«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, ՈՐ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերի հունիսի սկզբին Բաքու, Երեւան, Թբիլիսի կատարած այցից հետո հունիսի 16-ին Երեւան, այնուհետ Թբիլիսի կժամանեն շվեյցարացի գործարարներ: Շվեյցարիա - Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը , որ երեւանյան այցին ուղեկցելու է շվեյցարիացիներին, մեզ հետ զրուցելիս տնտեսական հետաքրքրությունների մասին որոշ մանրամասներ հաղորդեց: Թե կոնկրետ որ ոլորտներում են ներդրումներ արվելու, դժվարացավ պատասխանել, բայց իրազեկեց, թե «ծանոթանալու փուլն արդեն անցել է: Շվեյցարիան շատ լավ է ճանաչում Հայաստանի հնարավորությունները, երկկողմանի հետաքրքրությունները հստակ են»: Ցյուրիխում շաբաթներ առաջ շվեյցարական տնտեսական էլիտայի ներկայացուցիչներ էին հրավիրվել հայկական կողմի հետ հանդիպման, որոնք հանդիսանում էին հայկական տնտեսության պետական հատվածի մի շարք կարեւոր ներկայացուցիչներ: Մտահոգիչ էՙ ինչո՞ւ մասնավոր ազատ տնտեսվարողը չի ներկայացվում, ասում է Սարգիս Շահինյանը: Բացի դրանիցՙ networking-ի մասը նկատելի թույլ էր, Շվեյցարիայի կողմից կա պատրաստակամություն հովանավորել անձնական գետնի վրա շարժվող նախաձեռնությունները, իսկ ակտիվ քայլերի միտում դեռ չկա: Ձեռքերնիս ծալած չմնացինք, աշխատեցանք այս շաբաթներին, մի համեստ կոնկրետ առաջարկ կա, որը պիտի փորձենք զարգացնել մինչեւ հունիսի 16-ի մեր այցը: Խոսքը տուրիզմի ոլորտի մասին է:Կարեւորն այն է, որ Հայաստանը կարողանա իր լավագույնը ցույց տալ, արդյունաբերական ամենագործուն հնարավորությունները, որ ներդրողներին հետաքրքրե: Այս խնդրի մեջ վրացի մեր հարեւաններն առավել ունակ, գործուն են, նախաձեռնող, քան մենք, չխոսենք իհարկե Ադրբեջանի մասին, որի հետ Շվեյցարիան ունի երկկողմ հատուկ հարաբերություններ: Անձնական նախաձեռնության կարեւորությունն անտեսվում է Հայաստանի կողմից, եւ սա մեր խոցելի կետերից մեկն է: Հուսամՙ տնտեսության եւ առեւտրի նախարարություններն ունենան ճկունությունն ու ողջամտությունը ներգրավելու լավագույն, ամենից գործունյա, համարձակ հայ դերակատարողներին Հայաստանում եւ կամ, ասենք, Ռուսաստանից կամ Վրաստանից եկող գործարարներին, որ շարժիչն աշխատի», ընդգծում է Սարգիս Շահինյանըՙ հիշեցնելով այցի նպատակըՙ «որ շվեյցարիացի ներդրողը, արդյունաբերողը հետաքրքրություն ունենա գալ Հայաստանՙ նոր հնարավորություններ գտնելու: Իսկ սրա համար Հայաստանը շատ կոնկրետ հասցեներ պիտի նշի»: Պարոն Շահինյանը կոնկրետ օրինակ է ներկայացնումՙ էներգիա եւ արտադրություն: «Հայաստանում ունինք տարեկան 2811 ժամ արեւային ճառագայթում, ունինք այն տեսակ նվեր, որ չենք կարող սահմանափակել, այն տեսակ անկախություն, որ... կարող ենք առնվազն ամենաաղքատ ընտանիքների կարիքները հոգալ, այդ հնարավորությունը ստեղծել, որ դառնա առեւտրի առարկա, ինչու չէՙ նաեւ բնապահպանական մեր մոտեցումն ընդգծել:Շվեյցարիական արդյունաբերությունն ունի գիտելիքներ, կարելի է այն գործածել, որ տեղվույն վրա արտադրվի, իսկ շվեյցարական մենեջմենթը մեկ հատիկ է, խնդիրը մեր տրամադրվածությունն էՙ պետք է չխոչընդոտենք ազատ մրցակցության, որ Հայաստանում առկա հնարավորությունները հստակեցվեն, արմատանան եւ ծաղկեն: Կարծում եմՙ այդ պարագային թե՛ ներդրումը, թե՛ արդյունքը մեծ պիտի ըլլան»: Գերմանիա Նկար 1. Շվեյցարիա-Հայաստան գործարար համաժողովի մասնակիցները Ցյուրիխում, մայիսի 7, 2014թ. |