ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ Պ. Ք. Վրաստանի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլուն պաշտոնապես ներկայացվել է ծառայողական լիազորությունների վերազանցման մեղադրանք: Հուլիսի 29-ին Թբիլիսիում համապատասխան որոշումը փոխանցվել է Սաակաշվիլու փաստաբան Օթար Կախիձեին, քանի որ նախկին նախագահը 2013 թ. նոյեմբերից արտերկրում է: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Դատական մարմինների ընդունած որոշման մասին նախօրեին հայտարարել էր Վրաստանի գլխավոր դատախազությունը: Գերատեսչությունը մանրամասնում է, որ խոսքը 2007 թ. նոյեմբերի 7-ի խաղաղ հանրահավաքը զանգվածաբար ցրելու, նույն օրը ապօրինաբար «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու եւ գործարար Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլու ունեցվածքի բռնատիրման նպատակով հանցավոր գործողություններ ձեռնարկելու մասին է: Ընդգծվում է, որ եզրափակիչ փուլում է այդ եւ մյուս գործերի քննությունը, որոնց կապակցությամբ Սաակաշվիլին դատախազություն էր կանչվել իբրեւ վկա: Խոսքը մի քանի քրեական գործերի մասին է: Դրանք են վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը: Մուխրովանիում 2009 թ. Վրաստանի զինված ուժերի գումարտակի խռովության կասեցման հատուկ գործողությունը, գործարար Բադրի Պատարկացիշվիլու ընտանիքի դեմ ուղղված անօրինական քայլերը եւ այլն: Արտերկրում գտնող Սաակաշվիլին հուլիսի 29-ին հայտարարել է, որ ինքը մտադիր չէ Թբիլիսի գալ հարցաքննվելու եւ գլխավոր դատախազության հետ համգործակցելու: Համանման հայտարարությամբ նա հանդես էր եկել նաեւ այս տարվա մարտին: Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թ. հունվարից մինչեւ 2013 թ. նոյեմբերի 17-ը: 2013 թ. նոյեմբերի կեսերից նա արտերկրում է (Եվրոպա, ԱՄՆ): Վերջին կես տարին նա անցկացրել է գլխավորապես Ուկրաինայում, որտեղ, ԶԼՄ-ների տվյալների համաձայն, երկրի ներկայիս ղեկավարության ոչ պաշտոնական խորհրդականն է: |