ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է Վ. Պ. Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Սարգսյանը մասնակցելու է այսօր` դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Ասել է թե եվրասիական ինտեգրման գործընթացները ամենայն արագությամբ առաջ են մղվում, ընդ որում` ոչ միայն հյուսիսային ուղղությամբ: Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին էլ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրել է եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել հանրապետության նախագահի տված հանձնարարականների կատարմանը: Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքն, իհարկե, չի նշվում, սակայն ակնհայտորեն խոսքը հնարավորինս եվրոպական ուղղվածությունը պահպանելուն է վերաբերում, հատկապես, երբ խորհրդակցությունը եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների մասին է: Ըստ այդմ, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում վերջին զարգացումները, ամփոփել 2013թ. կատարված աշխատանքները եւ համապատասխան հանձնարարականներ տվել հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների եւ կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարեւորությունը, անդրադարձ է կատարվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում եւ դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին: |