ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ Պ. Ք. ԱՄՆ-ում խարդախության մեջ մեղադրվող ռուսաստանցի 11 դիվանագետներ իրենց կանանց հետ շուտով կվերադառնան Ռուսաստան: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հաղորդեց «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ: Թերթի անանուն դիվանագիտական աղբյուրներից մեկը ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները երբեւիցե չեն բարձրացրել ռուս դիվանագետների հետ կապված կասկածների հարցը: Թերթի զրուցակիցը «սադրանք» է անվանել այն փաստը, որ երկու երկրների դեսպանությունները չեն անցկացրել համապատասխան խորհրդակցություններ: Կասկածյալներից մեկը Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան աշխատակից է, մնացյալ 10 անձինք ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչության աշխատակիցներ են իրենց կանանց հետ: Մնացած 38 կասկածյալները ԱՄՆ-ից հեռացել էին ավելի վաղ: «Ազգը» օրերս գրել էր ԱՄՆ-ում բուժապահովագրության հետ կապված խարդախությունների մեջ ամբաստանվող ռուսաստանցի 49 դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների մասին: Այժմ հայտնի են առավել ստույգ տեղեկություններ: Խարդախության մեղադրանքներ ներկայացվել են ռուսաստանցի 25 (այդ թվում բարձրաստիճան) դիվանագետների եւ նրանցից 24-ի կանանց: Այդ մասին հաղորդվեց դեկտեմբերի 5-ին: Քննության տվյալների համաձայն, կասկածյալները ապօրինաբար նյութական օգնություն են ստացել աղքատների բուժապահովագրության Medicaid ծրագրով: Ենթադրվում է, որ 2004-2013 թթ. նրանք խաբեությամբ ստացել են գրեթե 500 հազար դոլար օգնություն: Ըստ որում, դիվանագետները իշխանություններին ներկայացրել էին աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանքներՙ էապես նվազեցնելով իրենց ընտանիքների եկամուտները: ՌԴ ԱԳՆ-ն մերժել էր դիվանգաետներին հասցեագրված մեղադրանքները եւ հայտարարել էր, թե ԱՄՆ-ի իշխանությունները խախտել են դիվանագիտական անձեռնմխելիությանը վերաբերող միջազգային նորմերը: Ի դեպ, «Կոմերսանտի» աղբյուրը ենթադրում է, որ ռուսաստանցի դիվանագետները չեն ձերբակալվի իրենց անձեռնմխելիության պատճառով: |