RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



Տեղադրվել է` 2014-06-27 00:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2004, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Վեցամյա Լիզա Պողոսյանը արդեն մեկ տարի է կենաց ու մահու կռիվ է տալիս: Մեկ տարի առաջ նրա երջանիկ մանկությունը վերածվեց անվերջ պայքարի: Բժիշկները երեխայի մոտ նախորդ տարի մայիսին ախտորոշեցին գլխուղեղի քաղցկեղ:

Հայաստանում կատարվում է վիրահատություն, որից հետո բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս երեխային շտապ տեղափոխել Ռուսաստան:

Վերջին տասը տարիներին Հայաստանում 0-17 տարեկան երեխաների մոտ գրանցվել է քաղցկեղի միջինը 70 դեպք: 2013 թվականին Հայաստանում գրանցված էր 107 քաղցկեղով հիվանդ երեխա, որից 48-ըՙ 0-14 տարեկան:

«Երբ երեխայի մոտ ախտորոշվում է չարորակ ուռուցք, երեխայի բուժումը մտնում է պետպատվերի մեջ: Վիրահատության, քիմիայի ու ճառագայթման համար ոչ մի գումար չի պահանջվում: Դեղորայքի մի խումբն ապահովվում է պետության կողմից` հիմնական քիմիոպրեպարատները, դրանք 5-6 անվանում են: Որոշ բարդ դեպքերում, երբ մետաստազներ են առաջանում եւ մենք փոխում ենք դեղորայքը, հնարավոր է պետք լինի թանկարժեք դեղորայք, որն արդեն չի կարող ապահովվել այդ պետպատվերի սահմանում»,- նշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը :

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, 2013 թվականին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնում բուժօգնություն է ստացել 601 երեխա: Ուռուցքաբանական կենտրոնին երեխաների բուժման համար տրամադրվել է 49,5 մլն դրամ:

«Տեխնոլոգիաների խնդիր կա, որ երբեմն երեխաները կարիք են ունենում, իսկապես, դրսում բուժվելու: Տարբեր երկրներում գումարները տարբեր են ու շատ մեծ գումարներ են»,-ասում է ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը :

Վեցամյա Լիզան շուրջ մեկ տարի է, ինչ բուժումը շարունակում է Մոսկվայում: Փոքրիկը ստացել է քիմիաթերապիա ու ճառագայթում: Ծնողները դիմել են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին գումար հայթայթելու համար:

«Այստեղ կարող են օրերով բուժումը չտալ, եթե գումարը վճարված չէ: Շատ անգամ եղել է, որ մի քանի օր բուժում չենք ստացել, մինչեւ որ գումարը գտել ենք», - ասում է Քրիստինե Սուքիասյանը ` Լիզայի մայրը:

«ՀՀ առողջապահության նախարարությունը նման գործառույթ եւ ընթացակարգ չունի, որպեսզի ֆինանսապես օգնի Հայաստանից դուրս երեխաների բուժմանը: Աջակցում ենք բժշկական փաստաթղթերով, եթե մեկնում են Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ, երեխայի եւ երեխայի խնամակալի տոմսն ենք գնում: Բուժման ծախսերը, սակայն, չենք կարող հոգալ, որովհետեւ ոչ ունենք ընթացակարգ, ոչ էլ հնարավորություն»,- ասում է Կարինե Սարիբեկյանը:

Քրիստինե Սուքիասյանը պատմում է, որ յուրաքանչյուր քիմիաթերապիական կուրսը (4 անգամ) արժե շուրջ 300.000 ռուբլի, իսկ երեխան արդեն այդպիսի 5 կուրս է ստացել: Ծնողները գրեթե միշտ անելանելի վիճակում են, երեխային հոգ տանելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր ֆոնդերի, ստացված գումարներն էլ հաճախ բավարար չեն:

«Մեզ աջակցել է Ռուսաստանում գործող Խաբենսկու անվան հիմնադրամը, որոշակի գումար տրամադրել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, անչափ օգնել են բարի ու կամեցող մարդիկ»,- ասում է Քրիստինե Սուքիասյանը:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով եւ կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններով երեխաներին: 2009 թվականից մինչ 2014 թվականի ապրիլ հիմնադրամը երեխաների բուժման համար տրամադրել է 454 813 970 դրամ:

«Մենք յուրաքանչյուր երեխայի բուժման համար տրամադրում ենք մինչեւ 5000 դոլար: Ցավոք, ավելի մեծ գումարներ չենք կարողանում տրամադրել, որովհետեւ եթե մի երեխայի ավելի շատ ենք օգնում, ապա մեկ այլ երեխայի չենք կարողանում օգնել»,-ասում է հիմնադրամի փոխտնօրեն Նունե Ավանեսյանը :

Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ թափ է առնում նաեւ հասարակության կողմից աջակցության տրամադրումը: Ֆեյսբուքը դարձել է այն հարթակը, որտեղ տարածվում է տեղակտվություն բուժման կարիք ունեցող երեխաների մասին: Ձեւավորվում են խմբեր, որոնք կազմակերպում են միջոցառումներ ու անցկացնում դրամահավաքներ:

Մարինե Պետրոսյանը մի քանի տարի է, ինչ, օգտագործելով սոցիալական մեդիայի հարթակները, կազմակերպում է տարբեր միջոցառումներ եւ փորձում է գումար հավաքել ու տրամադրել երեխաների բուժման համար:

«Ցավ է պատճառում, երբ ճանաչում ես բալիկների, ովքեր գումար չունենալու պատճառով չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ: Մենք ընկերներով տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, սակայն մեր հավաքագրած գումարը կաթիլ է: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, որը մեր երկրում չկա»,- ասում է Մարինեն:

Լիզան պետք է շարունակի բուժումը: Գումար ծնողները դեռ չունեն: Նրանք շարունակում են թակել բոլոր դռները: Պետք է փրկել երեխայի կյանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ