ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 2015-ԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերանորոգման նպատակով փակ է ու կվերաբացվի 2015 թ.-ի ապրիլի 24-ին նոր ցուցադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրա հավաստմամբ` վերանորոգման արդյունքում թանգարանի տարածքը կմեծանա 2.5 անգամ, բացի դրանիցՙ կավելանա եւս մեկ հարկ: «Եթե աժմ մեկ հարկում է ամփոփված թանգարանային ողջ հարստությունը, ապա 2015-ին թանգարան-ինստիտուտը կունենա երկրորդ հարկ: Վերանորոգումից հետո առաջին ժամանակավոր ցուցադրությունը կլինի 2014 թվականի ապրիլին` առաջին աշխարհամարտի 100-ամյակի կապակցությամբ: Թանգարանը հիմնական ցուցադրությունը կվերաբացի 2015 թվականի ապրիլի 24-ին` բովանդակային ու տեխնիակական նոր հագեցվածությամբ»,- տեղեկացրեց Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով` կան կարեւոր դրվագներ, որոնք դուրս են մնացել թանգարանի ուշադրությունից, եւ այժմ փորձ է կատարվում շեշտադրել դրանք: «Որոշվել է ցուցադրվող նմուշների միջոցով շեշտադրել Հայոց ցեղասպանությունը ոչ միայն իբրեւ բազմահազար հայերի կոտորած, բայց եւ իբրեւ հայկական քաղաքակրթության կործանման եւ հայրենիքի կորուստ»,- նշեց Սուրեն Մանուկյանը` հավելեով, որ ցուցադրությունը կուղեկցվի նորագույն տեխնիկայի կիրառմամբ: «Կլինեն 3D լուծումներ, պատկերներ, «թաչսքրիններ», որոնք հնարավորություն կունենան հարյուրապատիկ ավելացնել ցուցադրվող ն մուշների քանակը»,- տեղեկացրեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը: Խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության մասին` Սուրեն Մանուկյանը հետագա անելիքներից նշեց ցեղասպանագիտական կենտրոն դարձնելու Հայաստանի նախադրյալները: «Այս տարի առաջին անգամ տպագրվեց ցեղասպանագիտական հանդես գիտական պարբերականը, որը հայաստանյան գիտական դաշտ մտցրեց ցեղասպանագիտությունը որպես գիտական ճյուղ: Նախատեսվում է դեկտեմբերին տպագրել եւս մեկ համար, որը կունենա նաեւ անգլերեն տարբերակ: Ցեղասպանագիտությունը որպես գիտություն արմատավորելու գործում կարեւոր է նաեւ ԵՊՀ-ի հետ թանգարան-ինստիտուտ համագործակցությունը, ցեղասպանագիտական մագիստրոսական ծրագրի մեկնարկը»,- նշեց Սուրեն Մանուկյանը: Դա նաեւ թույլ է տալիս Հայաստանը դարձնել համաշխարհային ցեղասպանագիտական կենտրոն: Այդ առումով Սուրեն Մանուկյանը կարեւորեց նաեւ հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չառնիի, ով ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է, անձնական գրադարանի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: «Ամեն երկու տարին մեկ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը անցկացնում է կոնգրես, որը 2015 թվականին կանցկացվի Հայաստանում: Աշխարհի ամենահայտնի 500 ցեղասպանագետները կլինեն այստեղ»,- հավելեց Սուրեն Մանուկյանը: 2015 թվականին կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որին ընդառաջ նախատեսվում են մի շարք տեղական ու միջազգային մասշտաբի միջոցառումներ: |