ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ ԱՐՑԱԽԻՑ ՎԱԼՏԵՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ, Արցախ Մեծարգո խմբագիր, Ձեր թերթի հունիսի 27-ի համարում տպագրված «Հայ բժիշկները Ռուսաստանում մեծ հարգանք, հեղինակություն եւ պահանջարկ ունեն» հրապարակումը, որի ինտերնետային տարբերակին ծանոթացա այստեղ (http://azg.am/AM/2014062723), ինձ մեծ բավականություն եւ հիացմունք պատճառեց մի քանի առումով. առաջինը Ձեր` պրոֆեսիոնալ լրագրողի եւ մամուլի երկարամյա գիտակի մասնագիտական հոտառությունն ու նրբաճաշակությունն է, քանի որ տպագիր մամուլի ներկայիս ֆինանսական դժվարին պայմաններում, էժանագին եւ բոլոր լրատվամիջոցներում արդեն ծեծված սենսացիաների փոխարեն, տեղ եք հատկացնում նման կարեւոր հոդվածների, եւ կեցցեք դուք` չեք սխալվում: Երկրորդը` ինձ, մեր ժողովրդի պայքարին եւ հաղթանակին հավատացող, նրա յուրաքանչյուր ձեռքբերումներով եւ հաջողություններով հպարտացող արցախցուս մոտ ազգային ինքնագիտակցության եւ հիացմունքի մի նոր լիցք հաղորդեց: Եվ երրորդ` Ձեր թերթի միջոցով, ռուսաստանաբնակ հայ անվանի բժիշկների առնչությամբ ցանկանում եմ մի առաջարկությամբ հանդես գալ: Ռուս հայտնի վիրաբույժ եւ գիտնական Նիկոլայ Պիրոգովը մի առիթով ասել է. «Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին»: Ես գիտեմ, որ Ձեր թերթի խնդրո առարկա հոդվածում հիշատակված բոլոր բժիշկներն էլ մեծ հայրենասերներ են եւ պատեհ առիթների դեպքում սիրով գալիս են Հայաստան եւ Արցախ` ոչ միայն ոգեշնչվելու հայրենի եզերքով ու արմատներով, այլ նաեւ օգնության ձեռք մեկնելու հիվանդ հայրենակիցներին: Ինձ հայտնի է, օրինակ, որ նախկին տարիներին Ռուսաստանի հայերի միության ֆինանսական աջակցությամբ Հայաստան եւ Արցախ էին ժամանում (եթե չեմ սխալվում` շուրջ տասը տարի) միջազգային համբավ ունեցող ռուսաստանաբնակ հայ բժիշկներ (նրանց շարքում են նաեւ Ձեր թերթի հրապարակման մեջ նշված բժիշկներից մի քանիսը), որոնք սիրահոժար իրականացնում էին անվճար բաց դռների օրեր: Ցանկանում եմ Ձեր թերթի միջոցով հանդես գալ առաջարկությամբ, որպեսզի մեր ազգային բարերարներից զատ (հազար շնորհակալություն նրանց) մեր պետական մարմիններն էլ աջակցեն, խրախուսեն եւ ավանդույթի վերածեն Ռուսաստանի հայ բժիշկների այցելությունները Հայաստան եւ Արցախ ու հիվանդների անվճար ընդունելությունները: Օրինակ, համոզված եմ, որ աննախադեպ իրադարձություն կլինի այդ միջոցառման շրջանակներում մեր ռուսաստանաբնակ շատ անվանի բժիշկների հետ Հայաստանում եւ Արցախում տեսնել նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, եվրոպական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանին, ով այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Նամակը տպագրելու դեպքում, կարծում եմ, արձագանքներ կլինեն: Շնորհակալություն: Հարգանքներով` |