RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 18

Ի՞ՆՉ ԿՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ «ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այսօր ժամը 11-ին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան կենտրոնում նախատեսվում է ստորագրել «Շահդենիզ-2» գազակոնդեսատային հանքավայրի մշակման նախագծի համաձայնագիրը: Նախապես հայտարարվել էր, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կգտնվի Իտալիայի վարչապետը, սակայն ավելի ուշ այդ երկրի փոխարտգործնախարար Մարթա Դասուն հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Բաքվում պետք է բավարարվեն Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի ներկայությամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Անգլիայի արտգործնախարարը, պաշտոնական պատվիրակություններ Հունաստանից եւ Ալբանիայից, Թուրքիայի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ «բազմաթիվ նավթագազային ընկերությունների թոփ-մենեջերներ», ինչպես տեղեկագրել է «Թուրան» գործակալությունը:

Ադրբեջանական մամուլն այսօր նախատեսված միջոցառումը համարել է «երկրորդ դարի պայմանագիր»: Ինչպես հայտնի է, 1994թ. ստորագրված համաձայնագիրը, որով ադրբեջանական նավթն արտահանվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ, ստացել է «դարի պայմանագիր» անվանումը: Անուրանալի է, որ Ադրբեջանի տնտեսության փրկությունը պայմանավորված է այդ գործարքով: Միաժամանակ, Ադրբեջանի` որպես պետության, հանդեպ միջազգային հետաքրքրությունը նույնպես պատճառաբանվում է նավթի եւ գազի հանդեպ արեւմտյան երկրների շահագրգռվածությամբ:

Ամեն ինչ գուցե իրոք «դարակազմիկ» լիներ, եթե մի քանի օր առաջ, ինչպես արդեն գրել ենք, Ադրբեջանի ֆինանսների փոխնախարարը հանդես եկած չ;իներ սենսացիոն հայտարարությամբ, որի համաձայն հարեւան երկիրն առաջիկա մի քանի տարիներին ոչ մի կոպեկ եկամուտ չի ունենա իր տարածքում արդյունահանվող գազի վաճառքից:

Բանն այն է, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթով նախատեսվող «Շահդենիզ-2» ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են 60 մլրդ դոլարի ներդրումներ: Ադրբեջանը ոչ միայն այդքան, այլեւ առհասարակ որեւէ չափով ներդրումներ անելու ազատ գումարներ չունի: Եվ եթե այդ երկրի ֆինանսների փոխնախարարի պնդումներն իրական են, իսկ դրանք պաշտոնապես չեն հերքվել, ուրեմն կողմերը եկել են այն համաձայնությանը, ինչը նախապես առաջարկել էր բրիտանական BP ընկերությունը:

Իսկ պայմանը մեկն է` BP-ը կատարում է հարկավոր ներդրումները, պայմանով, որ Ադրբեջանը հրաժարվում է իր 10 տոկոս մասնաբաժնի դիմաց շահույթից այնքան ժամանակ, քանի դեռ ներդրումները չեն փոխհատուցվի: Ադրբեջանցի փորձագետ Իլհամ Շաբանի հաշվարկներով` «Շահդենիզ- 2» նախագծից ակնկալվող առավելագույն շահույթը 150-160 մլրդ դոլար է, որը կգոյանա հանքավայրը 10 տարի շահագործելու ընթացքում:

Բայց ի՞նչ երաշխիք, որ այդ ընթացքում, երբ BP-ը կվերականգնի իր ներդրումները, չեն ծագի լրացուցիչ դժվարություններ: Հարցը հռետորական չէ: Այսօր իսկ Ադրբեջանի կառավարությունը եւ բրիտանական նավթային ընկերությունը սուր վիճաբանությունների մեջ են Կասպից ծովում նավթի արդյունահանման ծավալների անշեղ կրճատման խնդրի շուրջ:

Բաքվում իշխող վարչախմբի կարծիքով` բրիտանական կողմն ամեն ինչ պետք է անի, որ նավթի արդյունահանման տարեկան 50 մլն տոննա ծավալները պահպանվեն, ինչի վրա է կառուցված «տնտեսական հրաշքի» տեսությունը, իսկ BP-ը պնդում է, որ կատարել է «դարի պայմանագրով» ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ եթե ադրբեջանական կառավարությունը շահագրգռված է նավթի արդյունահանման ծավալների պահպանմամբ, ապա պետք է առնվազն կիսի լրացուցիչ ներդրումների բեռը:

Այս հողի վրա Բաքվում իշխող վարչախումբը նույնիսկ BP-ին մեղադրել էր «նավթի արդյունահանման ծավալների միտումնավոր կրճատման միջոցով քաղաքական նպատակներ հետապնդելու» մեջ, սակայն բրիտանական կողմն անդրդվելի է մնացել: Այս իրողության նկատառմամբ բացառված չէ, որ նույն պատմությունը կրկնվի նաեւ «Շահդենիզ- 2» նախագծի դեպքում. երբ արեւմտյան ներդրողները կվերականգնեն իրենց ծախսածն ու կստանան ակնկալվող շահույթները, դարձյալ Ադրբեջանի կառավարությանը կթողնեն իր հոգսերի հետ մենակ:

Իհարկե, իշխող վարչախումբն ու «թագավորական ընտանիքը» կստանան գործարքից իրենց բաժինը ոչ միայն հնչուն դրամի, այլեւ քաղաքական «տոկոսների» տեսքով: Արեւմտյան երկրների քաղաքական գործիչները չեն զլանա եւ Ադրբեջանը կբնութագրեն որպես «Կասպյան տարածաշրջանում կարեւոր գործընկերոջ» կամ «Ռուսաստանի հակակշիռ»:

Դա թույլ կտա, որ Իլհամ Ալիեւը 2018-ին եւս «հաղթի նախագահական ընտրություններում» եւ շարունակի պաշտոնավարել այնքան, որքան Կասպից ծովի ադրբեջանական հատվածից հնարավոր կլինի արդյունահանել վերջին մեկ մլն բարել նավթն ու մեկ մլն խմ գազը: Բայց ի՞նչ է շահել ադրբեջանական ժողովուրդը «դարի պայմանագրից», որպեսզի հույս տածի, թե շահելու է նաեւ երկրորդ «դարի պայմանագրից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ