ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ, ԿԻՊՐՈՍԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ Հ. Ծ. Խմբագրությանը հասցեագրված «FLArmenians.com» (Ֆլորիդայի հայերը) կայքի գործադիր խմբագիր Դանիել Քուշակչյանի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող ենթահանձնախմբի նորանշանակ փոխնախագահ Գաս Բիլիրակեսը պարտավորվել է Հայաստանը ավելի մոտիկացնել Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին: Այդ հարցում նրան օգնելու է այն հանգամանքը, որ նա միաժամանակ Հելլենական եւ Հելլենա-իսրայելական հարցերով զբաղվող ենթահանձնախմբերի փոխնախագահն է: «Ես միշտ հիացել եմ հայ ժողովրդի հաստատակամությամբ, մի ժողովրդի կամքի ուժով, որ հակառակ բազում տառապանքների եւ բռնատիրական իշխանությունների ճնշումների կարողացել է ծաղկել ու բարգավաճել: Երախտապարտ եմ, որ հայկական հարցերի ենթահանձնախմբի մաս եմ կազմում հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Մտադիր եմ ջանասիրաբար աշխատել, որպեսզի կոնգրեսը անցկացնի նշանակալի եւ արդյունավետ բանաձեւեր, որոնք կնպաստեն Հայաստանի էներգետիկ եւ մյուս ոլորտների անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը», ասել է նա կայքի թղթակցին: Կոնգրեսական Գա Բիլիրակիսը հանրապետական է Պալմ Հարբորից եւ ներկայացնում է Ֆլորիդայի 12-րդ տարածաշրջանը: Հասարակական աշխատանքի կարեւորությունը նա սովորել է հորից, ով Ֆլորիդայի 9-րդ տարածաշրջանն է ներկայացրել Կոնգրեսում 1983-2006 տարիներին: Հպարտ է իր ընտանիքի հունական ժառանգությամբ: Կոնգրեսում առաջին անգամ ընտրվել է 2006-ի նոյեմբերի 7-ին եւ այժմ Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարման իր չորրորդ շրջանն է բոլորում: Հիմնադիր անդամներից է եւ փոխնահագահը «Հելլենա-իսրայելական միության»: Անդամ է նաեւ ներկայացուցիչների պալատի «Էներգիայի եւ Առեւտրի հանձնախմբի»: |