ՇԵՐԵՄԵՏԵՎՈՅԻ ԿԱՌՈՒՍԵԼԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երեւան-Մոսկվա չվերթից Հայաստանում շատերն են օգտվում, եւ վստահաբար կարելի է ասել, որ այդ ուղղությամբ թռիչքների մասնակիցների զգալի մասը հաստատ չի ուրախանում, երբ որեւէ տեղ մեկնելիս միակ հարմար կամ հնարավոր տարբերակ ներկայացվում է Մոսկվայով որեւէ տեղ հասնելու ճանապարհը: Հերթական անգամ, հերթական երկիրն հասնելու համար անհրաժեշտությունն էլի մեզ տարավ Մոսկվայով: Որ աշխարհի ամենատհաճ ու անբարեհաճ օդանավակայաններից մեկն է Մոսկվայի Շերեմետեւո կայանն ու որ այնտեղ բոլոր գործողություններն արվում ու մատուցվում են հնարավոր անբարենպաստ պայմաններում, մի կողմ թողնենք: Մինչեւ Մոսկվայի օդանավակայան հասնելն ինքնաթիռում տարբեր զգուշացումներ են արվում, միգրացիոն քարտեր լրացնել առաջարկում: Նախկինում էլ նույն զգուշացումներն արվել էին, բայց այս անգամ հատկապես մի հանգամանք ուշադրություն գրավեց. հայտարարությունն արվում էր հատուկ Մաքսային միության անդամ երկրներից Մաքսային միության այլ երկիր մեկնողների համար: Մաքսային միությանն անդամակցության բարեմասնությունների մասին պաշտոնական մակարդակում այնքան է խոսվում, հետն էլ ուղեկցվում հարմար պահին հարմար տարբերակով իրականությունը ներկայացնելու մեջ վարպետացածների դատողություններով, որ ահագնացնող տեմպերով այդ կառույցում հայտնվելու Հայաստանի ձգտումը երազանքի իրականացում է թվում մինչեւ այն պահը, քանի դեռ անձամբ չես առնչվել Մաքսայինի «բարեմասնություններին»: Ինչ էլ ասելու լինեն վերեւներում, կան մանր-մունր հարցեր, որոնք Մաքսային միության գրկում հայտնվելու հեռանկարն ավելի շուտ գորշ են ցույց տալիս, քան հուսադրող: Բանն այն է, որ Մաքսային միության մի երկրից մյուսը տարանցումով ճանապարհորդող ուղեւորները պետք է Մոսկվայում ստանան իրենց ուղեբեռը, շալակեն ու պտտվեն տհաճությունների մի մեծ տրցակ ներկայացնող Մոսկվայի օդանավակայանում, նորից անցնեն մաքսային ստուգում, անձնագրային ստուգում եւ նոր միայն հայտնվեն Մաքսային միության այլ երկիր թռչող ինքնաթիռում: Այդպիսով, օրինակ, Երեւանից Մոսկվայով Մինսկ թռչելիս, երբ Հայաստանն արդեն Մաքսային միության որերորդ անդամը դառնա, ստիպված կլինենք ժամեր ծախսել ճամպրուկ ստանալու, նորից բոլոր տեսակի հսկողությունները անցնելու, նորից ճամպրուկ հանձնելու տհաճ գործընթացների միջով: Եվ երջանկության զգացումը, որ Մաքսային միության գրկում մի երկրից մյուսն ես ճամփորդում` կդառնա ամբողջական: Հասկանալի է, որ կարող են լինել զուտ օդանավակայանի ներսում կարգավորումների թերացումներ, երբ առանց վիզային ռեժիմի, առանց անձնագրային կրկնակի ստուգման ճամփորդելիս կարող է անհրաժեշտություն լինել ժամեր վատնելու տարանցիկ օդանավակայանում: Սակայն երբ այսօրինակ «անհրաժեշտությունը» վերաբերում է հենց Մաքսային միության անդամ երկրներին, երբ մաքսային կրկնակի ստուգում անցնելու անհրաժեշտություն է ձեւակերպվում Մաքսային միություն կազմող երկրների միջեւ ճամփորդելիս, զավեշտն ավելի բնութագրական է, քան տրամաբանությունը: Յուրաքանչյուր օր, տարբեր գերատեսչությունների մակարդակով համոզում են, թե այս կամ այն ապրանքների հետ կապված տեղաշարժի խոչընդոտներ են վերանալու, թե որոշ ապրանքների գծով արտոնություններ կլինեն, որոշներն էլ կսկսեն արագորեն թանկանալ: Լավ է, վատ է` մասնագետներն ավելի լավ գիտեն: Սակայն որեւէ միության պարագայում մարդկանց ազատ տեղաշարժի դյուրացման փոխարեն խոչընդոտների առաջացումը ստեղծվող միության առողջ օրգանիզմ լինելու մասին չէ, որ վկայում է: Ցավոք, Հայաստանից շատ ճանապարհներ, չվերթներ են անցնում Մոսկվայով, այլընտրանքային ճանապարհներն ու տարբերակներն էլ կամ չկան, կամ էլ թանկ են: Այլապես, օրինակ, Մինսկ մեկնելիս պետք է մի քանի անգամ մտածել, մինչեւ տոմս գնելն ու ճամփա ընկնելը: Իհարկե, բաց երկնքի քաղաքականության անցած, բայց դեռ «ամպամած» երկնքով մեկնող հայաստանցիներիս համար լավ կլինեին ուղիղ չվերթներ նույն Մինսկ կամ Աստանա, բայց ներկա դրությամբ դա երազանքի ոլորտից է: Մնում է փոքրացնել ճամպրուկների չափերը, լծվել համբերությամբ ու հույս ունենալ, որ Մաքսային «բարիքներից» վերջինը չէ, որ մեզանից ժամեր է խլելու Մոսկվայի մռթնած օդանավակայանում: |