RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1047, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԲԱՆԱԿ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իլհամ Ալիեւը «կոնֆեդերատիվ պետությու՞ն է ստեղծում»

Haqqin.az-ի փոխանցմամբ, երեկ օրվա վերջին հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիեւը «հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի առանձին համազորային բանակ կազմավորելու մասին»: Ըստ այդմ, Նախիջեւանի համազորային բանակը դուրս է բերվել Ադրբեջանի ՊՆ ենթակայությունից: Նշված զորամիավորումն այսուհետեւ ուղղակիորեն կենթարկվի Իլհամ Ալիեւին, իսկ օպերատիվ կառավարման հարցերում` Նախիջեւանի ինքնավարության ղեկավար Վասիբ Թալիբովին:

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, «որեւէ նորություն այստեղ չկա, նախագահն ընդամենը փաստացի իրավիճակն օրինակացրել է»: Նրանք մատնանշում են, որ մինչ այդ էլ Նախիջեւանում տեղակայված համազորային բանակը չէր ենթարկվում պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաեւ, որ ինքնավարության տարածքից նորակոչիկները պարտադիր ծառայության զորակոչվում են միայն Նախիջեւանում տեղակայված զորամասեր:

Որոշ փորձագետներ, սակայն, Իլհամ Ալիեւի հրամանագիրը կապում են ԼՂ բանակցային գործընթացի հետ եւ ենթադրում, որ «եթե առաջընթաց արձանագրվի, Ադրբեջանը կարող է համաձայնել պետության կոնֆեդերատիվ կառուցվածքում Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակին` ներառյալ սեփական բանակ ունենալու` ղարաբաղյան կողմի իրավունքը եւ այս իմաստով Նախիջեւանի ինքնուրույն բանակ կազմավորելու մասին հրամանագիրը կարելի է դիտարկել որպես հայերին ուղղված ազդակ»:

«Թուրան» գործակալության տնօրեն, վերլուծաբան Մեհման Ալիեւը, սակայն, այդ կարծիքը չի կիսում եւ համարում է, որ Իլհամ Ալիեւը «պարզապես ընդառաջել է որոշ զինվորականների հավակնություններին եւ փորձում է տպավորություն ստեղծել, թե Ադրբեջանում կազմավորվում է երկրորդ հզոր բանակը, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվի»:

Ամենահետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիեւի հրամանագիրը մեկնաբանել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը: Նա որոշ դիտարկումներ է արել Նախիջեւանին «սպառնացող վտանգների», Թուրքիայի կողմից ինքնավարության «անվտանգության երաշխավորի դերի» մասին, ապա ձեւակերպել. «Նախիջեւանի կարգավիճակի բարձրացումը Հայաստանի հետ բանակցություններում կամրապնդի Ադրբեջանի դիրքերը եւ որաշակիորեն կարող է մոդելային լինել Լեռնային Ղարաբաղի «ինքնավարության» (չակերտները մերն են- Վ. Ա.) համար»:

Միլլի մեջլիսի կոմիտեի նախագահն, ըստ էության, հաստատել է որոշ փորձագետների այն դիտարկումը, որ Նախիջեւանի ինքնուրույն բանակ կազմավորելու մասին Իլհամ Ալիեւի հրամանագիրը կարող է նշանակել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պետության կոնֆեդերատիվ կառուցվածքի անցնել, եթե «հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց արձանագրվի»:

Այնուամենայնիվ, բացառված չէ, որ Նախիջեւանում իր ուղղակի ենթակայության բանակ ստեղծելու գաղափարն Իլհամ Ալիեւի «պայծառ» ուղեղում ծագած լինի զուտ ներքաղաքական նկատառումներով: Վաղուց է խոսվում, որ Նախիջեւանում անջատողական տրամադրություններ կան իշխանության վերնախավում: Եւ Նախիջեւանում փաստացի նախագահական գվարդիա կազմավորելով` Իլհամ Ալիեւը, թերեւս, նպատակ ունի զսպելու այդ տրամադրությունները, իսկ հարկ եղած դեպքում` այն օգտագործելու նաեւ Բաքվում, ինչպես որ ժամանակին Հեյդար Ալիեւին պաշտպանել են նախիջեւանցի «կամավորականները»` իշխանության համար նրա պայքարում:

Բուն նպատակն, ամենայն հավանականությամբ, դա է, իսկ այն ծածկաքողարկելու նպատակով ադրբեջանցի անուղեղ «քաղտեխնոլոգներն» ասպարեզ են հանել «կոնֆեդերատիվ պետության» թեման` երեւի հուսալով, որ հայկական կողմն «ըստ արժանվույն կգնահատի Իլհամ Ալիեւի մեծահոգությունը»:

Դա արդեն ծիծաղելի է: ԼՂՀ-ն արդեն 22 տարի է` անկախ պետություն է եւ ունի բանակ, որն իրեն պատերազմի դաշտում պսակել է փառքով: Իսկ թե ու՞մ կամ ինչի՞ գերագույն գլխավոր հրամանատար է Իլհամ Ալիեւը` դա արդեն իր խնդիրն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ