RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



«ՀԱՐԵՎԱՆՆԵՐ»

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2600, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուրքիայի հետ ռազմաքաղաքական «նոր» պայմանագիր

Դժվար է ասել` ի՞նչը դուր չէր եկել Իլհամ Ալիեւին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի թվիթերյան գրառումներում, բայց պաշտոնական Բաքվի արձագանքը Ուորլիքի հատկապես վերջին` «արդյո՞ք նախագահները խաղաղություն են ուզում» հարցադրմանը ոչ դիվանագիտական էր, եթե չասենք` կոպիտ: Չէ՞ որ ամերիկացի դիվանագետը նկատի էր ունեցել Հաագայում Սարգսյան- Ալիեւ «զրույցը» եւ նախագահներից մեկի վերաբերմունքը չէր առանձնացրել` ի վնաս մյուսի:

Դատելով Ադրբեջանում իշխող վարչախմբի արձագանքից, կարելի՞ է ասել, որ Բաքվում ամերիկացի համանախագահի գրառման ենթատեքստում Իլհամ Ալիեւի հասցեին քողարկված կշտամբանք են տեսել: Բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն լռել: Ավելին, բարձրաձայնել են իրենց դժգոհությունը եւ այդպիսով հասկանալի դարձրել, որ, այո, Ադրբեջանը խաղաղություն չի ուզում:

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Բաքվում սպասում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Ըստ contact.az-ի, նա «հանդիպումներ կունենա պաշտպանության նախարարությունում, որից հետո կընդունվի հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից, բայց հանդիպումների ժամանակացույցը դեռեւս հրապարակված չէ»: Haqqin.az-ը, որ Իլհամ Ալիեւի գլխավոր նյուզմեյքեր Էլնուր Ասլանովի խայտառակ պաշտոնանկությունից հետո, կարծես, կատարում է «հիմնականում կառավարության տեսակետներն արտահայտող» լրատվամիջոցի դեր եւ փայլում է «վստահելի աղբյուրներից» տեղեկացվածությամբ, հասցրել է անոնսավորել, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը «Բաքու է բերում երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական ամենաբարձր մակարդակի համագործակցության մասին նոր պայմանագիր»:

Ըստ երեւույթին, այդ տեղեկատվությունը հիմնազուրկ չէ, թեեւ կասկածելի է, որ պայմանագիր կստորագրվի միայն ռազմական գերատեսչությունների մակարդակով: Ամենայն հավանականությամբ, զինվորականներին տրված է Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության մասնագիտական բաղադրիչների համաձայնեցման լիազորություններ, իսկ առաջնորդները կհրապարակեն արդեն քաղաքական պայմանավորվածությունները: Haqqin.az-ի տեղեկացվածությամբ` խոսքը վերաբերում է «սկզբունքորեն նոր պայմանագրի, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն` երկրներից որեւէ մեկի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում»:

Մանրամասնելով` լրատվամիջոցը նկատել է տալիս, որ գործող թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին պայմանագիրը չի նախատեսում «կողմերից մեկի խնդրանքով մյուսին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորություն»: Haqqin.az-ի մեկնաբանությամբ, թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության ամբողջ ընթացքում այդ խնդիրը «մշտապես ադրբեջանական կողմից բարձրացվել է, սակայն Թուրքիան, կաշկանդված լինելով ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարտավորություններով, կարողացել է խուսանավել»:

Հղում անելով «Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներին», haqqin.az-ը վստահորեն պնդում է, որ «Ղրիմի դեպքերից հետո թուրքական կողմը կարողացել է համոզել ՆԱՏՕ-ի գործընկերներին եւ այժմ նախապատրաստվում է նոր պայմանագիր, որով Թուրքիան իրավունք կունենա Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել, եթե վերջինս ենթարկվի ագրեսիայի»: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որ հանդես է գալիս նաեւ իբրեւ «քաղաքագետ», մամուլի տեղեկությունները չի հերքել:

Ընդհակառակը, նա Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին նոր պայմանագիրը համարել է «երկար սպասված»: Մուսաբեկովի կարծիքով, սակայն, «ցանկալի է, որպեսզի նման համագործակցություն ձեւավորվի Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան ձեւաչափով, որը որոշ երկրների կզսպի տարածաշրջանի հանդեպ կամայականություններ անելու գայթակղությունից»: Հարցին, թե «իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը», Մուսաբեկովը պատասխանել է, որ «նման պայմանավորվածություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ»:

Գրեթե միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները, մեկնաբանելով երկրի տարածքում օտար զինուժի` զորավարժությունների մասնակցելու իրավունքի մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը, միաձայն պնդում են, որ «Ադրբեջանը կմասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կողմից ծրագրվող զորավարժություններին»: «Նման զորավարժություններ նախատեսվում են արդեն ընթացիկ տարվա աշնանը»,- տեղեկացնում են Բաքվի լրատվամիջոցները:

Զուգահեռաբար ադրբեջանական կողմը փորձում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձեւի օգտին քվեարկությունը դարձնել քաղաքական «լուրջ կապիտալ» այն իմաստով, որ Միավորված ազգերի կազմակերպության «վերաբերմունքը պետք է բոլոր դեպքերում լինի միանշանակ», իսկ Բաքվի «քաղաքագիտական կորպուսն» անցել է բացահայտ դեմագոգիայի` միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի հարցում մեղադրելով «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ:

Կմասնակցի՞ Ադրբեջանն Ուկրաինայում նախատեսվող զորավարժություններին, այդ զորավարժություններն ընդհանրապես տեղի կունենա՞ն, թե՞ մինչ այդ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կգան սկզբունքային համաձայնությունների` ապագայի հարց է, բայց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նոր պայմանագրի մասին տեղեկատվական «արտահոսքը» չափազանց հետաքրքրական է:

Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ռուսաստանյան կողմի բոլոր մեկնաբանություններում գրեթե անթաքույց նկատել է տրվում, որ Ուկրաինան «այն կարմիր գիծն է, որ ՆԱՏՕ-ն չպետք է հատի»: Փաստացի ասվում է, որ Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, որպեսզի ՆԱՏՕ-ն իր ազդեցությունը հաստատեր նաեւ Ուկրաինայում: Թուրքիա- Ադրբեջան ռազմական համագործակցության պայմանագիրը գործում է վաղուց, ավելի քան երկու տասնամյակ: Դա, սակայն, երբեք չի խոչընդոտել ռուս-ադրբեջանական համանման հարաբերություններին, Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարը:

Բայց Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության նոր պայմանագիրը, եթե այն ստորագրվի, սկզբունքորեն փոխում է իրավիճակը: «Արտաքին ագրեսիայի դեպքում ուղղակի ռազմական աջակցության ցուցաբերումը» չափազանց տարողունակ ձեւակերպում է եւ որեւէ պահի կարող է տարընթերցումների տեղիք տալ: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվելիք օգնությանը, հակառակն անիմաստություն է. Ադրբեջանն այն երկիրը չէ, որ Թուրքիային «արտաքին ագրեսիայից պաշտպանելու» ներուժ ունենա: Մանավանդ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, գտնվում է աշխարհի այդ ամենահզոր ռազմական դաշինքի «հովանոցի» ներքո:

Խնդիրն, ուրեմն, հետեւյալն է` Թուրքիան առանձի՞ն է ստանձնում Ադրբեջանի «անվտանգության երաշխավորի» պարտականություն, թե՞ դա անում է ՆԱՏՕ-ն` Թուրքիայի միջոցով: Ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում Եվրոմիության որոշ երկրների կեցվածքը հիմնականում բացատրվում է ռուսաստանյան էներգակիրներից նրանց կախվածությամբ: Միացյալ Նահանգները հայտարարել են, որ «Եվրոպային կօգնեն` հաղթահարելու այդ կախվածությունը»:

Այս դեպքում ադրբեջանական գազը կարող է դիտվել որպես Ռուսաստանի` եվրոպական մի շարք երկրների հանդեպ ազդեցության այլընտրանք: Գաղտնիք չէ, որ Եվրոմիությունը դեռեւս մինչ Ուկրաինայի դեպքերն էլ հակված էր Կասպից ավազանից գազի այլընտրանքային տարանցմանը, բայց այդ նախագծերը դեռեւս քննարկման փուլում են: Ղրիմն իր կազմն ընդունելուց հետո Ռուսաստանը շարունակում է մնալ ԵՄ անդամ երկրներ գազի հիմնական մատակարարներից մեկը, բայց եթե իրոք խնդիր է դրված ամենամոտ ապագայում Եվրոպան «ազատել կախվածությունից», ապա Ադրբեջանի հանդեպ հետաքրքրությունն անկասկած մեծանում է: ( Այս առնչությամբ կարդալ Ֆրիդմանի հոդվածը: Խմբ. )

Եւ բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նոր պայմանագրի մասին խոսակցությունները մամուլ են «նետվել» հենց այդ ենթատեքստում: Այսինքն, տվյալ դեպքում Թուրքիան Եվրոմիությանը փորձելու է ներկայանալ նրա էներգետիկ «անվտանգության երաշխավորի» կեցվածքով: Իսկ որպեսզի կատարի այդ դերը, Թուրքիան, բացառված չէ, ՆԱՏՕ-ից կարող է կորզել Ադրբեջանում ռազմահենակայան ունենալու իրավունք, ինչը նրա վաղեմի երազանքն է:

Խնդիրն այն է, թե ՆԱՏՕ-ն, ավելի հստակ` ԱՄՆ-ը, ինչպե՞ս է դա հիմնավորելու Ռուսաստանի հետ բանակցություններում: Իսկ որ նման բանակցություններ արդեն իսկ ընթանում են, ոչ ոքի համար, կարծես, գաղտնիք չէ: Պարզ ասած` Ռուսաստան- ՆԱՏՕ հարաբերություններում Ադրբեջանը «կարմիր գի՞ծ» է, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ինչպե՞ս է Թուրքիան ռազմահենակայան ստեղծելու Ադրբեջանում: Եթե` ոչ, ապա ո՞րն է Ղրիմի եւ, առհասարակ, Ուկրաիանայի հարցում Ռուսաստանի գործողությունների տրամաբանությունը: Չէ՞ որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ռուսաստանյան ծրագիրը, որի հիմնական բաղադրիչները դարձել են մամուլի սեփականություն, ենթադրում է մի էական նախապայման` այդ երկիրը չպետք է որեւէ ռազմական դաշինքի մաս կազմի:

Եթե Ռուսաստանի մոտեցումը պոստխորհրդային երկրների հանդեպ ունիվերսալ է հատկապես ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության կամ Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ իր իսկ հարաբերությունների կտրվածքով, ապա Ադրբեջանում Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ երկրի, ռազմական ներկայությունը դժվար թե ընկալվի «ոչ Ռուսաստանի դեմ» քայլ: Եւ, բնականաբար, Մոսկվան պետք է դեմ լինի Թուրքիա- Ադրբեջան ռազմական համագործակցության նոր պայմանագրին:

Իսկ ահա Ադրբեջանում Եվրոմիության դեսպան Մալենա Մարդը հայտարարել է, որ «Եվրոմիության եւ Ադրբեջանի միջեւ ասոցիացման համաձայնագրի բանակցությունները շարունակվում են, եւ շատ հոդվածներ արդեն համաձայնեցված են»: Նա ասել է, որ ասոցիացման համաձայնագրի բանակցություններն «այս տարի կընթանան, հավանաբար, ավելի ինտենսիվ»: Եվրոմիության դեսպանը կարծիք է հայտնել նաեւ, որ Ադրբեջանի տնտեսության «դիվերսիֆիկացման քայլերը պետք է շարունակվեն»:

Նշանակու՞մ է սա, արդյոք, որ Եվրոմիությունը «խաղադրույք է դնում» Ադրբեջանի վրա, թե՞ ասվածն ընդամենը պետք է հասկանալ որպես «լավագույն ցանկություն» կամ` «ակնարկ Ռուսաստանին»: Դժվար է գուշակություն անել: Պետք է միայն փաստել, որ Ադրբեջանում աշխատում են նաեւ մոսկովյան ուղղությամբ:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ Իլհամ Ալիեւը զգուշանում է հակառուսաստանյան որեւէ հստակ քայլ ձեռնարկելուց, բայց եւ միաժամանակ Արեւմուտքի հետ հարաբերություններում փորձում է ստեղծված իրավիճակից առավելագույն շահ կորզել: Բաքվում միաժամանակ խիստ սահմանափակել են հակաիրանական քարոզչությունը եւ վերակենդանացրել ԱԳ նախարարների մակարդակով Իրան-Թուրքիա-Ադրբեջան շփումները: Զուգահեռաբար վերագործարկվել է նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան` դարձյալ արտգործնախարարների ձեւաչափով, խորհրդատվություններ անցկացնելու ավանդույթը:

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ըստ հայտարարության, սպասում են եկող շաբաթ: Մինչ այդ «ռազմաճակատային գոտում» է գտնվել Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովը, իսկ ռազմածովային ուժերի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ադրբեջանի բանակային վերնախավում, առհասարակ, վերջին ամիսներին կատարվել են բազմաթիվ փոխատեղություններ եւ նոր նշանակումներ: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նույն ժամանակ ադրբեջանական կողմի սադրանքները դարձել են գրեթե պարբերական: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, կարծես, իրավիճակը շտկելու որեւէ լծակ չի օգտագործում:

Իսկ ապրիլի 2-ին, «ի նշանավորումն Քելբաջարի օկուպացման 21-րդ տարելիցի» այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» Բաքվում պիկետ է կազմակերպել... ՌԴ դեսպանության մոտ: «Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ դեսպանության շենքին, այդուհանդերձ ակցիայի մասնակիցների բողոքը հանձնվել է Բաքվում ՌԴ դեսպանությանը»,- տեղեկագրել է «Թուրան» գործակալությունը:

Խորհրդանշական չէ՞, որ Քելբաջարի «օկուպացման» դեմ բողոքի հանրագիրը հանձնվել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, իսկ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանություններին` ոչ: Միամտություն կլիներ կարծել, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» գործել է «ինքնաբուխ»: Ադրբեջանում վաղուց որեւէ ինքնուրույն քայլ ոչ ոք չի կատարում: Ընդ որում, կարծես, սա առաջին անգամ է, երբ Ռուսաստանի դեսպանությանը նման հարցով բողոք է ներկայացվում:

Բայց արդյոք դա Ադրբեջանի վերջնակա՞ն ընտրությունն է: Կամ դա «ընտրությու՞ն» չէ հիմնական ընտրությունը քողարկելու համար...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ