ՄԵԾԱՀՄՈՒՏ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐ ԵՎ ՄԵՐԿԱՑՎԱԾ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ» Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Արեւելագերմանական Հալլե քաղաքի «Մորիցբուրգ» թանգարանում բացվել է արտասովոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են կեղծվածքներՙ գեղանկարներ, քանդակներ, գծանկարներ եւ թղթադրամներ: Կեղծված իրերի ցուցադրանքի գլխավոր «հերոսներն» են Օտտո Վաքերը, Հանս վան Մեեգերենը եւ Վոլֆգանգ Բելտրակկինՙ երեք ինքնօրինակ խոշոր կեղծարարներ: Նրանց օրինակով «Մորիցբուրգ» թանգարանը փորձում է վերլուծել կեղծարարության երեւույթը, կեղծվածքի ստեղծման եւ «օրինականացման» մեխանիզմը: Կեղծվածքի ժանրը չունի ժամանակային եւ ոճաբանական սահմաններ: Սակայն այստեղ եւս առկա են որոշակի կանոններ: Դրանցից առաջինը եւ գլխավորը այն է, որ պահանջարկն է ծնում առաջարկ: Այսինքն կեղծվում է տվյալ պահին շուկայում պահանջվող ապրանքը: Երկրորդ կանոն. կեղծված իրեր պատրաստելիս վարպետը հաշվի է առնում հավանական գնորդի ճաշակը: Հենց այդ պատճառով կեղծվածքները, ի տարբերություն գլուխգործոցների, հնանում են: Փոքր-ինչ չափազանցնելով կարելի է ասել, որ արվեստի ոլորտում գործող խաբեբան կեղծում է ոչ այնքան անցյալի մեծ վարպետին, որքան նրա վերաբերյալ վճարունակ հանրության արդիական պատկերացումը: Ինչ վերաբերում է երրորդ կանոնին կամ ընդհանրական գծին, դա խարդախ վարպետների հոգեբանական տիպն է. նրանք գրեթե միշտ ձիրքաշատ մարդիկ են եւ հաճախ սերում են ստեղծագործող ընտանիքներից: Ռուսական հավաքածուի Վան Գոգ Օտտո Վաքերը (1898-1970) նկարչի որդի էր եւ ոսկերչի թոռ: Փորձել է զբաղվել տարբեր (այդ թվում պարողի) մասնագիտություններով, իսկ 1925 թ. սկսել է կեղծվածքներ ստեղծել Վինսենթ Վան Գոգի ոճով: Այսօր զգացվում են դրանց խամրածությունը եւ ակնհայտ նմանակվածությունը: Սակայն ժամանակին Վաքերը կարողացել է ոչ միայն խաբել գնորդներին, այլեւ շփոթության մեջ գցել փորձագետներին: Նրա մերկացման առաջին քայլը դարձավ հետեւյալ կասկածելի միջադեպը: Վաքերի պնդման համաձայն, երկու տասնյակ նկարներ ծագում էին ինչ-որ «մասնավոր ռուսական հավաքածուից»: Սակայն դեռ 1920-ականների վերջերին Վան Գոգի զարմիկը, որին նույնպես անվանում էին Վինսենթ Վան Գոգ, հայտարարել էր, որ իրեն հայտնի չէ հորեղբոր նկարների Ռուսաստան տարվելու որեւէ փաստ: Խաբեբային վերջնականապես մերկացրին փորձագետներըՙ անցկացնելով օգտագործված ներկերի քիմիական տարրալուծություն: Ի դեպ, դրանից հետո այդ մեթոդը լայն տարածում գտավ մի շարք խոշոր թանգարանների փորձագետների շրջանում: Գյորինգին խաբած մարդը «Մորիցբուրգի» ցուցահանդեսը «իսկական Մեեգերեն» տեսնելու եզակի հնարավորություն է ընձեռում: Այդ առասպելական կեղծարարը 1930-1940-ական թթ. գերմանական եւ հոլանդական դպրոցների «հին վարպետների գործերի» հիրավի զանգվածային արտադրություն կազմակերպեց: Վան Մեեգերենը կեղծարարությունը հասցրել էր կատարելության. նա օգտագործում էր նույն ներկերը, ինչ Վերմեեր Դելֆտացին կամ Պիտեր դե Հոխը, որոնց ստեղծագործությունների կեղծումով ինքը հռչակավոր դարձավ: Մեծ մասամբ նա օգտագործում էր նաեւ այդ վարպետների ժամանակաշրջանի կտավներ, որոնց վրայից քերում-հանում էր սակավարժեք պատկերները, նշում է «Դոյչե վելլե» ռադիոկայանը: Վան Մեեգերենի կենսագրության ամենափայլուն էջը «Քրիստոսը եւ դատավորները» գեղանկարի վաճառքն է ռայխսկանցլեր Հերման Գյորինգին: Թեեւ նկարիչը իր հանցակից նկարավաճառին խստիվ արգելել էր կեղծվածքներ վաճառել նացիստներին, վերջինս չէր դիմացել գործարքից խոշոր շահույթ ստանալու գայթակղությանը: Պատերազմից հետո Վան Մեեգերենին ձերբակալեցին հենց այն մեղադրանքով, որ ազգային ունեցվածք է վաճառել թշնամուն: Նա ստիպված խոստովանեց, որ զբաղվել է կեղծարարությամբ, որի համար իրեն սպառնում էին բանտարկության ավելի կարճ ժամկետ եւ ավելի փոքր խայտառակություն: Իր ասածն ապացուցելու նպատակով բանտում ստեղծեց եւս մեկ «Վերմեեր». այդպես ի հայտ եկավ «Տաճարում աղոթող երիտասարդ Քրիստոսը» գեղանկարը: Կեղծվածք եւ նմանակում Անշուշտ, կեղծվածք հանդիսանում են հին արվեստի ոչ բոլոր պատճենումներն ու նմանակումները: «Կեղծվածքը առհասարակ ոչ թե արվեստաբանական, այլ իրավաբանական եզրույթ է», ընդգծում է «Մորիցբուրգի» ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլլի Վայսվայլերը: Վերջին հաշվով Վան Մեեգերենի կտավները եւս ունեն անվիճելի գեղագիտական արժանիքներ: Նույնը կարելի է ասել նաեւ մուրանյան հնօրյա ապակեղենի կամ «հին հռոմեական» ոճի բրոնզե քանդակների ճարտար նմանակումների մասին: Որոշ ստեղծագործություններ (մասնավորապես, փորձագիտական շրջանակներում որպես «իսպանացի անհայտ վարպետի գործեր» կոչվողները) զուտ գեղարվեստական առումով միանգամայն կարող են մրցել հնօրյա իրերի հետ: Դա վերաբերում է, օրինակ, օդեսացի ոսկերիչ Իզրայիլ Ռուխոմովսկու խույրին, որն իբր պատկանել է սկյութ տիրակալ Սայտաֆեռնին: 1896 թ. Լուվրի թանգարանը տվյալ խույրը ձեռք բերեց այն ժամանակվա համար հսկայական գումարովՙ 200 հազար ֆրանկով: Կեղծիքի բացահայտումից հետո Ռուխոմովսկին Փարիզում սկսեց աշխատել արդեն որպես ինքնօրինակ ոսկերիչ: Ցուցադրության կազմակերպիչների խոսքերով, նախագծի նպատակն է ոչ միայն ցուցադրել հետաքրքրաշարժ իրեր, այլեւ տեսականորեն իմաստավորել կեղծարարության խնդիրը, որն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում եւ մարտահրավերի երանգ ստանում: Այդ նպատակով ցուցահանդեսի շրջանակներում արդեն անցկացվել է քննարկում, որին մասնակցել են թանգարանային գործի փորձագետներ: Ընդհանուր հետեւությունն այս է. կեղծվածքների հեղեղից շուկան հնարավոր է փրկել միայն անկախ լաբորատորիաների, արվեստաբանների, թանգարանների աշխատակիցների, հին իրերի եւ արվեստի գործերի հայտնի առեւտրականների միջճյուղային սերտ համագործակցությամբ: Սակայն փորձագետները կասկած չունեն, որ քանի դեռ գոյություն ունի պահանջարկ, կլինի նաեւ առաջարկ: |