ՎՐԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Ոչ, ներկա հոդվածս Ռեյ Չարլզի հայտնի «Georgia on My Mind» երգի մասին չէ: Ոչ էլ ԱՄՆ¬ի հարավում գտնվող Ջիորջիա նահանգի մասին: Այն կովկասյան լեռներում ծվարած, Հայաստանի դրկից, հինգ միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին է: Տարածաշրջանն ընդհանրապես հագեցած է բարդ խնդիրներով, ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական ուժերի մրցակցության հետեւանքով: Խնդիրներից մեկը պանթուրքիզմի դեպի արեւելք տարածվելու Օսմանյան ազգայնական երազանքն է, որի իրականացմանը խանգարել են երկու քրիստոնյա երկրներՙ Հայաստանն ու Վրաստանը: Վերջին տարիներին, սակայն, ակնհայտ փաստ է դարձել, որ Վրաստանի ղեկավարները այլեւս պանթուրքիզմը չեն դիտարկում որպես իրենց երկրին սպառնացող վտանգ եւ նախընտրում են կարճաժամկետ քաղաքական համաձայնությունների գալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Վրացական իրարահաջորդ կառավարություններ հետեւողականորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին են քվեարկել ՄԱԿ¬ում: Ավելին, հոժարակամ պաշտպանել են տնտեսական որեւէ ծրագիր, որն ուղղված է եղել մեկուսացնելու Հայաստանին: Ասվածի վառ օրինակներ կարող են ծառայել Հայաստանը շրջանցող երկաթգծի եւ տարբեր խողովակաշարերի կառուցման ծրագրերը, որոնց միացել են Թբիլիսիի կառավարությունները: Մենք միշտ խաբված ենք եղել հավատալով, որ որպես քրիստոնյա երկրներ, մեր շահերը միշտ համընկնելու են: Թբիլիսին քանիցս ապացուցել է, իր թշնամական քաղաքականությամբ, որ նման մտածելակերպը սխալ է եղել: Որոշ անշրջահայաց մարդիկ ժամանակ առ ժամանակ քննադատում են Հայաստանի կառավարությանըՙ Թբիլիսիի դեմ ավելի խիստ քաղաքականություն չկիրառելու համար, մոռանալով, որ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հակամարտության պայմաններում բոլորովին խելամիտ չէ սահմանային թշնամանքի երկրորդ ճակատ բաց անել, մանավանդ գիտակցելով, որ այդ հարեւան երկրի տարածքով է անցնում մեր փրկապարանը: Հենց այս պատճառով էլ մենք Վրաստանին համարում ենք «բարեհաճ թշնամի»: Վերջերս «Էկոնոմիստ» շաբաթաթերթը «friend» (ընկեր, բարեկամ) եւ «enemy» (թշնամի) բառերի զուգորդումից ստեղծել էր «frenemies» (բարեհաճ թշնամի, կամ չարակամ ընկեր) եզրը, որն օգտագործել էր Մոսկվայի եւ Պեկինի միջեւ էներգիայի ոլորտում ստորագրված 400 միլիարդ դոլարի պայմանագրի առնչությամբ: Արտաքնապես այդ քայլը քաղաքական հաղթանակ համարելով Պուտինի համար (ի դեմս արեւմուտքի գործադրած պատժամիջոցների), պարբերականը այդուհանդերձ կանխատեսում էր, որ ի վերջո Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային շահերը բախվելու են միմյանց: Վրաստանն անհանգստություն պատճառող երկիր է ոչ միայն իր միջազգային հարաբերությունների առումով, այլեւՙ բազմաշերտ էթնիկական խմբավորումների հանդեպ վարած իր ներքին քաղաքականության: Հայերը երկրի բնակչության 6-7 տոկոսն են կազմում եւ կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաք Թբիլիսիում եւ Ջավախքում: Հայկական եկեղեցիների եւ համայնքային ունեցվածքի բռնագրավումների հարցը դեռեւս չի լուծված: ՄԱԿ¬ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Պիլայը մայիսի 18-ից 22-ը Վրաստան այցելելով իր մտահոգությունն արտահայտեց երկրի փոքրամասնությունների նկատմամբ Թբիլիսիի կառավարության որդեգրած խտրական քաղաքականության վերաբերյալ եւ կոչ արեց կիրառել երկրի սահմանադրական պարտավորվածությունները եւ հարգել միջազգային օրենքի նորմերը: Սա, իհարկե, մի փոքրիկ «նկատողություն» է, որն իր հետեւանքները չի կարող ունենալ, քանի դեռ ՆԱՏՕ¬ին անդամակցելու Թբիլիսիի ձգտումները շահարկվում են արեւմուտքի կողմիցՙ նսեմացնելու համար ռուսական ազդեցությունը տարածաշրջանում: Վրացիները քաջ գիտակցում են քաղաքական այս իրականությունը եւ մտադիր են շարունակել իրենց խտրական քաղաքականությունըՙ անպատիժ մնալու ակնկալիքներով: Ջավախքում մի ժամանակ տեղակայված էր ռուսական զինվորական բազան, որը պաշտպանելով տեղացի հայերի անվտանգությունը նաեւ աշխատանքով էր ապահովում նրանց: Ամբողջովին անտեսելով հայ բնակչության կարիքները, Մոսկվան վաղաժամ վերացրեց իր բազանՙ սիրաշահելու համար Վրաստանի կառավարությանը, որն իր հերթին խոստացավ տնտեսական օգնություն ցուցաբերել հայերին, փողոցներ բարեկարգել եւ հաղորդակցության միջոցները բարելավել: Դրանցից ոչ մեկը չի իրականացվել դեռեւս: Վրաստանի իշխանությունները ջավախքահայերին են մեղադրում իրենց տնտեսական դժվարությունների համար, պատճառաբանելով, որ նրանք մինչեւ օրս վրացերեն չեն սովորել: Նրանց մեղադրում են հայերեն լեզուն եւ հին հայկական սովորույթները պահպանելու համար, մոռանալով, որ Ջավախքը եղել է պատմական Հայաստանի տարածքներից: Վրաստանի իշխանությունները արդեն ինչքան ժամանակ է, որ երկսայր քաղաքականություն են վարում Ջավախքի հանդեպ, մի կողմից հետապնդելով մարդու իրավունքների պաշտպան¬ակտիվիստներին, եւ մյուս կողմից ձուլման ենթարկելով բնակչությանը: Առաջինի դեպքում փոքրամասնությունների էթնիկական եւ կրոնական իրավունքները դիտավորյալ ոտնահարվում են, որի հետեւանքով շրջանը դատարկվում է իր բնակչությունից: Երկրորդի դեպքում, շրջանում մնացող հայերը վրացականացման են ենթարկվում աշխատանքի հնարավորություն ստանալու քողի ներքո: Կառավարությունը որոշ «կոսմետիկ» բարեփոխումներ իրականացրել է քննադատություններից խուսափելու համար: Նրանց համար հայերի խնդիրը նորություն չէ: Կար ժամանակ, երբ կառավարությունը մտադիր էր Ջավախք տեղափոխել (վերաբնակեցնել) մեսխեթցի թուրքերին, որոնց Ստալինն էր արտաքսել, էթնիկական լարվածություն ստեղծելու նպատակով: Վրաստանում հայերի համար մտահոգության տարածք է նաեւ Աջարիան, որը Աջարական ինքնավար հանրապետություն դարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո: 1991-ից մինչեւ 2004-ը Աջարիայի նախագահն էր տեղացի զինվորական առաջնորդ Ասլան Աբաշիձեն, ով վարդագույն հեղափոխության ժամանակ աջակցում էր նախկին նախագահ Շեւարդնաձեին: Երբ Սաակաշվիլին ամրապնդեց իր դիրքերը Թբիլիսիում, նա վերջնագիր ներկայացրեց Աբաշիձեին, ով մինչեւ այդ իշխել էր Աջարիայինՙ որպես ինքնիշխան պետության: Սաակաշվիլին այդ ժամանակ վարվեց նույն ձեւով ինչ հետագայումՙ 2008-ին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պայքարելիս, այսինքնՙ ուժ գործադրեց նրանց ճնշելու համար: Աջարիայի դեպքում, Մոսկվան դեռ հավատում էր, որ Սաակաշվիլուն օժանդակելով կնվազեցնի նրա հակառուսական տրամադրությունները: Այդ պատճառով էլ Աբաշիձեին ուղղաթիռով Մոսկվա տեղափոխեց, եւ զինված հակամարտության սպառնալիքը վերացավ: Աջարիան անցավ Վրաստանի հսկողության ներքո: Սաակաշվիլին ենթադրեց, որ սպառնալիքները միշտ հաջողություն են բերելու, բայց Աբխազիայում եւ Հարավային Օսիայում այդ «խաղը» չգործեց: Աջարիան կարեւոր եւ կենսական կապող օղակ է Հայաստանի համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ պաշտոնական առեւտուրն ու զբոսաշրջությունը այդ տարածքով են անցնում: Տարածքը որոշ ժամանակ գտնվում էր թուրքական իշխանության ներքո, եւ տեղաբնակ վրացիներից ոմանք ստիպված էին ընդունել մահմեդականությունը: Բայց անկախության տարիներին նրանք դարձյալ վերադարձան քրիստոնեությանը: Ձգտելով Աջարիան զբոսաշրջության կենտրոն դարձնել, Սաակաշվիլին լայն բաց արեց դռները թուրքական տնտեսության ներթափանցման առջեւ: Բացի տնտեսականից նա նաեւ քաղաքացիություն շնորհեց բոլոր նրանց, ով դիմում էր, եւ արդեն 25 հազար թուրքեր ստացել են վրացական քաղաքացիություն եւ աշխատում են Բաթումիի եւ նրա շրջակայքի գրասենյակներում, ոչ նման այն ապաշնորհ թուրք բանվորների, որոնք Եվրոպայում են աշխատում: Աջարիայի թուրքականացումը առաջ է գնում ամենատարբերՙ հատկապես կրթության եւ կրոնի ոլորտներում: Աջարիայում արդեն գործում են 50 թուրքական գիշերօթիկ դպրոցներ: Թուրքականացման գործընթացում մեծ դեր է վերապահված Սաակաշվիլու մորըՙ Գյուլի Ալասանիային, որ թուրքական պատմության պրոֆեսոր է եւ համագործակցում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Ինչպես տեսնում ենք, Հայաստանին անմիջական հարեւան մի երկիր արագորեն թշնամի տարածք է դառնում: Իսկ դա նշանակում է, որ վերջին հաշվով ճանապարհ է հարթվում, այսպես կոչված քրիստոնյա մի երկրի միջոցով, դեպի Ահմետ Դավութօղլուի նման պանթուրանիզմի կողմնակիցների համար: Վրաստանի քաղաքական մեկուսացումը Հայաստանից է՛լ ավելի է շեշտվում թուրք¬իսլամիստական հոսանքին նրա աստիճանական ներգրավմամբ: Ռեյ Չարլզի երգը երգենք, թե ոչ, մենք միշտ աչալուրջ պետք է լինենք եւ մեր մտքում պահենք Վրաստանը, որպես Հայաստանի եւ հայերի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող մի երկրի: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ. |