որ Հայաստանի` Թուրքիային սահմանակից Գյումրի քաղաքում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազան իրականում ուղղված է Թուրքիայի դեմ եւ նրան զսպելու նպատակ ունի: Սյունակագիր Ֆիքրեթ Էրթանն իր «Պուտինը Գյումրիում է» հոդվածում ընդգծում է թուրքական Կարսի եւ Արդահանի շրջաններին ռուսական ռազմաբազայի շատ մոտ եւ ռազմաբազան Հայաստանում գտնվելու ժամկետը մինչեւ 2044 թ.-ը երկարացված լինելու հանգամանքը: Էրթանը նշում է, որ ռազմաբազայում ռուս զինվորների թվաքանակը 5 հազարով ավելացնելուն զուգահեռ որոշվել է նաեւ այդ ռազմաբազային հատկացնել Երեւանում գտնվող Էրեբունի օդանավակայանի մի մասը: «Զաման»-ի թղթակիցը նշում է, որ ռազմաբազան, ամենայն հավանականությամբ, օգնություն կցուցաբերի հայկական ուժերին հայ-ադրբեջանական հավանական պատերազմի ժամանակ: Նա անդրադարձել է ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի` վերջերս արած այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը ուժ կիրառի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում մասնակցել զինված հակամարտությանը եւ ուժ կիրառել: Նա նշում է, որ չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ Ռուզինսկի խոսքը սխալ է հասկացվել, սակայն թուրքերի համար հստակ է, որ եթե Ադրբեջանը ռազմական փորձ կատարի Ղարաբաղի դեմ, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա: «ՌԴ նախագահ Պուտինի այցը Գյումրի կարեւոր իրադարձություն է մեզ համար: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ եւս ընդգծում է ռուս-հայկական դաշնության ռազմական նշանակության կարեւորությունը եւ հիշեցնում, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը: |