RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳՅՈՒՄՐԻ. ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂԵՏԻ 25-ԱՄՅԱԿԸՙ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գ. Մ.

Դեկտեմբերի 7-ին Գյումրին 25-րդ անգամ նշեց 88-ի աղետալի երկրաշարժի տարելիցը եւ այդ աղետի տասնյակհազարավոր անմեղ զոհերի հիշատակի օրը: Նշեց քառորդ դար հետո էլ երկրաշարժի հետեւանքները դեռ ամբողջովին չթոթափած, մինչեւ այժմ կատարված վերականգնողական մեծ ծավալի աշխատանքով հանդերձ դեռ որոշակի թիվ կազմող անօթեւանների, այստեղ-այնտեղ մնացող տնակային ավանների առկայությամբ, գործազրկության, սոցիալ-տնտեսական չլուծված հիմնախնդիրների բեռով, արտագաղթից շարունակաբար նոսրացող բնակչությամբ: Եվ չգիտես այդ բոլոր խնդիրների ծանրության գիտակցման, թե հինգ օր առաջ արդեն ՌԴ նախագահ Պուտինի հետ այստեղ եկած լինելու եւ զոհվածների հիշատակին նրա հետ հարգանքի տուրք մատուցած լինելու պատճառով հանրապետության ղեկավարությունից ոչ ոք այս դեկտեմբերի 7-ին չէր այցելել Գյումրի:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու նպատակով այդ օրը հատուկ այստեղ էին եկել Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներըՙ խմբի նախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հայտնի օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, պատգամավորներ Գի դը Սյենը, Ժան Պիեռ դը Լանուան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնՙ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Արա Բաբլոյանի եւ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ուղեկցությամբ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կազմակերպված առանձին-առանձին ընդունելությունից ու բարեկամական զրույցից հետո ֆրանսիացի հյուրերը տեղի ղեկավարների հետ մասնակցեցին Սբ Ամենափրկիչ նորոգվող եկեղեցու բակում, երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ տեղի ունեցած անմեղ զոհերի հոգեհանգստյան արարողությանը եւ ծաղիկներ դրեցին հուշակոթողին:

Նույն օրը Գյումրու ծննդատան բակում տեղադրվեց «Մայր ու մանուկ» անունը կրող քանդակ: Ծննդատանը լույսաշխարհ եկավ վեց նորածինՙ երեք տղա եւ երեք աղջիկ: Նրանց մայրիկներին Շիրակի մարզպետի կողմից նվերներ հանձնվեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ