RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԼՈՒՍՆԱԳՆԱՑ Է ԱՐՁԱԿԵԼ

Պ. Ք.

Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը Չինաստանում արձակվել է մղիչ հրթիռՙ «Չանե-3» հետազոտական սարքով, որը դեպի Լուսին է տանում «Յույտու» («Նեֆրիտե նապաստակ») կոչվող չինական առաջին լուսնագնացը:

Սինհուա գործակալությունը հաղորդում է, որ մղիչ հրթիռը մեկնարկել է «Սիչան» տիեզերադաշտից (Սիչուանի նահանգ): Մեկնարկը հաջող է անցել: Թռիչքը ընթանում է ծրագրին համապատասխան: Նախատեսված է Լուսնի մակերեւույթի վրա լուսնագնացի վայրէջքն իրականացնել դեկտեմբերի 14-ին կամ 15-ին:

Պեկինում հատկապես ընդգծում են, որ սա լուսնային առաջին առաքելությունն է 1970-ականների խորհրդային «Լուսնագնաց-2» առաքելությունից հետո: ԽՍՀՄ-ը դեպի Լուսին հետազոտական տիեզերական սարք էր ուղարկել 1976-ի օգոստոսին, երբ Երկրի արբանյակի ուղեծրին մոտեցել էր «Լունա-24» ավտոմատ միջմոլորակային կայանը:

«Յույտու» լուսնագնացն անվանակոչվել է ի պատիվ չինական բանահյուսության մի հեքիաթային կերպարի, որն ապրում է Լուսնի վրա: Այս տարվա նոյեմբերին «Յույտու» լուսնագնացի պատճենը Շանհայում ցուցադրվել էր լայն հասարակայնությանը: «Նեֆրիտե նապաստակը» իրենից ներկայացնում է տեղաշարժման ինքնավար համակարգով հանդերձավորված ոսկեգույն վեցանիվ սարք:

Չին գիտականներն ու ճարտարագետները «Յույտուի» ստեղծման նպատակով աշխատել են մոտ 10 տարի: Նախագծելիս օգտագործվել են էլեկտրոնիկայի, մեխանիկայի եւ ջերմահսկողության ոլորտների նորագույն մշակումները:

Չինաստանը լուսնագնաց ստեղծած 3-րդ երկիրն է ԽՍՀՄ-ից եւ ԱՄՆ-ից հետո: ՉԺՀ լուսնային ծրագիրը մեկնարկեց 2007-ին, երբ դեպի Լուսին արձակվեց «Չանե-1» տիեզերական սարքը: Վերջինս Լուսնի ուղեծրի վրա աշխատեց 14 ամիս: Այդ առաքելության հիման վրա ստեղծվեց Լուսնի եռաչափ ճշգրիտ քարտեզ: 2010-ին դեպի Լուսին ուղարկվեց «Չանե-2» սարքը, որի խնդիրն էր վայրէջքի լավագույն տեղ ընտրել «Նեֆրիտե նապաստակի» համար: «Յույտուի» գլխավոր խնդիրներից մեկը լուսնային բնահողի նմուշների հավաքումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ