RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1971, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ)

Օբամայի հաջորդ` ապրիլքսանչորսյան ուղերձին դեռ շուրջ մեկ տարի կա: Այն հնչելու է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, հետեւաբար նշանակալից է: Եթե անգամ ԱՄՆ նախագահը հրապարակավ չարտասանի «ցեղասպանություն» բառը, այլ կրկին բավարարվի` «Մեծ եղեռն» բառերը հայերեն արտասանելով, Օբամայի հաջորդ ուղերձը կարող է նշանակալից դառնալ:

Դրա համար, սակայն, պետք է աշխատել: Ընդ որում` առանց շփոթելու շարժումը գործողության հետ: Օրինակ, Մեծ եղեռնի վերաբերյալ բոլոր տեսակի, անգամ ամենաչնչին կարեւորության, փաստաթղթերը, լինեն դրանք իրավական, քաղաքական, հասարակական, ականատեսների վկայությունների վրա հիմնված, հավաքել ու ամբողջացնել: Սրան զուգահեռ ամբողջ աշխարհում կրկնապատկել լոբբիստական ջանքերը, քանի որ, որքան էլ մեզ համար Ցեղասպանությունը բարոյական, մի տեսակ հոգեւոր հարց է (ցավոք), աշխարհում այն ընկալելի է որպես ամենասովորական առեւտուր, քաղաքականություն:

Հաջորդը եւ ամենակարեւորը. Հայաստանի խորհրդարանը ընթացիկ տարում, մինչ հարյուրերորդ տարելիցը, ընդունում է օրենք` Ցեղասպանության մասին` հիմնված նախօրոք հավաքագրված եւ ամբողջականացված` Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի վրա, որտեղ մասնավորաբար նշվում է, թե կոնկրետ որ թվականից որ թվականն է ձգվել Ցեղասպանությունը, կոնկրետՙ որ բնակավայրերն է ներառել, գոնե մոտավորապես, բայց ըստ փաստաթղթերի, քանի մարդ է զոհ գնացել, քանիսը` բռնի տարհանվել: Որքան գույք են ունեցել Ցեղասպանության ենթարկվածներն իրենց բնակավայրերում, ընդհանուր առմամբ... Եվ ամենակարեւորը. օրենքում պետք է նշվի, որ Հայոց ցեղասպանություն անվանումը` այդ թվում միջազգային հարթակներում լրիվ ու իրավահավասար փոխարինելի է Մեծ եղեռն եզրույթով:

Այսինքն, Հայոց ցեղասպանության «պաշտոնական եւ միջազգային անվանումը»` Մեծ եղեռն է նաեւ:

Այս օրենքը, նրա ամբողջական տեքստը ոչ միայն հրապարակվում է Հայաստանում, այլեւ ուղարկվում է հայկական կամ հայանպաստ գործունեությամբ հայտնի բոլոր լոբբիստական, հասարակական, քաղաքական կազամակերպություններին, որոնք իրենց հերթին նպաստում են փաստաթղթի միջազգային լայն հրապարակայնացմանը:

Հաջորդ տարվա ապրիլի 24-ին նախագահ Օբաման հայտարարում է` «Մեծ եղեռն», իսկ այս եզրույթը Հայոց ցեղասպանության «պաշտոնական եւ միջազգային անվանումն է»:

Իհարկե, կարելի է առհասարակ չկարեւորել Օբամայի` հաջորդ տարվա ուղերձի բովանդակությունն ու դրանում տեղ գտած ձեւակերպումները, հատկապես որ ԱՄՆ գործող նախագահին երկու տարի է մնում պաշտոնավարելու, մանավանդ որ, եթե անգամ Օբաման հայտարարի «ցեղասպանություն» բառը, դրանով ըստ էության ոչինչ չի փոխվում:

Բայց որ ընթացիկ տարում, մինչեւ 100-րդ տարելիցը, մենք Հայաստանում ու ամբողջ աշխարհում անելիք ունենք, ակնհայտ է: Որ Հայաստանը Ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտություն ունիՙ նույնպես ակնհայտ է:

Հուսանք, որ Մեծ եղեռնի վերջնական միջազգային ճանաչմանն ուղղված մեր գործողությունների անհրաժեշտությանը չենք շարունակի վերաբերվել այնպես, ինչպես Թուրքիայում են վերաբերվում բուն Հայոց ցեղասպանության եղելությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ