RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



UNESCO

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1724, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԼԱՎԱՇՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ

Նաիր ՅԱՆ

2014-ի նոյեմբերի 26-ին լավաշն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշը թվով 4-րդ մշակութային արժեքն էՙ ներկայացված Հայաստանի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկում 2008-ին ընդգրկել է դուդուկը, 2010-ինՙ խաչքարը եւ 2012-ինՙ «Սասնա ծռեր» էպոսը:

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները» վերնագրով հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվել է դեռ 2013-ի մարտին. այդ ընթացքում քննարկումներ են ծավալվել, աշխատանքներ տարվել մեր երկրի դիվանագիտական կառույցների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 24 անդամների հետ: Հանգամանորեն ներկայացվել են փորձագիտական եզրակացությունները, փաստարկները: Մեր փաստաթուղթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 5 չափորոշիչներին էլ համապատասխանել է: Նախապայմաններից մեկն այն է, որ տվյալ պետության կողմից ներկայացված ոչ նյութական մշակութային արժեքը պետք է գրանցված լինի իր իսկ պետական ցանկում: Հաջորդում են մյուս պայմանները. այն պետք է կենսունակ լինի, կենցաղում կիրառվող նաեւ այսօր, փոխանցված լինի սերնդեսերունդ եւ կենցաղային նշանակությունից բացի, բովանդակի նաեւ մշակութային գաղափար: «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները» հայտը պատրաստվել եւ մշակվել է 3 տարի: Աշխատել են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետները: Մեծ մասնակցություն է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը : Ազգագրագետ Ռուզան Ծատուրյանը նույնպես աշխատել է հայտի բովանդակային տեքստի վրա: «Այն, ինչ մերն է, հարազատ է մեզ, դժվար է օտարին ներկայացնել այնպես, որ նա լիարժեք պատկերացում կազմի, թե ինչի մասին է խոսքը: Մենք պարտավոր էինք պատմել լավաշի ամենաառանցքային առանձնահատկությունների մասին այնպես, որ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ որեւէ հարցական չմնար: Ինչո՞վ է առանձնանում լավաշը մյուս հացատեսակներից, բացի սննդի մաս կազմելուց, ազգային մշակույթի ի՞նչ տարրեր է պարունակում, կատարողական արվեստի ի՞նչ հատկանիշներ, ավանդական արհեստագործության ի՞նչ դրսեւորումներ, մշակութային եւ սոցիալական ի՞նչ գործառույթներ ունի: Այս հարցերին տվել ենք սպառիչ եւ համակողմանի պատասխաններ»,- նկատում է Ռուզաննան:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշում է, որ իրենց խնդիրն անխոցելի, բոլոր առումներով համոզիչ փաստաթուղթ ներկայացնելն էր, ինչը դրական գնահատվեց միջկառավարական կոմիտեի կողմից: Հայտն ընդունվել ու հաստատվել է այնպես, ինչպես ներկայացվել է կոմիտեինՙ առանց մի տառ կամ ստորակետ անգամ փոխելու: Ինչպես եւ սպասելի էր, մեր մշակույթի փշրանքներով գոյատեւող մեր հարեւանները մինչեւ վերջին շունչը պայքարել են հայտի ընդունման դեմ. ընդ որում պայքարել են «ռազմի երկու դաշտերում»: Բանն այն է, որ մեր երկիրը, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան վավերացրած մյուս պետությունները, պարտավոր է 4 տարին մեկ ազգային զեկույց ներկայացնել: Մեր այս տարվա զեկույցը խաչքարին ու դուդուկին է վերաբերել: Փաստաթղթում նշվել, որ դուդուկը գործածվում է ինչպես Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Արցախում: Իսկ խաչքարերի մասին տեղեկություններում ընդգծվել է, որ Նախիջեւանումՙ Հին Ջուղայում, ահռելի քանակությամբ հայկական խաչքարեր են ոչնչացվել: Ադրբեջանաթուրքական հիստերիան այստեղ գագաթնակետին է հասել: Բողոքի նոտաներ են հնչելՙ պահանջելով, որ Արցախ եւ Նախիջեւան տեղանունները հանվեն մեր ազգային զեկույցից: Սական ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի հիմք չի գտելՙ հայկական փաստաթուղթը փոփոխելու:

Ինչ վերաբերում է լավաշի հայտին, ադրբեջանաթուրքական ճակատըՙ իբր որպես բարի կամքի դրսեւորում, առաջարկել է բարեփոխել մեր հայտն ու այն ավելի «կատարյալ» դարձնելու համար որոշ կետեր ավելացնել: Օրինակՙ մեր «ձեռնահաս» հարեւաններն առաջարկել ենՙ այն նախադասությունը, որում ասվում է, թե լավաշի մշակույթը կրողը Հայաստանի եւ Սփյուռքի հայությունն է, փոխել ու ավելացնել նաեւ «այլ համայնքների բնակիչներ, էթնիկ խմբեր» արտահայտությունը: Երեխային էլ պարզ է, որ այդ արտահայտության տակ նրանք կարող են սահեցնելով անց կացնել նաեւ իրենցը: Մի հարցնող լինիՙ ինչո՞ւ եք ձեռքուոտք ընկել, գլխապատառ աջուձախ ընկել: Ոչ հեռավոր անցյալումՙ սովետի տարիներին, երբ «եղբայրական հանրապետություններ» էինք ու իրար սեղանից հաց էինք կիսում, դուք հրաժարվում էիք մեր լավաշիցՙ ասելով, թե լավաշ չեք ուտում, սովոր չեք, չեք կարող ծամել: Ավելացնում էիքՙ մարդ պիտի իր թխած հացն ուտի. լավաշը ձերն է, դուք էլ կերեք: Հիմա հանկարծ որոշել եք լավաշի տեր դառնալ: Ախր դո՜ւք ուր, լավա՜շն ուր: Լավաշ թխելու ծեսի ամեն շարժումը, անգամ թոնրաշուրթին նստելու ձեւը, լավաշը թխողի ընտանեկան կարգավիճակը, տարիքը, առաջին հացի խորհուրդը կհասկանա ու կիմանա նա, ով այդ ծեսը դարերի խորքից է բերել ու 21-րդ դար հասցրել:

Ադրբեջանցիները պահանջել են նաեւ, որ հեղինակային իրավունքի միջազգային կազմակերպությունում գրանցի, որ լավաշի հեղինակային իրավունքը Հայաստանինը չէ: Հանձնաժողովն այս պահանջը եւս անհեթեթ է համարել եւ չի ընդունել:

Հայտի հետ մեր պատվիրակությունը ներկայացրել է լավաշի մասին պատմող տեսաֆիլմ ու լուսանկարներ, Հայաստանից բերված լավաշ հյուրասիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստի մասնակիցներին: Նրանք կերել են ու չեն զղջացել, որ լավաշն ընդգրկել են ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկումՙ որպես հայկական ազգային մշակութային արժեք եւ համամարդկային ձեռքբերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ