ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է Շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի ընտրանու սկզբունքային մրցավեճն էր Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականի հետ: Ինչպես Եվրոպայի թիմային առաջնությունում, այս անգամ էլ ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Այս անգամ առաջինն իր մրցավեճն ավարտեց Վլադիմիր Հակոբյանըՙ հաղթելով Նիջաթ Մամեդովին: Սակայն ադրբեջանցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 4-րդ խաղատախտակի վրա Վասիֆ Դուրարբեյլին պարտության մատնեց Գաբրիել Սարգսյանին: Սերգեյ Մովսիսյանը հաշտություն կնքեց Էլթաջ Սաֆարլիի հետ: Մրցախաղի ելքը պետք է վճռվեր Լեւոն Արոնյանի եւ Ռաուֆ Մամեդովի պարտիայում: Հայ գրոսմայստերը բավական երկար ժամանակ հաղթանակի ուղիներ էր փնտրում, սակայն մրցակիցը կարողացավ պարտիան 93-րդ քայլին ավարտել ոչ-ոքի: Միավորի այս կորուստը կարող է թանկ արժենալ մեր հավաքականին աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար մղվող պայքարում: Ուկրաինայի հավաքականը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով թուրքերի նկատմամբ: Հայերին շրջանցեցին ռուսներըՙ 3,5-0,5 հաշվով հաղթելով գերմանացիներին: Իսկ Չինաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ, միավորներով հավասարվեց մեր հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Վարուժան Հակոբյանը չմասնակցեց մրցախաղին: 6 միավոր վաստակեցին նաեւ հոլանդացիներըՙ 3-1 հաշվով պարտության մատնելով Եգիպտոսի շախմատիստներին: Մեկօրյա հանգստից հետո երեկ շախմատիստները կրկին նստեցին խաղասեղանների շուրջնՙ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները: Ցավոք Հայաստանի հավաքականը շատ անհաջող խաղաց գերմանացիների հետ` պարտվելով 1-3 հաշվով: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը Գեորգ Մեյերի հետ մրցախաղում հայտնվել էր պարտության վտանգի առջեւ: Բարեբախտաբար, գերմանացի շախմատիստը 2 կոպիտ սխալ թույլ տվեց եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Դավիթ Բարամիձեն: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը պարտվեցին համապատասխանաբար Արկադի Նայդիչին եւ Դանիել Ֆրիդմանին: Այս պարտությունը մեր շախմատիստներին գործնականում զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու վերջին հնարավորությունից: Առաջնության ավարտից 3 տուր առաջ մեր ընտրանին 6 միավորով 6րդ տեղում է: Այսօր ՀՀ հավաքականը կհանդիպի թուրքերի հետ: 5 անընդմեջ հաղթանակներից հետո Ուկրաինայի հավաքականը հոլանդացիների հետ մրցախաղում առաջին պարտությունը կրեց` 1,5-2,5: Հոլանդացիներին հաղթանակ պարգեւեց Լյուկ վան Վելին` պարտության մատնելով Անտոն Կորոբովին: 10 միավորով Ուկրաինան շարունակում է գլխավորել աղյուսակը: Հոլանդիան 8 միավորով 3-րդ տեղում է: 9 միավորով 2-րդ տեղում են ռուսները, որոնք 3-1 հաշվով պարտության մատնեցին թուրքերին: Նույնպիսի հաշվով Չինաստանի հավաքականը հաղթեց եգիպտացիներին ու վաստակած 8 միավորով 4-րդ հորիզոնականում է: |