RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ԱՅՍՐԿՈՎԿԱՍ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՇՈՅԳՈՒՆ ԲԱՔՎԻՑ ԳՆԱՑ, ՕՆԳԱՅԸ ԵԿԱՎ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցյալ շաբաթ Ադրբեջան էր այցելել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Դա երկու երկրների հարաբերությունների «դինամիկ զարգացման», ինչպես քաղաքական գործիչներն են բնութագրում, թերեւս ամենաուշագրավ դրսեւորումներից էր: Մանավանդ եթե նկատի ենք առնում, որ Բաքվում բարձր մակարդակի բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ տարեվերջ «Ադրբեջանն Ռուսաստանից ձեռք կբերի եւս 1 մլրդ. դոլարի սպառազինություն»:

Փորձագետների գնահատմամբ` Ադրբեջանի կողմից ձեռք կբերվի այնպիսի սպառազինություն, որն «այդ երկիրը կդարձնի ամենամիլիտարիզվածը Կասպից ավազանում` Ռուսաստանից հետո»: Շոյգուն Ադրբեջան է այցելել Աստրախանում կասպյան երկրների առաջնորդների գագաթաժողովից անմիջապես հետո: Ըստ վերլուծաբանների, Աստրախանի գագաթաժողովում ոչ մի էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել Կասպից ավազանի կարգավիճակի հստակեցման հարցում:

Կողմերը, սակայն, հստակ պայմանավորվել են, որ Կասպից ավազանում «արտատարածաշրջանային զինված ուժեր չեն կարող լինել»: Փաստացի Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Իրանը հանդես են եկել տեղաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության դեմ: Եւ սա չափազանց ուշագրավ տեղաշարժ է մանավանդ Ադրբեջանի պարագայում, քանի որ Բաքվի քաղաքագիտական եւ վերլուծաբանական շրջանակները մինչեւ բոլորովին վերջերս պնդում էին, որ Հարավային Կովկասում «էներգետիկ միջանցքների անվտանգության երաշխավոր կարող է բացառապես ՆԱՏՕ-ն լինել»:

Ադրբեջանում նույնիսկ չէին բացառում, որ Ռուսաստանը «կթիրախավորի Բաքու-Ջեյհան նավթամուղը»: Այսօր, քան երբեւէ, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, մեղմ ասած, «թողնում են ցանկանալ ավելի լավը», պաշտոնական Բաքուն միանում է ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի կարեւորագույն ռազմաքաղաքական նախաձեռնությանը, այն է` արգելափակել Հյուսիս-ատլանտյան դաշինքի ներկայությունը Կասպից ավազանում, ինչին հետեւոմ է ռուս-ադրբեջանական նոր գործարք` սպառազինությունների առուվաճառքի հարցում:

Ավելին, Աստրախանի գագաթաժողովից հետո տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական համատեղ ծովային զորավարժություններ: Այդ ընթացքում Կասպից նավատորմիղի երկու ռուսաստանյան ռազմանավ նույնիսկ մտել է Բաքվի ծովախորշ: Ուշագրավ է, որ նման ռազմերթ նախատեսված էր անցյալ տարի` Պուտինի Բաքու այցի շրջանակներում, բայց վերջին պահին ադրբեջանական կողմը չէր համաձայնել, որ ՌԴ նախագահը Բաքու մտնի ռազմանավով: Դա չափազանց խորհրդանշական կլիներ:

Ներկայումս, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը խորհրդապաշտությանը տրվելու նախապաշարումներից ձերբազատվել է, եւ ռուսաստանյան ռազմանավերը կառանվում են Բաքվի ծովախորշում, որտեղ նրանց դիմավորում է պատվո պահակախումբը` երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի մասնակցությամբ: Մինչդեռ ռուսաստանցի փորձագետնեից ոմանք զգուշորեն կասկած են հայտնում, որ ՌԴ օգնությամբ սպառազինվելով` Ադրբեջանը կարող է «մի գեղեցիկ օր դառնալ Մոսկվայի ամենալուրջ մրցակիցը նույն Կասպյան ավազանում»:

Որքանո՞վ է հիմնավոր այս կասկածը, թողնենք ապագային: Բայց չենք կարող ուշադրություն չդարձնել, որ հոկտեմբերի 20-ին Բաքվում կայացել է «Ռոսնեւթ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: «Կրեմլի գորշ կարդինալն Ալիեւի մոտ»` այսպես էր «Թուրան» գործակալությունը վերնագրել իրադարձության մասին իր տեղեկատվությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Ռուսաստանում եւ Ադրբեջանում «էներգակիրների որոնման եւ արդյունահանման համատեղ ծրագրերի հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է նավթ եւ գազ որոնել, արդյունահանել Ռուսաստանի, իսկ վերջինս էլ` Կասպից ավազանի «ադրբեջանական» հատվածում: Ու, ամենայն հավանականությամբ, արդարացի են այն վերլուծությունները, թե «Ռուսաստանը դե-ֆակտո ընդունել է Կասպից ավազանի ադրբեջանական հատվածը»: Մինչդեռ հայտնի է, որ Կասպյան երկու երկրներ` Իրանը եւ Թուրքմենստանը, վիճարկում են այն:

Իգոր Սեչինը դեռեւս գտնվում էր Բաքվում, երբ տեղեկատվություն տարածվեց, որ ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերությունը, որն էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովին է պատկանում, «ներդրումներ կանի Կասպից ավազանի ադրբեջանական հատվածում»: Ադրբեջանում վերջին երեք տարիներին նավթի արդյունահանման ծավալները կտրուկ անկում են ապրում` կապված արեւմտյան ներդրողների կողմից հավելյալ ծախսերի չգնալու ռիսկայնության հետ:

Ըստ երեւույթին, Ռուսաստանը որոշել է «Ռոսնեւթի» եւ «Լուկօյլի» միջոցով փոխհատուցել Ադրբեջանի նավթարդյունահանման ոլորտում ներդրումների պակասը: Իսկ դա փաստացի նշանակում է դառնալ Իլհամ Ալիեւի իշխանության պահպանման երաշխավորը, քանի որ նավթա-գազային ոլորտում ներդրումների կրճատման, էներգակիրների արդյունահանման եւ վաճառահանման ծավալների հետագա անկման դեպքում պաշտոնական Բաքուն ակնհայտորեն կկանգնի սոցիալական խռովության հեռանկարի առջեւ:

Բայց համարենք, որ դա «փոխշահավետ բիզնես է», ինչպես եւ` Ադրբեջանին սպառազինություններ վաճառելը: Արտառոցն այն է, որ ՌԴ պաշտպանության նախարարի Ադրբեջան կատարած այցից ընդամենը մեկ շաբաթ անց Նախիջեւանում է գտնվել Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը` գեներալ Շարաֆ Օնգայի գլխավորությամբ: Պատվիրակությանն ընդունել է Նախիջեւանի «տեղապահ խան» Վասիֆ Թալիբովը: Նա Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը «շնորհակալություն է հայտնել Նախիջեւանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի շինարարության գործում ունեցած ներդրման համար»:

Ինչպես հայտնի է, անցյալ տարի Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն Նախիջեւանի տարածքում կազմավորվել է «ինքնուրույն համազորային բանակ»: Այսօր Նախիջեւանի ինքնավարության ղեկավարը փաստում է, որ համազորային այդ բանակի շինարարության գործում ներդրում ունեն Թուրքիայի զինված ուժերը` ի դեմս 9-րդ բանակային կորպուսի: Եվ նման հայտարարություն արվում է ՌԴ պաշտպանության նախարարի Բաքու այցից հետո:

Մոսկվան առանձնակի «սեր ունի» Արեւելյան Եվրոպայի եւ պոստխորհրդային այն երկրների հանդեպ, որոնք այս կամ այն չափով ներգրավված են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերում կամ էլ դաշինքի անդամ են կամ դրան մաս կազմելու ցանկություն ունեն: Ադրբեջանի դեպքում, սակայն, Ռուսաստանի վերաբերմունքը, կարծես, այլ է: Չէ՞ որ Թուրքիան նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է: Եւ այդ երկրի զինված ուժերի մասնակցությունն Ադրբեջանում բանակաշինության գործին պետք է որ առնվազն անհանգստություն պատճառեր Մոսկվային:

Իրականության մեջ, սակայն, գործ ունենք հակառակ պատկերի հետ. Թուրքիան գնալով մեծացնում է Ադրբեջանում ռազմական ազդեցության գործոնը: Եւ գրեթե նույն չափով էլ «դինամիկ զարգացում է ապրում» ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը: Մնում է ենթադրել, որ Հարավային Կովկասում ազդեցությունների հարցով գոյություն ունեն ռուս-թուրքական «սեպարատ համաձայնություններ», որոնք չեն դասվում Ռուսաստան-ՆԱՏՕ, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների շարքին: Կամ էլ այդ «համաձայնությունները» ֆորմալ ձեւակերպված չեն, բայց շահագրգիռ բոլոր կողմերը, ներառյալ` ՆԱՏՕ-ն, դրանք ընդունում են որպես «ապրիորի հնարավոր»:

Ու, թերեւս, մի օր էլ Նախիջեւանում կհանդիպեն Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարնե՞րը: Ի վերջո, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով հենց Ռուսաստանը եւ Թուրքիան են Նախիջեւանի «հատուկ կարգավիճակի երաշխավորները»...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ