RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Ո՞Վ Է ԼՈՒԾԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1176, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՔԱՆԻ ՀՈԳՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊՐԵԼ 13 ՔՄ ՍԵՆՅԱԿՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ժամանակավոր» կացարանում արդեն 25 տարի՞

Երեւանի Ավան համայնքի Աճառյան փող. 1-ին նրբանցքի թիվ 20/3 շենք (նախկին պրոֆտեխուսումնարանի հանրակացարան). Ադրբեջանից փախստականների ընտանիքներն արդեն գրեթե 25 տարի բնակվում են այս «Ժամանակավոր» կոչված կացարաններում:

Այս ընթացքում 3 նախագահ, 12 վարչապետ եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ են փոխվել, բայց նրանց խնդիրը մնում է անլուծելի: 25 տարին, մեղմ ասած, քիչ ժամկետ չէ, հատկապես այն դեպքում, երբ այդ մարդիկ ապրում են կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ հանրակացարանային սենյակներում: Այս տարիների ընթացքում 25 տարի առաջ մանկահասակ երեխաներն արդեն իրենք են ընտանիք կազմել եւ բազմանդամ ընտանիքներով բնակվում են 13 քմ մակերեսով սենյակներում: Վառ երեւակայություն է պետք պատկերացնելու համար, որ այդ փոքրիկ սենյակները կարող են ծառայել միաժամանակ որպես ննջարան, հյուրասենյակ եւ խոհանոց, իսկ սանհանգույցը միայն մեկն է ամբողջ հարկի համար: Սակայն այն, ինչ մեզ համար երեւակայություն է, այս մարդկանց համար տառապալի առօրյա է արդեն 25 տարի:

Խմբագրություն դիմած հանրակացարանի բնակիչները նշում են, որ 2004-ին նախատեսվել էր վերակառուցել հանրակացարանի շենքը, ինչն այդպես էլ չկատարվեց, թեեւ շինարարական կազմակերպությունների մրցույթ էր հայտարարվել: Այժմՙ արդեն 8 տարի անց, նրանց հարցն այդպես էլ չլուծված է մնացել: 2010-ից հետո, փախստականներին բնակարանով ապահովելու նպատակով պետբյուջեից գումար չի հատկացվել, թեեւ կա կառավարության 2004թ. մայիսի 20-ի որոշումը, ըստ որի Երեւանում բնակվող փախստականները պետք է ապահովված լինեին բնակարանով: Սակայն որոշումը մնացել է թղթի վրա, իսկ փախստականները` իրենց 13 քմ մակերեսով, առանց կոմունալ հարմարությունների սենյակներում: Հույս կար, որ փախստականներին նվիրված դոնոր երկրների կոնֆերանսում, որն անցկացվեց Երեւանում 2011թ. մայիսի 17-ին, միջոցներ կհավաքվեին եւ տեղաշարժ կլիներ այս հարցում, բայց դա նույնպես չեղավ:

Երեւանի Ավան վարչական շրջանում բնակվող բոլոր փախստականներն ապահովվել են բնակարանով, եւ միայն Աճառյան փողոցի այս շենքի մի քանի ընտանքիների բնակարանային խնդիրն է մնում չլուծված: Եվ այս մարդիկ արդեն չգիտեն, թե որերորդ անգամ եւ ում դիմեն իրենց ամենակենսական խնդրի լուծման խնդրանքով` նախագահին, վարչապետին, միգրացիայի պետական ծառայության ղեկավարին, Ազգային Ժողովի պատգամավորներին, քաղաքապետին, ՄԱԿ-ի փախստականների կոմիտեին, թե՞... այլեւս չգիտենՙ էլ ուրիշ ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ