JavakhkMedia.com - ՆՈՐ ԿԱՅՔ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ Վ. Պ. Երեկ պաշտոնապես բացվել է Ջավախք Մեդիանՙ Ջավախքի միացյալ տեղեկատվական կայքը. JavakhkMedia.com: կայքի «Մեր մասին» բաժնի համաձայն, «Ջավախք Մեդիան հիմնադրվել է Ջավախքի տեղեկատվական ցանցի (Javakhk.net), Ախալցխայի տեղեկատվական կայքի (Akhaltskha.net) եւ Ջավախքի IT ռեսուրսների զարգացմամբ զբաղվող աջակիցների անշահախնդիր եւ անվարձահատույց աշխատանքի շնորհիվ»: Ըստ այդմ, կայքի նպատակն է նպաստել Ջավախքի մասին տեղեկատվության տարածմանը, Ջավախքի հայ մշակութային ժառանգության պահպանմանը եւ ջավախահայության սոցիալական, տնտեսական ու քաղաքական շահերի պաշտպանությանը: Կայքի նպատակն է նաեւ նպաստել «հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացմանը եւ օժանդակել Վրաստանի ժողովուրդների փոխըմբռնման ու բարեկամության խորացմանը»: Ջավախք Մեդիան կառուցված է որպես քառալեզու լրատվական-տեղեկատվական մեդիա պորտալ: Բազմալեզու ծրագրավորումը ավտոմատ կապ է հաստատում կայքի չորս լեզուներով տարբերակների միջեւ: Ի հավելումն տեքստային էջերի, Ջավախք Մեդիան պարունակում է նաեւ բազմաթիվ PDF գրքեր, տեսանյութեր, նկարների պատկերասրահներ եւ այլ ֆայլեր: Կայքը, համաձայն հեղինակների, «արձագանքող (responsive) ծրագրավորմամբ կառուցված առաջին հայկական կայքն է»: Կայքում հնարավոր կլինի հետեւել Ջավախքի վերջին նորություններին Ջավախքի Լրահոսում, ծանոթանալ Ջավախքի մշակութային ժառանգությանը, պատմությանը եւ հոգեւոր կյանքին: |