ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԱՎ GMP ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Ա. Մ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո երեկ տեղի ունեցած «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովի ժամանակ, խոսելով այս մասին, «Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանըՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը: ՊԱԳ-ը բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում եւ կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին եւ անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում: Այդ հավաստագրի ստանալու կապակցությամբ ընկերությանը շնորհավորեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշեց, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերություններիՙ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին: |