«ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար Ցուցահանդես ՀՊՄՀ գիտական գրադարանում Երեկ Երեւանում բացվեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված էՙ «Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997 թ-ին տեղադրվել է Մոսկվա քաղաքի կենտրոնում` Նիկիտյան դարպասների պուրակում (հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանը, ճարտարապետներըՙ Ռազմիկ եւ Տիգրան Մանուկյանները): Այս առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ վաստակաշատ դասախոս, նամականիշագետ, գիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի «Միացյալ Խաչ» հուշարձանին նվիրված նամականիշների ցուցադրությունը: Ներկայացված են 2006 թ.-ի հունվարին միաժամանակ Ռուսաստանի եւ Հայաստանի կապի նախարարությունների թողարկած ու շրջանառության մեջ դրված նամականիշները, որոնց խորապատկերում ներկայացված են «Միացյալ Խաչ» հուշարձանի պատկերը, թերթային հոդվածներ այդ նամականիշների շրջանառության մեջ դրվելու մասին: Ցուցադրությունը նվիրված է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը: |