ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆ, Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու Վերջին օրերին աշխուժացել է հայկական գորգագործության նկատմամբ հետաքրքրությունը: Դրան հավանաբար նպաստեցին նոյեմբերի 22-23-ին Երեւանի պետական պատկերասրահում կազմակերպված միջազգային գիտաժողովը, ինչպես նաեւ նոյեմբերի 27-ին Որմնանկարների սրահում բացվածՙ Մուշեղ եւ Միքայել Չալոյանների գորգերի հարուստ հավաքածոյից 60 գորգերի (հայկական եւ օտար) ցուցադրումը, որը տեւելու է մինչեւ 2014 թ. կեսերը: Ստորեւՙ ցուցահանդեսի առթիվ լույս տեսած պատկերագրքի նախաբանը եւ բացման առթիվ հնչած երկու խոսք: Հատված պատկերագրքից Ներկայացված գորգերի հիմնական մասը վերաբերում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին: Ընդ որումՙ հավաքածուի կազմում քիչ չեն համեմատաբար վաղ շրջանով թվագրվող գորգերը, ու հայոց պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման առումով էլ բացառիկ նշանակություն ունի այս հավաքածուն: Հավաքածուի կազմում եղած հայոց գորգերին պատկանողների թվում հատկապես նշանակալից են 18-րդ դարի վիշապագորգերը, որոնք արդեն իսկ պատմական կարեւոր սկզբնաղբյուր են այդ խմբի գորգերի ու դրանց տարածման արեալների (Արցախ, Սյունիք, Վասպուրականի արեւելյան գորգագործական կենտրոններ եւ այլն) ուսումնասիրման համար: Այդ նույն տարածաշրջանների գորգագործական կենտրոններին են վերաբերում նաեւ բուսածաղկային հորինվածքներովՙ մասնավորապես վարդակներով գեղազարդված մի քանի գորգեր եւս, որոնք պատմահամեմատական կարեւոր նյութ են այդ խմբին վերաբերող գորգերի առանձին տիպերի հետագա զարգացումների ուսումնասիրման համար: Հավաքածուի հայկական գորգերի մեծ մասը թվագրվում է 19-րդ դարով, ընդ որում դրանցից մի քանիսի վրա կան նաեւ հայատառ, թվակիր գրություններ, որոնք, անշուշտ, ավելի են արժեւորում այդ նմուշներն իբրեւ հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման սկզբնաղբյուրներ: Այս առումով կարող ենք առանձնացնել 1840 թվականին գործված «Ծաղկանախշ» գորգը (Արցախ): Այստեղ կան «Խնձորեսկ», «Փառակա», «Խաչգորգ», «Արեւագորգ» ու Արցախի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Վասպուրականի արեւելյան գորգագործական կենտրոններին վերաբերող գորգեր, մի շարք այլ տիպերին վերաբերող նմուշներ: Իր գունային երանգների ներդաշնակությամբ ու հորինվածքային առանձնահատկություններով մեծ հետաքրքրություն ունի այս հավաքածուի կազմում եղած միակ կարպետը, որի հիմնական հորինվածքը «Ջրաբերդ» գորգերին բնորոշ խաչահիմք առանցքով ճառագայթազարդ հորինվածքի երկրաչափականացված տարբերակն է: Այսպիսով, Մուշեղ եւ Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն ունի գիտական ու ճանաչողական մեծ նշանակություն, եւ դրա ցուցադրումն ու այս կատալոգի հրատարակումն էլ կարեւոր ավանդ է հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման եւ հայոց գորգերի հանրահռչակման գործում: Մուշեղ Չալոյանի ելույթը Սիրելի հայրենակիցներ. Ես ծնունդով Խնձորեսկից եմ, այժմ էլ` 90 տարեկան: Պատանի տարիքում մեր տանը տեսնում էի գորգային գեղեցիկ գործվածքներ, որոնք պահպանում էին ծնողներս, իբրեւ թանկարժեք, իբրեւ կրոնական հարստություն: Խորհրդային տարիներին խանութներ բացվեցին, հինավուրց գորգեր էին գնվում, կամ փոխանակվում նոր գործվածքներով: Դա պատճառ եղավ, որ արտասահմանյան երկրներում միշտ հայտնվում էին մեր երկրում ծնունդ առած սքանչելի գործվածքներ: Հիշում եմ մայրիկիս, որ հարեւանուհու հետ գորգ էր հյուսում, չափով բավական մեծ եւ ավարտում երեք ամսից: Անհրաժեշտ եմ գտնում նաեւ հայտնել, որ Խնձորեսկում ստեղծվող գորգերի վրա կան իրար մոտ հյուսված երկու ծաղիկ, որոնք որպես ամուսնության, միմյանց հանդեպ հավատարմության կնքումն են խորհրդանշում: Իմ կյանքում նմանօրինակ գործվածքներ եմ կարողացել գտնել, որոնցից այստեղ կան եւ որոնք ընկալել եմ իբրեւ խորիմաստ, կյանքի հանդեպ սիրո ու հավերժության վկայություն: Ներկա ցուցահանդեսը` եվրոպական եւ արեւելյան երկրների եւ հատկապես հայկական բազմատեսակ գորգերով, թող ներշնչանք դառնա վերստին կրկնելու, նաեւ հիմնելու ազգային գորգարվեստի պատմական աղբյուրների` մայր ժողովրդի հոգեծնունդ տաղանդի ճանաչման ու ոգեւորման թանգարան: Խոսք ցուցահանդեսի բացմանը Մեր սիրելի բարեկամ Մուշեղ Չալոյանի ներապրումները եղել ու մնացել են հայրենասիրական: 1941-ին, 18 տարեկան հասակում Խնձորեսկից մեկնել է պատերազմի եւ առաջին կռվի ընթացքում դառնում է գերի, ապա ուղարկվում Լեհաստան: Ժամանակ անց, գերմանացի ղեկավարը, նրա աշխատունակության ու շախմատային բարձր ունակության հանդեպ եղել է հարգալից, եւ երբ Փարիզ է գնացել, պատահաբար հանդիպել է գորգավաճառներ` Հայկ Աղաբեկյանին եւ Գեւորգ Բաքրջյանին: Իմանալով որ հայ են, նրանց հայտնում է գերի հայ երիտասարդի մասին: Աղաբեկյանը հուզվում է եւ նրան իր անվամբ նվերներ է ուղարկում: Երբ Ֆրանսիան ազատագրվում է, Արեւմտյան Եվրոպա բերված Չալոյանը գալիս է Փարիզ եւ հայկական եկեղեցում գտնում Աղաբեկյանի հասցեն: Հանդիպումը դառնում է երջանկալի: Նվիրված աշխատում է նրա մոտ, իսկ 15 տարի անց օգնություն է ստանում առանձին գործելու: Այդպես, անվերջ շփվելով ու ապրելով գորգերի հետ, ըստ պատանեկան տարիքի նրա կյանքը շարունակում է ընթանալ, ինչպես ծառն է արմատներով գոյատեւում... Անցած ավելի քան հիսուն տարիներին Չալոյանը ձեռք է բերում հայկական եւ հատկապես շուրջ 60 խնձորեսկյան գորգեր, նաեւ գեղանկարչական գործեր: Այնուհետեւ երազելով իր ծննդավայրը` նա սկսում է այցելել հայրենիք, իրագործում օգնություն Խնձորեսկի իր դպրոցին, նաեւ նախապատրաստել է տալիս ձորում գտնվող եկեղեցու ճանապարհը... Նվիրատուներ Աղաբեկանի ու Բաքրջյանի նման ինքս ուրախալի ծանոթացա նաեւ Չալոյանին: Նա ազգային պատկերասրահին նվիրեց հայտնի նկարիչ Պավել Կուզնեցովի «Արարատը» (1930), եւ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի «Սալոմեն» (1925): Ավելի ուշ հանդիպելով նաեւ Փարիզում, Էջմիածնի թանգարանի համար տվեց մեզ անհայտ նկարիչներ Կ.Մոմջյանի, Հ.Կյուլբենկի, իսկ Շուշիի նորածին թանգարանին` Գառզուի, Ժանսեմի, Է.Շահինի գրաֆիկ գործերից: Մուշեղ Չալոյանն ահա իրականացրել է բացառիկ երեւույթ` Փարիզից բերված տարբեր երկրների շուրջ յոթանասուն գորգերի ցուցահանդես Ազգային պատկերասրահում: Այստեղ, հայկական յուրատիպ, նորաճանաչ գորգերն ընկալվում եւ շարունակվելու են ընկալվել իբրեւ ազգաբնույթ գործվածքների իմաստային արթնացման խորհրդանիշ: ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Արվեստաբան, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Նկար 1. Մուշեղ Չալոյան Նկար 2. Պատկերագիրք-ալբոմի շապիկը Նկար 3. Վիշապագորգ, Արցախ-Սյունիք, 18-րդ դար Նկար 4. «Ջրաբերդ» բնույթի արծվագորգ, Արցախ, 18-րդ դար Նկար 5. Գորգ «Գում-Գափու» հայերեն գրություններով, 19-րդ դար Նկար 6. Պատկերագորգ, Հարավային Իրան, 19-րդ դար Նկար 7. «Խնձորեսկ» բնյութի գորգ, Սյունիք, 19-րդ դար |