ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱՔԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՄԻ ՄԱՍՈՒՄ Պ. Ք. Ռուսական ռազմօդանավեր եւ ամերիկացի զինվորներ Իրաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորումը հունիսի 29-ին իսլամիստական կայքերում եւ Twitter-ում տարածեց հաղորդագրություն, ըստ որի Իրաքի եւ Սիրիայի գրավյալ մասերում հռչակվում է խալիֆայություն: Խմբավորման ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են անում հավատարմության երդում տալ խալիֆայությանը: Ինքըՙ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը, մտադիր է այսուհետեւ իրեն անվանել «Իսլամական պետություն»: Խալիֆայության կառավարիչ է հռչակվել այդ ջիհադիստական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր-ալ-Բաղդադին: Ինչպես նշում է Ռոյթեր գործակալությունը, տվյալ քայլը անմիջական մարտահրավեր է ջիհադիստական խմբավորումից արդեն սահմանազատված «Ալ Ղաիդայի» ղեկավարությանը, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների պահպանողական վարչակարգերին: «Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում հունիսի 9-ից ծավալած հարձակումների ընթացքում իրենց վերահսկողության տակ առան երկրի հյուսիս-արեւմուտքը եւ հայտարարեցին, որ պատրաստվում են գրոհել մայրաքաղաք Բաղդադը: Իսկ հարեւան Սիրիայում իսլամիստները վերջին երեք տարիներին մարտնչում են նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ: «Մոնդ» թերթի տեղեկությունների համաձայն, ջիհադիստական խմբավորմանն աջակցում են Իրաքում տապալված եւ սպանված նախագահ Սադդամ Հուսեյնի նախկին սպաները, սալաֆիստների առանձին խմբեր եւ որոշ ցեղեր: (Ավելացնենք մեր կողմիցՙ առաջին հերթին Թուրքիան: Խմբ.): Ջիհադիստներն իրենց վերահսկողության տակ են առել նավթառատ Մոսուլ քաղաքը, Նինվեի նահանգի զգալի մասը, ինչպես նաեւ Դիալայի (արեւելքում) եւ Սալահեդդինի նահանգների որոշ հատվածներ, Կիրկուկը եւ Ալ-Անբարը (արեւմուտքում): Ներկայումս ջիհադիստ գրոհայինները դիրքավորվել են մայրաքաղաք Բաղդադից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա, նշում է «Մոնդը»: Հարեւան Սիրիայում իսլամիստները վերահսկում են Ռաքայի նահանգի (արեւելք) մեծ մասը, Իրաքին սահմանակից նավթառատ Դեր-Զորի նահանգի զգալի հատվածներ եւ նույնիսկ Հալեպի նահանգի (հյուսիս) որոշ մասեր: Խալիֆայության հռչակման օրըՙ հունիսի 29-ին, իրաքցի որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, որ ռուսաստանցի մի խումբ փորձագետներ Իրաք են ժամանել, որպեսզի «բանակին օգնեն սուննի ծայրահեղականների դեմ կռվելիս օգտագործելու ռուսական նոր 12 ռազմօդանավերը»: Այս կապակցությամբ «Նյու Յորք թայմս» թերթը գրում է. «Ռուսաստանի քայլը առնվազն սքողված կշտամբանք է ԱՄՆ-ի հասցեին, որը, իրաքցիների կարծիքով, անչափ դանդաղ է գործում ամերիկյան F-16 ռազմօդանավերի եւ ռազմական ուղղաթիռների մատակարարման հարցում: Ճիշտ է, ներկայումս ամերիկացիները պատրաստվում ն սկսել այդ երկուսի մատակարարումները»: Իրաքի օդուժի հրամանատար, գեներալ Անվար Համա Ամինը հունիսի 30-ին հայտարարեց, որ ռուսական ռազմօդանավերը 3 օրից պատրաստ կլինեն իսլամիստ ապստամբների դեմ մղվող մարտերում իրաքյան բանակին օժանդակելու համար: Խոսքը ռուսական փոխադրական մեծ ինքնաթիռներով արդեն Իրաք հասցված «Սու-25» տիպի յոթ ռազմօդանավերի մասին է: «Նյու Յորք թայմսը» մեջբերում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» պաշտոնական ներկայացուցիչ Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի համացանցում տարածված ելույթի հետեւյալ մասը. «Կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին այժմ աշխարհի խալիֆն է եւ ըստ այդմ մյուս բոլոր ջիհադիստական կազմակերպությունները հռչակել է անվավեր եւ իրեն անմիջականորեն ենթակա»: Ինչ վերաբերում է «Սու-25» ռազմօդանավերին, Իրաքը 1980-ականներին դրանք լայնորեն օգտագործել է Իրանի դեմ մղած պատերազմի ժամանակ: «Մենք ունենք փորձառու զինվորական օդաչուներ եւ, իհարկե, մեզ կօգնեն նոր օդանավերի հետ եկած մեր ռուս բարեկամներն ու մասնագետները: Այնպես որ մոտ օրերս ահաբեկիչներին սպասում է դաժան պատիժ», ընդգծել է գեներալ Ամինը: Իրաքը ձգտում է ձեռք բերել նաեւ ամերիկյան F-16 օդանավեր եւ Apache ուղղաթիռներ: «Apache-ների մատակարարումը հետաձգվել էր Կոնգրեսի այն երկյուղների պատճառով, թե Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքին դրանք կօգտագործի իր քաղաքական հակառակորդների ճնշման նպատակով, բայց այժմ ԱՄՆ-ը համաձայն է մատակարարել դրանք», գրում է ամերիկյան թերթը: Առաջին F-16 ռազմօդանավերը Իրաք կհասնեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին, իսկ առաջին 6 Apache ուղղաթիռներըՙ դարձյալ աշնանը, բայցՙ վարձակալման իրավունքով: Թերթը մանրամասնում է, որ Apache-ների օդաչուների պատրաստման համար կպահանջվի եւս մի քանի ամիս: Կարելի է ենթադրել, որ ռուսների արագ գործողությունները որոշակի դեր են խաղացել մատակարարումների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխման մեջ: Հուլիսի 1-ին թՏսՏր ՀՏրրՌՌ ռադիոկայանը հաղորդեց, որ ամերիկյան ծովային հետեւակի 300 զինծառայողներ Պարսից ծոցում հերթապահող ռազմանավերից տեղափոխվել են Բաղդադՙ տեղի կառավարական հիմնարկները եւ օդանավակայանը վերահսկելու նպատակով: Օրերս նախագահ Բարաք Օբաման Իրաք էր ուղարկել 300 ուրիշ զինծառայողների եւ զինվորական խորհրդականների: Նրանց գլխավոր նպատակը հետախուզական տեղեկությունների հավաքումն է: |