ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ԱՆՈՒՆԸ ՄՈՒՀԱՄՄԵԴՆ Է Պ. Ք. Երեխաներին վերաբերող BabyCentre կայքէջը ամեն տարի կազմում է Մեծ Բրիտանիայի նորածինների ամենատարածված անունների ցանկը: Դրա արդյունքների հիման վրա կարելի է դատել, թե ինչպես է փոփոխվում երկրի ազգային կազմը կամ տվյալ տարում էստրադայի որ աստղերն են գնահատվել ծնողների շրջանում: 2014 թ. նորածինների մեջ առաջին տեղում եղել է Մուհամմեդ անունը, մինչդեռ 2013 թ. այն 27-րդ տեղում էր: Երկրորդ տեղում Օլիվեր անունն է, որն անցյալ տարի առաջատար էր նորածին տղաների անունների մեջ: Երրորդ տեղում Ջեկն է, որն անցյալ տարի երկրորդն էր: Բացի դրանից, առավել յուրօրինակ արական անուններից են Փրինսը, Քինգը եւ Յունիորը: Իգական անունների մեջ այս տարի առաջատար է Սոֆիան, որն անցյալ տարի երրորդ տեղում էր: Ինչպես 2013 թ., այժմ եւս երկրորդ տեղում է Էմիլին: Երրորդ տեղում է Լիլուն. անցյալ տարի դա Օլիվիան էր: BabyCentre-ի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոն նշում է, որ տարեցտարի ցանկում հայտնվում են ավելի մեծ թվով արաբական անուններ, իսկ այս տարի զգալի տոկոս են կազմում նաեւ հնդկականները: Նման պայմաններում Հարրին, Ուիլյամը եւ մյուս ժողովրդական անունները սկսել են հայտնվել ցանկի վերջնամասում, նշում է «Դեյլի մեյլ» թերթը: 2006 թ. Մուհամմեդ անունը Միացյալ Թագավորությունում տարածվածությամբ երկրորդն էր նորածինների անունների մեջ: |