ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը դրանք վերացնելու ժամանակ տվեց Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածները: Հիշեցնենք, որ նման պահանջով ՍԴ էին դիմել ԱԺ 36 պատգամավորներ, որոնք ներկայացնում էին 3 ընդդիմադիր եւ 1 «այլընտրանք» կուսակցությունները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը , հրապարակելով որոշումը, մասնավորապես նշել է, որ այս օրենքով, նվազագույն աշխատավարձի դեպքում, հաշվի չեն առնվել կենսաապահովման նվազագույն զամբյուղի պահանջները, եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վարձատրվել նվազագույն աշխատավարձից ոչ պակաս: Նրա խոսքի մեկ այլ հետաքրքրական հատվածը հետեւյալն էր. «Օրենքի 49-րդ հոդվածից բխում է, որ ֆոնդերի կառավարիչների հետ չմտնելով օրենքով համարժեք պայմանավորվածության մեջ, պետությունը ստանձնում է նրանց հնարավոր ձախողման դեպքում գումարի վերադարձման 80 տոկոսի պատասխանատվությունը, ինչը մեծացնում է ռիսկայնությունը: Եթե այդ վճարները սոցիալական վճարների տեսքով հանդես գային, փոխանցվեին պետբյուջեի հատուկ հաշվին եւ պետության պատասխանատվությամբ տրվեին տնօրինման, ապա այդ միջոցները կհայտնվեին ՀՀ ԱԺ ուղղակի վերահսկողության տակ, առարկայական կլիներ ՀՀ պետության պարտավորությունը եւ վստահությունը կմեծանար այդ համակարգի հանդեպ»: Վերոնշյալ օրենքի այս եւ մյուս հոդվածները ճանաչելով հակասահմանադրական, Սահմանադրական դատարանը մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է սահմանելՙ հնարավորություն տալով ԱԺ-ին եւ Կառավարությանը համապատասխանեցնել օրենքը ՍԴ որոշման պահանջներին, ինչպես նաեւ նոր իրավակարգավորումներից ելնելով, վերահաշվարկի են ենթակա կուտակային բոլոր վճարները: ՍԴ որոշումը գոհունակությամբ ընդունեցին դիմող կողմերը, այդ թվում նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող երիտասարդների ներկայացուցիչները, գովասանքի խոսքեր հղելով դատարանի նախագահին եւ անդամներին: Բանը հասավ նրան, որ ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին` ՍԴ վրա ազդեցություն գործելուց զերծ մնալու համար: ակայն, ըստ մասնագիտական` իրավաբանական մեկնաբանությունների, որոշումը չի նշանակում, որ օրենքի գործունեությունը դադարեցվում է: Խոսքն այն մասին է, որ ԱԺ-ին եւ կառավարությանը ժամանակ է տրվում 6 ամսում` մինչեւ սեպտեմբերի 30-ը հակասահմանադրական ճանաչված բոլոր հոդվածները համապատասխանեցնել Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ մինչեւ այդ փոփոխությունները կատարելը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթները շարունակելու են գործել, իսկ 5 տոկոս կուտակային վճարումները` կատարվել: «ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքումՙ Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից» , նշել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՍԴ որոշմանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ ձեւավորելու է աշխատանքային խումբ` հակասահմանադրական նորմերը վերանայող օրենդրական փաթեթ մշակելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Վարչապետը եւս մեկ անգամ քաղաքացիական ակտիվիստներին հրավիրեց երկխոսության: Ինչին ի պատասխան «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են երկխոսության միայն այն դեպքում, երբ պարտադիր բաղադրիչը վերացվի, այլապես երկխոսության իմաստը չեն տեսնում: Հարկ է նշել, որ ավելի շուտ երկխոսության անիմաստ է պարտադիր բաղադրիչի վերացման դեպքում, քանի որ այդ դեպքում կուտակային համակարգը պարզապես չի կայանա: ՍԴ որոշումը երեկ մեկնաբանեց նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը : Նա վկայակոչեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը, համաձայն որի, օրենքը համարվում է սահմանադրական մինչեւ նրա ուժը կորցնելը: «Այսինքնՙ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչեւ սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ», պարզաբանեց նախարարը: Նա նաեւ այն կարծիքը հայտնեց, որ ՍԴ որոշումը չի նշանակում, որ մի կողմը հաղթել է, մյուսը` պարտվել: Կուտակային համակարգի դեմ բողոքողներն էլ իրենց հերթին երեկ հայտարարեցին, որ ՍԴ որոշումով իրենց պահանջները բավարարված են եւ իրենք կներկայացնեն «ՍԴ որոշման մասին իրենց տեսակետը եւ այն, ինչպես դա պետք է հասկանալ»: Նրանք խոստացան, որ արձագանքելու ենք «բոլոր մոլորություններին, որ գալիս են ոչ միայն օրենսդրից ու գործադիրից, այլեւ ԶԼՄ-ներից»: «Նույնիսկ ԶԼՄ-ներն են զգալու մեր արձագանքը»: Սպառնալիքը այն ԶԼՄ-ների հասցեին էր, որոնք «այս պայքարի վեց ամիսների ընթացքում մի ռեպորտաժ չպատրաստեցին, բայց այս երկու օրվա մեջ հանրությանը մոլորեցնող նյութեր են տալիս»: Խոսքի ազատության ահա այսպիսի «ակտիվիստական» ընկալում եւ պատկերացում` իրավունքների ոտնահարման մասին անդադար խոսողների կողմից: |