ԱՐՏԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԼԱՆՇԵՏՆ ՈՒ ՀԵՌԱԽՈՍԸ Ա. Մ. Հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքը կսկսվեն 2014-ի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթականՙ երեկվա նիստը սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչներիՙ պլանշետների արտադրություն Հայաստանում: Վերոնշյալ ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներՙ 7,85, 9, 9,7 եւ 10,1 դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսըՙ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշներին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում եւ Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքն սկսել 2014-ի հունվար-փետրվար ամիսներինՙ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետների: Վահան Շաքարյանը վարչապետին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը: Արդյունաբերական խորհրդի քննարկման է ներկայացվել նաեւ «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» եւ դրանց իրականացումն ապահովող «Թեթեւ արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը», հաստատվել են «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները: |