ԻՆՉՊԻՍԻ՞ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2014-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3 տոկոսով: Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում սա տնտեսական ակտիվության աճի ամենաբարձր ցուցանիշն է: Աճի տեմպի բարձրացման միտումը գրացվել է վերջին երեք ամիսներին: Տարվա առաջին 7 եւ 8 ամիսներին էլ աճը կազմել էր 4,1 տոկոս: Դրանից առաջ տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոսից ցածր է եղել: Այս ցուցանիշը որքանո՞վ կարելի է լավ կամ վատ համարել, նկատի ունենալով մեր երկրի տնտեսական կացությունը: Ավելի ցածր, բայց կայուն եւ շարունակական տնտեսական աճ Այս տարվա պետական բյուջեով ակնկալվում է, որ մեր երկրի տնտեսական աճը պետք է լինի 5,2 տոկոս: Միաժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները ավելի ցածր աճ են կանխատեսում: Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա համար կանխատեսում է Հայաստանի տնտեսութան 2,5 տոկոս աճ, Համաշխարհային բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ` 3 տոկոս: Այս կանխատեսումների համապատկերում 4,3 տոկոս տնտեսական աճը կարծես թե վատ ցուցանիշ չէ: Եվ ընդհակառակը, բյուջեով սահմանված 5,2 տոկոսի համեմատ էլ այն ցածր ցուցանիշ է: Հիշեցնենք, որ նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության առջեւ նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Սակայն առավելապես համաշխարհային տնտեսական ցածր աճի հանգամանքներից ելնելով, ակնհայտ դարձավ, որ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը` տնտեսության կառուցվածքը փոխելու եւ դիվերսիֆիկացնելուն զուգահեռ, անհնար է: Արդյունքում, նոր` Հովիկ Աբրահամյանի կառավարության առջեւ դրվեց տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու խնդիրը: 2000-ականների երկնիշ տնտեսական աճի համապատկերում, բնական է, որ 5 տոկոս տնտեսական աճը ցածր ցուցանիշ է: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ 2000-ականներին բարձր տնտեսական աճն ապահովվում էր հիմնականում տնտեսության մեկ ճյուղի` շինարարության հաշվին, որը ամենածանր հարվածը կրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ մինչ այժմ էլ բավականին հեռու է նախկին ծավալներից: Այսինքն, տնտեսական աճ ապահովելը չպետք է տեղի ունենա միայն մեկ ճյուղի եւ այն էլ այնպիսի ճյուղի հաշվին, որն իր բնույթով կայուն եւ շարունակական չէ: Տնտեսական աճի ապահովման ներկայիս միտումը, երբ շեշտը դրվում է իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության, ծառայությունների` զբոսաշրջության, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, անգամ ավելի ցածր տեմպ ունենալով, ավելի կայուն է եւ զարգացման հեռանկարներ ունի: Թե ի՞նչ համաչափությամբ են զարգանում տնտեսության ճյուղերը, երեւում է այս տարվա 9 ամիսների ցուցանիշներից: Ինչպե՞ս է փոխվում տնտեսության ճյուղային կառուցվածքը Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերության արտադրանքի ծավալներն այս տարվա 9 ամիսների ընթացքում աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6,9 տոկոսով, ծառայություններինը` 6,8 տոկոսով, առեւտրինը` 5,2 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 2,4 տոկոս անկում: Աճի տեմպով առաջատար են գյուղատնտեսությունն ու ծառայությունները: Գյուղատնտեսությունը արագ տեմպերով ավելացնում է իր համախառն արտադրանքի ծավալները: Սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 11,7 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբ` 43,5 տոկոս: Արդյունաբերության ծավալները նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճել են 7,5 տոկոսով, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ` 15 տոկոսով: Արդյունքում, 9 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ: Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առեւտրից հետո: Ծառայությունների ոլորտն էլ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ դարձյալ բարձր` 10,8 տոկոս աճ է ունեցել, իսկ օգոստոսի համեմատ այն կազմել է 2,5 տոկոս: Վերջին ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ օգոստոսը այս ճյուղի կարեւոր բաժին հանդիսացող զբոսաշրջության համար ամենաբարձր ակտիվության ամիսն է եղել եւ սեպտմբերին դրան զգալի գերազանցող աճ դժվար թե արձանագրվի: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ անկումը շարունակվում է: Եղած ծավալներն էլ մեծապես պայմանավորված են պետական շինարարությամբ, իսկ մասնավոր հատվածում կառուցապատման ծրագրերը գրեթե չեն իրականացվում: Տնտեսական աճը զսպող եւ խթանող գործոնների ազդեցության տակ Տնտեսական աճի տեմպը մինչեւ տարեվերջ կբարձրանա, թե՞ կնվազի: Հայտնի է, որ տարվա վերջին երեք ամիսներն ամենաբարձր տնտեսական ակտիվությունն ունեն: Միաժամանակ, կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպի անկում: Այս հանգամանքներից բացի, կան եւս երկու գործոններ, որոնք դժվարացնում են կանխատեսելը, թե ո՞ր ուղղությամբ կընթանա մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը: Ռուսաստանից եկող մասնավոր փոխանցումների թեեւ ոչ մեծՙ բայց նվազումը բացասաբար է ազդելու մեր երկրի տնտեսական ակտիվության, հետեւաբար եւ տնտեսական աճի վրա: Մյուս կողմից էլ, Ռուսաստանի կողմից, արեւմտյան երկրների արգելքներին ի պատասախան, այդ երկրների գյուղմթերքների նկատմամբ սահմանած արգելքները, Հայաստանի արտադրողներին ռուսական շուկա արտահանման ավելացման հազվադեպ հնարավորություն են ստեղծում: Եթե մեր արտադրողները կարողանան օգտվել դրանից, ապա դա կխթանի տնտեսական ակտիվության աճը: Վերոնշյալ գործոնները հաշվի առնելով, հավանական է թվում, որ տնտեսական աճի ցուցանիշը կպահպանվի 4-4,5 տոկոսի սահմաններում: Այս տարվա համար, ներկա իրողությունների պարագայում, սա թերեւս կարելի է բավարար համարել, բայց երկրի զարգացման, տարածաշրջանային զարգացումներից հետ չմնալու, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու, սոցիալական իրավիճակի նկատելի բարելավման հասնելու համար իշխանությունների եւ գործարար համայնքի կողմից բոլոր ջանքերը պետք է գործադրվեն առաջիկա տարիներին 4-5 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ արձանագրելու համար: |