ՍՈՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԵՐԳԸ ՀՈԽՍՏԵՐԻ (ԳԵՐՄԱՆԻԱ) ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. «Սոնա Բարսեղյանը Երեւանից (Հայաստան) մեծագույն տաղանդն է իր երկրի: Ներկայիս նա սովորում է Քոլներ երաժշտական բարձրագույն կրթօջախում, Նինա Տիչմանի մոտ, կատարելագործելու իր բնական տաղանդը: Կիրակի առավոտյան շրջանի դաշնամուրային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ըմբոշխնելու այս երիտասարդ տաղանդին Հոխստերի պատմական քաղաքապետարանում: Մենք լսեցինք բարձրարվեստ դաշնամուրային մենահամերգ: Բախի, Բեթհովենի, Ռախմանինովի եւ Սեզար Ֆրանկի ստեղծագործություններից կազմված ծրագիրը որոշ դժվարություններ ներկայացնում էր, սակայն դաշնակահարուհին ամենայն դյուրությամբ հաղթահարեց դրանք երաժշտական կտորները մեծագույն զգայունակությամբ ներկայացնելով ունկնդիրներին, որոնք բուռն ծափահարություններով ընդունեցին նրան», գրել է գերմանացի երաժշտագետը Սոնայի համերգի առնչությամբ: Սոնա Բարսեղյանը Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական կրթօջախի շրջանավարտ է: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Բելգիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Լիտվայում, Բելառուսում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Մասնակցել է բազում միջազգային մրցույթների եւ արժանացել պատվավոր մրցանակների, այդ թվում Հայաստան համահայկական հիմնադրամի «Ճանապարհ դեպի ապագա» մրցանակը 2003-ին եւ «Դասական երաժշտության կատարողական արվեստի» նախագահական մրցանակը 2009 թվին: |