RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Կեղծ գիտնականներ

Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1092, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՓԱԿԵԼ ԽՈՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

«Ով չարը չի պատժում, նա նպաստում է չարի իրագործմանը»

Լեոնարդո դա Վինչի

Յուրաքանչյուր ժողովուրդ աշխարհին հայտնի է դառնում ոչ այնքան իր պատմական ճակատագրով ու դրա հետ կապված մեծ ու փոքր իրադարձություններով, որքան այդ ժողովրդի կողմից համաշխարհային քաղաքակրթության գանձարան ներմուծած գիտության եւ մշակութային արժեքներով: Համոզված եմ, եթե աշխարհի որեւէ ծայրում հոլովվում են հայ կամ Հայաստան բառերը, մարդիկ առաջին հերթին մտաբերում են մեր հին ու նոր մշակույթը, գիտության մեր ձեռքբերումները: Ահա թե ինչու մտահոգ եմ այսօրվա մեր երիտասարդ սերնդի ընդհանուր զարգացման պրոբլեմներով` որքանո՞վ է նա պատրաստ շարունակելու մեր ազգային լավագույն ավանդույթները: Այդ կապակցությամբ ցանկանում եմ իմ մտորումները հայտնել երիտասարդ կադրերի պատրաստման հետ կապված մի քանի հարցերի շուրջ:

Հայ ժողովուրդն ունեցել է եւ ունի բացառիկ տաղանդով օժտված երիտասարդներ, որոնք իրենց գիտելիքներով, լայն էրուդիցիայով բարձր են պահել մեր հեղինակությունն ու արժանապատվությունը: Մենք հպարտանում ենք նրանցով: Սակայն վերջին տարիներին նկատելի է դառնում մռայլ մի երեւույթ, որը վտանգում է գիտական մտքի առաջընթացը մեզանում: Ինչի մասին է խոսքը:

Այս տարվա գարնանը հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կայքերում լուրեր սփռվեցին, որ Գերմանիայում պաշտոնանկ է արվել զինված ուժերի նախարարը: Նա իր ատենախոսության մեջ թույլ էր տվել գրագողություն: Նման մեկ-երկու դեպք արձանագրվել էր նաեւ եվրոպական այլ երկրներում. խստագույն պատիժը չէր ուշացել: Ռուսաստանում այդ նույն պատճառով լուծարվեցին խորհուրդներ, աշխատանքից ազատվեցին մի շարք պաշտոնյաներ: Չեղյալ համարվեց մեծ թվով (հազարից ավելի) պաշտպանված ատենախոսություններ: Թվում էր, թե նման հզոր պետությունների համար դրանք կարող են մանրուք համարվել: Բայց արի ու տես, որ այդպես չէ: Այդ երկրներում դա համարվեց խիստ դատապարտելի հանցանք:

Մեզ մոտ, դժբախտաբար, գրագողության եւ թեկնածուական միանգամայն թույլ աշխատանքներն անհանգստանալու առիթ չեն հանդիսանում: Հաշտվել ենք այդ խայտառակ փաստի հետ: Չես զարմանում, որ քեզ ծանոթ շարքային միջակությունը մի օր անսպասելիորեն կարող է ներկայանալ որպես գիտությունների թեկնածու (հետո էլ կպայքարի դոկտոր դառնալու համար, հետո աշակերտներ կունենա... (տեր աստված փրկի մեզ նման աշակերտներից):

Առիթ եմ ունեցել այդ հարցի շուրջը զրուցելու որոշ այրերի հետ. անհույս արձագանք: Մի անգամ էլ մեկը թե` դրա ժամանակը չէ, Ղարաբաղի խնդիր ունենք: Դժվարանում եմ ասել, նման մտածելակերպի տեր մարդիկ չգիտեն արդյոք, որ Ղարաբաղի, եւ ոչ միայն Ղարաբաղի, հարցի լուծումը պայմանավորված է նաեւ ազգային ինտելեկտի բարձր մակարդակով, մեծահմուտ դիվանագետներ ու համակողմանի զարգացած քաղաքացիներ ունենալով:

Ես նույնպես ստիպված հաշտվել եմ այդ վիճակի հետ ու կլռեի, եթե Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի օգոստոսյան գիտական խորհրդի նիստում, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ամենայն լրջությամբ չանդրադառնար այդ հարցին: Ինձ ուրախացրեց, որ հանրապետության ամենախոշոր բուհերից մեկի ղեկավարը սրտացավ է գիտակրթական ոլորում տեղ գտնող արատների նկատմամբ: Ավելին. գիտեմ, որ նա հնարավորինս փորձում է վերջ դնել, կանգնեցնել թեկնածու դառնալու այս սպորտային մրցավազքը:

Իմ երկար կյանքի ընթացքում խուսափել եմ (չեմ հիշում նման որեւէ դեպք) աշխատանքային վերադասների մասին գովեստներ շռայլել, չնայած երբեմն նրանք արժանի են եղել: Մտավախություն եմ ունեցել, որ բարեկամներս ինձ ճիշտ չեն հասկանա, կմտածեն` շողոքորթում է: Այսօր զղջում եմ դրա համար: Ճիշտ է ասվում` «Ճշմարտությունը ժամանակին պետք է հնչի, նրա ուժը դրանում է. ուշացած ճշմարտությունը մխիթարանքի է նմանվում»: Ուրեմն մարդիկ թող ժամանակին լսեն իրենց բարի գործի գնահատականը: Շատ եմ ափսոսում, որ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի ռեկտորության տարիների կապակցությամբ դրվատանքի խոսք չի ասվել: Չէ որ այդ նվիրյալ գիտնականի ջանքերի շնորհիվ Մանկավարժական համալսարանը համալրվեց մի շարք անվանի գիտնականներով: Ինչպես չհիշել ակադեմիկոս Գեւորգ Բաղդասարյանին, ամենադեմոկրատ ռեկտորին, անսահման բարի հոգու տեր, անկաշառ գիտնականին:

Որպեսզի հետագայում լռելուս համար չզղջամ, ինքս ինձ չնախատեմ, կուզեի այսօր` ճիշտ եւ ճիշտ ժամանակին, մի քանի խոսք ասել մեր համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի կատարած աշխատանքների մասին:

Մեր հաստատության հետ կապ ունեցող մարդիկ կհամաձայնեն, որ վերջին երեք, երեքուկես տարիների ընթացքում այստեղ որոշակի տեղաշարժեր են կատարվել` ի նպաստ գիտաուսումնական գործընթացի որակական բարձրացման, տնտեսական բազայի ամրապնդման, համալսարանի միջազգային կապերի ընդլայնման: Ակտիվ է եղել համագործակցությունը եվրոպական լավագույն համալսարաններից մեկի` Օուլի (Ֆինլանդիա) հետ` փոխադարձ այցելություններ, փորձի փոխանակում...

Այսօր համալսարանում աննախադեպ լավ պայմաններ են ստեղծված ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի ուսումնա-հետազոտական աշխատանքների համար: Տարբեր մասնաշենքերում` գրադարանային նոր միավորներ ու ընթերցասրահներ, նաեւ վերջերս բացված էլեկտրոնային ընթերցասրահը: Կարելի է վստահորեն ասել, որ դրանք համազոր են եվրոպական նշանավոր համալսարաններում եղածների հետ:

Համալսարանի նորաստեղծ գեղեցիկ ու հարուստ թանգարանը, իրոք, անհրաժեշտություն էր: Նոր ընդունված պատանին պետք է քաջատեղյակ լինի իր բուհի պատմությանը, նրա անցած ուղուն. ովքեր են սովորել, ովքեր են դասավանդել, ինչ դեմքեր են եղել: Դա պարտավորեցնող գործոն է` բարոյական խթան ապագա մանկավարժի համար: Այսօր համալսարանն ունի հենակետային վարժարան, հովանավորում է հայոց մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Կարելի է հիշել նոր կազմակերպված ամբիոնները, նոր մասնագիտությունները, նոր կադրերը...

Դրական շատ բան է արվում նաեւ վարչատնտեսական աշխատանքների գծով. մասնաշենքերի կապիտալ վերանորոգումները, շենքերի շրջապատի բարեկարգումը, անվտանգության համակարգի ստեղծումը, աշխատավարձերի շարունակական բարձրացումը, ուսումնական վարձերի կայունությունը. ամեն մի նորույթի վրա կանգ չես առնի... Դժվար է հավատալ, որ ընդամենը 3-3,5 տարվա ընթացքում կարելի էր այդքան բան անել... Այսօր իրականություն է Մանկավարժական համալսարանի ընդհանուր վարկանիշի աննախադեպ բարձր լինելը:

Ավելին կարելի է ասել, բայց անցնենք հիմնական խնդրին` գիտական աստիճաններ ձեռք բերելու մրցավազքին: Խորհրդային շրջանում մեր փոքրիկ հանրապետությունը հայտնի էր գիտա-կրթական մեծ ներուժով: Ողջ Խորհրդային Միության մեջ առաջին շարքերում էինք գիտության եւ արվեստի նվաճումների հարթակում: 1988-ի ավերիչ երկրաշարժը, խորհրդային հզոր տերության փլուզումը, շուկայական հարաբերությունների ոչ բնականոն ձեւավորվելն ու զարգացումը (ավա՛ղ, եղած արժեքների փոշիացմամբ) ծանր հետեւանքներ ունեցան մեր հանրապետության համար: Այսօր հայ ժողովուրդը կանգնած է համաշխարհային տարբեր մարտահրավերների առջեւ: Երեւի թե ոչ մի անգամ այնքան այժմեական հնչեղություն չի ունեցել Եղիշե Չարենցի մարգարեական խոսքերը` «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»:

Միասնության գաղափարը, սակայն միայն ձեռք ձեռքի տված կանգնելը չէ, հայրենասիրական լոզունգներ արտասանելու մեջ չէ. ժամանակները փոխվել են: Միասնությունը հաղթում է, երբ կա ազգային խորը գիտակցություն, որը ներառում է նաեւ գիտության եւ մշակույթի բոլոր բնագավառները` սկսած ասպարեզ մտնող երիտասարդ կադրերի գիտելիքներից, ամեն մի ատենախոսությունից: Վաղը այդ կադրերն են մեր ազգային կարեւոր խնդիրների լուծողները, հետեւաբար ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ հիրավի ազգանպաստ այդ գործին:

Հիմա շատ երկրներում, առաջին հերթին մեր հարեւան, ամեն ինչ` նյութական հսկայական միջոցներ ներդրվում է երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նրանց առջեւ բացված են աշխարհի լավագույն համալսարանների ու գիտական կենտրոնների դռները: Մեր հնարավորությունները, ավաղ, համեստ են: Բոլոր դեպքերում մեր հույսը մեր տաղանդավոր երիտասարդներն են, որոնց տրվում են մեզանում եղած հնարավորությունները, լավագույններին տրվում է հնարավորություն արտասահմանի մրցունակ համալսարաններում ուսում ստանալու կամ մասնագիտանալու:

Այս պարագայում եւ պայմաններում հանցագործություն է ժամանակի եւ միջոցների կորուստը: Իսկ ինչ է կատարվում. ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, շնորհալիներն իրոք արժանավայել շարունակում են ուսումը բարձր աստիճանում` ասպիրանտուրա` մուտք գործելով գիտության գաղտնաշխարհը: Սակայն ոմանք էլ, գիտենալով իրենց նվազ կարողությունների չափը, այնուամենայնիվ, անձնական վարկանիշ ստեղծելու, երբեմն էլ տարկետումներ ստանալու, կամ զանազան ապահովագրումների համար խցկվում են ասպիրանտուրա: Նրանց հույսը «բարեգութ գիտական ղեկավարներն» են, որոնք, իհարկե, չեն ուշանում հայտնվելուց: Մնացածը, ինչպես շախմատում են ասում, տեխնիկայի գործ է...

Չարժե այլեւս մանրուքների մեջ մտնել... նաեւ բարոյահայրենասիրական քարոզներ կարդալ, կրկնել հայտնի ասույթները` «Բարեգործել` ասել է, թե փողը նպաստում է բարեկեցիկ կյանքին, բայց առողջություն ու երջանկություն չի բերում», «Հեշտությամբ եկածը հեշտությամբ էլ գնում է»: Արիստոտելի աշակերտ, աշխարհահռչակ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին կարգադրել էր «իրեն թաղել աջ եւ ձախ բաց արած ձեռքերով, որ մարդիկ տեսնեն, որ ինքն աշխարհից ոչինչ չի տանում»: Եվ այսպես կարելի է շատ օրինակներ բերել: Սակայն ներկայիս փողապաշտության ու նյութապաշտության համաճարակի պայմաններում մեր գիտական մի քանի ղեկավարների համար գլխավոր նշանաբանը շատ հնացած, բայց ուժը չկորցրած «Փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը» խոսքերն են: Նպատակին հասնելով նրանք ինքնավստահ, դիք-դիք ման են գալիս` փնտրելով նորերին: Եզրակացությունը մեկն է` չկա գործող օրենքի ուժը: Մեզ մոտ եվրոպական կամ ռուսական պատժամիջոցները չեն գործի. մարդկանց պաշտոնից հանել, զրկել ղեկավարելու իրավունքից, չեղյալ հայտարարել պաշտպանած մի շարք ատենախոսություններ, ոչ, չի ստացվի: Ներքին կապերը շատ ուժեղ են, նրանց ներկայացուցիչները նաեւ վերին ատյաններում են. ձեռքը ձեռք է լվանում... Բայց եւ այնպես, թեկուզ եւ աստիճանաբար, կարելի է վիճակը բարելավող որոշակի քայլեր կատարել:

Իմ գործընկերներից մեկը, որը վերջերս էր եղել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, պատմում է, որ այնտեղ հատկապես մրցութային ֆակուլտետներում, նույնիսկ ընդունվելուց հետո դիմորդները մի շատ հեղինակավոր հանձնաժողովի կողմից ենթարկվում են լրացուցիչ հարցաքննության: Այդ արգելքը հաղթահարելուց հետո միայն նրանց անունները գրվում է ընդունվողների ցանկում:

Մեզանում ոչ թե համալսարան ընդունվողների, այլ արդեն ատենախոսությունը պաշտպանության ներկայացնող մարդկանց համար կարելի է Լոմոնոսովի համալսարանի օրինակով նման քննություն կազմակերպել, միայն թե հանձնախումբը պետք է լինի շատ հեղինակավոր, որի խոսքն անվերապահ ուժ ունենա, լինի ճշմարիտ եւ վերջնական: Այդ հարցաքննության ընթացքում վատ չէր լինի տալ նաեւ գրավոր հանձնարարություն` ստուգելու հայցորդին, թե նա որքանով է տիրապետում գրավոր խոսքին, կարո՞ղ է մի քանի էջում իր միտքն առանց սխալների շարադրել:

Մեր առաջարկը հիմնախնդիրը կարգավորելու տարբերակներից մեկն է. կարող են ավելի նպատակահարմար առաջարկություններ լինել, միայն թե` պաշտպանության կանգնող անձնավորությունը պարտավոր է այդ վերջին դժվարին խութը հաղթահարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ