RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԱԶԻՑ «ՔԱՇՎԱԾ» ԱԴՐԲԵՋԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հարեւան երկրի ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովը իր իսկ գերատեսչությանը ենթակա fineco (www.abc.az) կայքին օրերս ասել է, որ «Ադրբեջանը պետք է մոռանա գազի «Շահդենիզ» հանքավայրից ստացվող շահույթի մասին»:

Ըստ Բայրամովիՙ «եթե 2013թ.ին «Շահդենիզ» հանքավայրը շահութաբեր էր, ապա 2014-ին այդպիսին չի լինի», այդտեղից շահույթ չարժե անկնկալել մինչեւ 2017-18 թվականը»: Ընդսմին, նշված հանքավայրից գազի արդյունահանման եւ արտահանման կասեցման կամ ծավալների նվազեցման մասին խոսք չկա: Ադրբեջանը կշարունակի վաճառահանել «կապույտ վառելիք», բայց պետական գանձարանը մեկ կոպեկ անգամ մուտք չի գործի:

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը մամուլի խոսնակի մակարդակով տեղեկացրել է, որ «փոխնախարար Բայրամովն այդ կարգի հայտարարություն չի արել», սական «Թուրան» գործակալությունը տարածել է www.abc.az-ի էլեկտրոնային հղումը, որի օգնությամբ շատ դյուրին է պարզել, որ «պաշտոնական հերքումն» իրականության հետ առնչություն չունի:

Բաքվում իշխող վարչախումբը պարզապես հերթական անգամ ադրբեջանական հանրության «գլուխը արդուկում է», որովհետեւ ֆինանսների փոխնախարարը ոչ միայն կանխատեսում է արել, այլեւ` հիմնավորել: Բուն սենսացիան էլ հենց այդ բացատրությունն է:

Ազեր Բայրամովը, առանց փակագծերը բացելու, ասել է, որ «Շահդենիզ-2» գազի նոր հանքավայրը վերջնական շահագործման հանձնելու համար «անհրաժեշտ են 60 մլրդ դոլարի ներդրումներ»: Ավելի վաղ շրջանառվել էր չափազանց համեստ հաշվարկ` 20-25 մլրդ դոլար, բայց նույնիսկ այդ դեպքում էր ասվել, որ «Ադրբեջանը նման մեծածավալ ծախսերի համար անհրաժեշտ գումարներ չունի»:

Հայտնի էր դարձել, որ BP-ն խոստանում է կատարել անհրաժեշտ ներդրումները` պայմանով, որ Ադրբեջանը չի ստանա իր բաժին շահույթն այնքան ժամանակ, քանի դեռ «ծախսերը չեն փոխհատուցվի»: Միաժամանակ ակնարկվել էր, որ Իլհամ Ալիեւը «համաձայն չէ այդ պայմանին եւ անձամբ է քննարկելու խնդիրը բրիտանական կողմի հետ»:

Շուրջ մեկ ամիս առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Իլհամ Ալիեւը բանակցություններ է վարել BP-ի Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ծրագրերի տնօրենի հետ: Արդյունքն, ըստ երեւույթին, այն է, որ բրիտանական կողմը, որպես «Շահդենիզ-2» ծրագրի գլխավոր օպերատոր, ոչ միայն վերահաշվարկել է ենթադրվող ներդրումների չափը եւ հասցրել 60 մլրդ դոլարի, այլեւ պահանջել, որ արդեն եկող տարում Ադրբեջանը հրաժարվի գործող «Շահդենիզ» հանքավայրի իր բաժին շահույթից:

Ստացվում է, որ մինչեւ 2017-18թ. Ադրբեջանը շահույթ չի ունենա գործող «Շահդենիզ», իսկ դրանից հետո` «Շահդենիզ-2» հանքավայրից: Ադրբեջանում էներգետիկ հարցերով հեղինակավոր փորձագետի համարում ունեցող Իլհամ Շաբանը «Թուրան» գործակալությանն ասել է, որ ֆինանսների փոխնախարար Բայրամովի «կանխատեսումները չափազանց մոտ են իրականությանը»:

Ինչ վերաբերում է «Շահդենիզ -2» ծրագրի իրագործումից անկնալվող «աստղաբաշխական եկամուտներին», որ Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզարշավի հիմնական թեզն էր, ապա, Իլհամ Շաբանի կարծիքով, ենթադրվում է 150-160 մլրդ դոլարի ընդհանուր շահույթ, որից Ադրբեջանի «մասնաբաժինը 10 տոկոս է»: Այսինքն` 10-16 կամ տարեկան 1,5-1,6 մլրդ դոլար, քանի որ հանքավայրի «ամենաակտիվ շահագործման ժամանակահատվածը կանխատեսվում է շուրջ 10 տարի»:

Փաստացի, Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները վերջին երկու-երեք տարիներին անշեղորեն անկում են ապրել` տարեկան 50 մլրդ տոննայից հասնելով 30-ի, ինչն արդեն իսկ 2014թ. պետական բյուջեում առաջացրել է 1,8 մլրդ դոլարի պակասուրդ: Իրավիճակը փրկելու` Բաքվում իշխող վարչախմբի միակ հույսը գազի արտահանումից ակնկալվող մուտքերն էին:

Բայց եթե ֆինանսների փոխնախարարը գուժում է, որ Ադրբեջանը գազի արտահանումից մի կոպեկ եկամուտ իսկ չի ունենա, եւ նրան «ստախոսության» համար պաշտոնից չեն հեռացնում, նշանակում է, որ Իլհամ Ալիեւը պարզապես ցածրակարգ պաշտոնյայի շուրթերով հասարակությանը հասկացնում է, որ պատրանքների չտրվի, Ադրբեջանին, իրոք, սպասվում են ծանրագույն փորձություններ:

Զավեշտն այն է, որ դեկտեմբերի 12-ին Հեյդար Ալիեւի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Բաքվի գրեթե բոլոր լրատվամիջոցները միաբերան պնդել են, որ «դարի»` Բաքու- Ջեյհան նավթամուղի «պայմանագիրն ստորագրելով Հեյդար Ալիեւը փրկել է Ադրբեջանը»: Թե ո՞ւմ է փրկել այդ պայմանագիրը` պարզ է օրվա լույսի պես` միայն ալիեւյան կլանին եւ հատկապես Իլհամ Ալիեւին: Իսկ առհասարակ Ադրբեջանն այդ եւ հետագա նավթագազային բոլոր գործարքներից միայն «քաշվել» եւ «քաշվում է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ