RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԵԹԵ ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Մոսկվան այն է, ում, ըստ «շրջանառվող լուրերի» վաճառել են Հայաստանը, ինչպես ասում են` «30 արծաթի այսօրվա կուրսով` 300 մլն դոլարով»:

Հայաստանն ուրեմն «վաճառել են», բայց եթե երկիրը վաճառված է, ապա ի՞նչ է անում ընդդիմությունը` խորհրդարանի նիստերի դահլիճից դուրս գալուց, իշխանական պատգամավորների պատգամավորական էլեկտրոնային քարտերը, եթե այլ բառ չասենք` առանց նրանց իմացության վերցնելուց, խորհրդարանի միջանցքներում ծխելուց բացի: Իհարկե, երբեմն-երբեմն իջնում են փողոց, խոսում այնտեղ հավաքված քաղաքացիների հետ, ասում նրանց, որ խորհրդարանը ապօրինաբար է գործել, որ իրենք դավաճան չեն, որ շուտով «նրանք բոլորով» քրեական պատասխանատվության են ենթարկվելու, որ Սահմանադրական դատարան են իրենք շուտով դիմելու... Հետո համատեղ` 4 խմբակցությունում հայտարարություն են տարածում, համատեղ տեքստեր են մշակում եւ այս ամենն անում են «ժողովրդի անունից»: Իշխանությունն էլ ամեն ինչ անում է «ժողովրդի անունից», ու քանի որ ժողովուրդը սա չի հասկանում, ուրեմն «թյուրիմացության» մեջ է:

Մի տեսակ շատ պարզունակ են իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ` վաճառված երկրի իշխանություն եւ ընդդիմություն լինելու համար, պարզունակ եւ հանգիստ: Վաճառված երկրում ոչ առաջինը, ոչ երկրորդն իրենց նման կերպ չեն պահում. իշխանությունը բացատրում է, ապացուցում է, ցույց է տալիս, որ ինքը ոչ մեկին երկիր, անկախություն չի վաճառել, ընդդիմությունը չի գնում տուն հրապարակից այնքան ժամանակ, մինչեւ «երկրի վաճառքի մասին փաստաթուղթը» անվավեր չի ճանաչվում: Մեր երկրում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը:

Բա ժողովո՞ւրդը: Վաճառվող երկրի քաղաքացիները մի քանի հարյուրով կամ հազարով չէ, որ հավաքվում են` բողոքելու վաճառքի փաստի դեմ: Սա, հիշեցնենք, այն ժողովուրդն է, որը հրապարակներ էր լցնում` ընտրություններում պարտված թեկնածուների, կուսակցությունների պատվին: Կասեք` բերո՞ւմ էին, է, ո՞վ է խանգարում հիմա էլ բերել մարզերից, գյուղերից հազարներին, տասնյակ հազարներին, հարյուր հազարի, բերել ու կանգնեցնել Բաղրամյանում: Նախադեպը կա, չէ՞, մարդկանց ավտոբուսներով իրենց հանրահավաքներին բերել են, չէ՞: Հիմա, երբ նույն ռեսուրսներն ունեցողները չեն բերում, ուրեմն կարելի է եւ եզրակացնել, որ կամ երկիրն ամենեւին էլ չի վաճառվել, կամ այսպես կարծողներին ձեռնտու է, որ երկրի վաճառքի փաստը մնա, որպեսզի իրենք միշտ էլ խոսելու բան ունենան:

Այնինչ եթե երկիրը վաճառվել է, ուրեմն քնել չի կարելի, կամ կարելի է, բայց միայն հրապարակներում, ոչ թե սուպերմարկետների հերթերում` ամանորյա գնումներ կատարելիս:

Լավ, իշխանությունը հանցագործություն է կատարել, վաճառել է այն, ինչը չէր կարելի վաճառել, բայց ո՞վ է կամ ո՞ւր է դրա դեմ պայքարողը, դա թույլ չտվողը: Կասեք` պարբերաբար, ամեն օր այդ մասին խոսո՞ւմ են, բայց խոսողն ուրիշ է` բնավորությամբ, գործունեության ձեւով, պայքարողն ուրիշ է:

Կողմնորոշվենք ի վերջո` հիմա վաճառվե՞լ ենք, եթե այո, ապա ինչո՞ւ ենք վերադառնում տուն ամեն երեկոյան, որտեղ տաք է, որտեղ տաք կերակուր կա եւ հարմար քնելատեղ: Եթե չենք վաճառվել, այսպես էլ ասենք` առանց այդ էլ սուտը շատ այս մեր երկրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ