RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2088, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՄԵՆ «Գ»-ՈՎ ՍԿՍՎՈՂ ԲԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՉԷ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին անգամ Գյումրի եմ գնացել մեկ տարի առաջ` ոչ գործի բերումով: Երեւանից Հայաստանի «իսկական մայրաքաղաք» ուղեւորվող միկրոավտոբուսի դիմացն էի նստել, վարորդի կողքին: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, վարորդը եւս սիրում էր խոսել, ինչպես յուրաքանչյուր գյումրեցի, վարորդը եւս սիրում էր` շատ խոսել: Այսպեսՙ հենց նրանից, նախքան Գյումրի հասնելս, ես տեղեկացա, որ Հայաստանի երկրորդ քաղաքը շարունակում է ոչ թե ապրել, այլ գոյատեւել, որ «աղետի գոտի» հասկացողությունը Գյումրիից չի վերացել, որ «գյումրեցիներն ապրում են վագոն տնակներում», որ «հումորը այլեւս գյումրեցիների հիշողությունն է, ոչ թե առօրյան», իսկ «առօրյան հոգսերն են, հացի փնտրտուքները...»: Հարցնում եմ` «Իսկ դուք Գյումրիո՞ւմ եք ապրում», պատասխանում է` «Իհարկե չէ, ընդեղ կյանք կա՞, որ ապրեմ, մեռածա սաղ»: Երկրորդ հարցն եմ տալիս` «Բա էս ամբողջը որտեղի՞ց գիտեք», ուշադիր նայում է ինձ ու գյումրվա բարբառով, ինչը ես երբեք չեմ կարողացել արտաբերել, ցավոք սրտի, պատասխանում. «Տղա, դու լուսնի՞ց ես իջել, դու թերթ, ինտերնետ կարդո՞ւմ ես, ռադիո լսո՞ւմ ես, տելեվիզոր նայո՞ւմ ես: Չե՞ս տեսնում ինչեր են գրում...»:

Այսպես հասանք Գյումրի: Միկրոավտոբուսից իջնելուն պես լսում եմ կայարանում հավաքված երիտասարդ գյումրեցիների խոսակցությունը. «Ծո, Էրեվանի «Գազել»-ն եկավ, երթանք տեսնինք բերե՞լ են թուղթը, որ էսօրից Գյումրին կհռչակվի մայրաքաղաք»: Հասկանում եմ, որ ճիշտ տեղում եմ, զգում եմ, որ այս քաղաքում հումոր կա... եւ Երեւանին խիստ պակասող քաղաքային կոլորիտ, որոնք ապահովում են Գյումրու հին շենք-շինությունները, նեղլիկ եւ սալահատակ` ֆայտոններ տարած փողոցները, որտեղ ժամանակին աջից-ձախից արհեստավորներ էին աշխատում, ապրում:

Հասնում եմ քաղաքի կենտրոնական հրապարակ` լրիվ նոր շինություններ, ինձ անձամբ ավելի շատ դուր են գալիս Գյումրու հին շենքերը: Բայց ճաշակին ընկեր չկա: Հասնում եմ վագոն-տնակներին, կան, բայց քիչ են, քիչ են մնացել... Գնում եմ նորակառույց թաղամասերը` կառուցված են, կիսակառույց են, այնքան էլ լավ կառուցված չեն, բայց ապրողներ կան եւ շատ, ավելի շատ, քան վագոն-տնակներում, այնտեղ թող մի քանի տասնյակ ընտանիքներ լինեն, անշուշտ, սարսափելի է, բայց ողջ Գյումրին չէ: Հասկանում եմ, որ այս մասին ես չեմ կարող բարձրաձայնել, քանի որ ինչ էլ անեմ չեմ կարող կոտրել` «Գյումրին ապրում է վագոն-տնակներում» «բացարձակ ճշմարտությունը»: Հասկանում եմ, որ գյումրեցիներից ոմանք, անգամ ոչ մեծամասնությունը, այսօր էլ ապրում է վագոն տնակներում: Մոտենում եմ այնտեղ ապրող տղա երեխաներից մեկին: Մի տասը-տասնմեկ տարեկան կլինի, հարցնում եմ` «Ո՞նց ես»: Անմիջապես հասկանում է, որ Երեւանից եմ (չգիտեմ ինչպես) ու մի պահ միայն նայելով ծաղկավոր վերնաշապիկիս, պատասխանում է ինձ. «Լավ եմ, ապ ջան, բայց սպասի տուն մտնիմ ջուր բերեմ մեջը կանգնի, որ վրիդ ծաղիկները չթոշնին»: Հասկանում եմ, որ Գյումրին ապրում է, անգամ վագոն-տնակներում, վատ, սարսափելի վատ, բայց ապրում է...

Անցած երեքշաբթի ես լրատվամիջոցներում կարդացի, որ «Գյումրիի լրագրողները որոշել են բոյկոտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Գյումրի` չլուսաբանելով այն»: Բացեցի լուրը եւ այնտեղից իմացա, որ Սերժ Սարգսյանի այցը` Գյումրի որոշել է բոյկոտել «Ասպարեզ» ակումբը, եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը միացել է այդ կոչին... միայն: Նրանք իրենց այս որոշումը հիմնավորել են հանգամանքով, թե` «Ս. Սարգսյանը չկարողացավ կատարել իր խոստումը ոչ միայն գյումրեցի անօթեւանների առաջ, այլեւ 2013 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ...»: Այսինքն Գյումրին շարունակում է «մնալ աղետի գոտի»: «ԳԱԼԱ»-ն, որպես իր բոյկոտի պատճառ էլի մի քանի հիմնավորումներ էր նշել, բայց այդ ամենն այնքան էլ կարեւոր չէ տվյալ պարագայում եւ առանձին խոսակցության թեմա է:

Ի դեպ, «ԳԱԼԱ»-ն եւս վաղուց արդեն հիմնականում կենտրոնացած է եւ աշխատում է ոչ թե Գյումրիում, այլ Երեւանում, ինչպես մեկ տարի առաջ ինձ Գյումրի տարած միկրոավտոբուսի գյումրեցի վարորդը, ով, հավանաբար հենց «ԳԱԼԱ»-ից էլ տեղեկանում է հայրենի քաղաքի անցուդարձի մասին:

...Իսկ Գյումրիում կան այլ լրատվամիջոցներ եւս, մի քանի լրագրողական կազմակերպութուններ, նրանցից ոչ մեկը չի հայտարարել, թե միանում է «ԳԱԼԱ»-ի նախաձեռնությանը: Չնայած, արդարության համար նկատենք, որ հեռուստաընկերության նախաձեռնությունը տեղին է, բայց կիսատ է. պետք է բոյկոտել, բայց ոչ միայն Սերժ Սարգսյաանին, այլեւ երկրի ողջ քաղաքական դաշտը, չնայած, ինչպես գյումրեցիները կասեին` «Ո՞ւր է քաղաքական դաշտ, օր...»:

Ամեն դեպքում ամեն «գ»-ով սկսվող բան դեռ Գյումրի չէ, այնպես ինչպես ամեն մեկն, ով մեզ հետ չէ, պարտադիր չէ, որ սրիկա լինի:

Հ. Գ. - Մնում է պարզել, թե ո՞րն է արդյունավետ միջոց` պայքարելու «չարիքի դեմ». այդ «չարիքի» մասին որեւէ տեղեկություն չտրամադրե՞լը, բոյկոտե՞լը նրա բոլոր գործողությունները, թե՞ մոտենալը, մանրամասն զննելը եւ նրա մասին անդադար լավը խոսողներին զուգահեռ այլընտրանքային եւ փաստարկված տեղեկատվություն տրամադրելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ